Միասին կարող ենք
կարևոր
328 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-03 15:26
Աշխարհ

Թուրքիան այս շաբաթ (30.03.26-03.04.26)

Թուրքիան այս շաբաթ (30.03.26-03.04.26)

Ներքաղաքական- Էրդողան․«Մեր երկրում հեղաշրջումների և խունտաների մասնագետը Ժողովրդահանրապետական կուսակցությունն է»

Թուրքիայի Հանրապետության նախագահ և Արդարություն ու զարգացում կուսակցության (Adalet ve Kalkınma Partisi /AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կուսակցության ժողովին քննադատել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (Cumhuriyet Halk Partisi /CHP)։ Այդ թեմայով նա մասնավորապես նշել է․ «Մեր կուսակցությունը մեծ պատասխանատվություն է ստանձնել․ մեր երկիրը պաշտպանել տարածաշրջանում բռնկված հրդեհից։ Մեր ժողովուրդը տեսնում է գլխավոր ընդդիմադիր կուսակցության մակարդակը։ Դուք չե՛ք կարող խաբել այս ժողովրդին։ Իմ քաղաքացիները հետևում ու նկատում են, որ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը Ռամադանի տոնին անգամ դադար չտալով՝ վերջին օրերին, ինչպես հարկն է, չափերն անցել է և շարունակել իր ագրեսիվ հայտարարությունները։ Մենք աչք չենք փակելու այն փաստի վրա, որ այս զգայուն ժամանաշրջանում, որի մեջ գտնվում ենք, այդ կուսակցությունը թունավորում է քաղաքական լեզուն ցասումի, ատելության, հակամարտության և վիճաբանության խոսույթով։ Ոչ ոք, այդ թվում գլխավոր ընդդիմադիր ուժի գլխին կանգնած անձը, չպետք է իրավունք ու հանդգնություն ունենա իր լեզուն երկարացնել այս երկրի նախագահի և իշխանության գլխին կանգնած կուսակցության հասցեին։ Հենց Ժողովրդահանրապետական կուսակցությունն է այս երկրում հեղաշրջումների և խունտաների մասնագետը։ Թուրքիայի քաղաքական եզրերի բառարանում «հեղաշրջում անող» և «խունտայի պարագլուխ» արտահայտությունների դիմաց գրվում է՝ «Ժողովրդահանրապետական կուսակցություն»։ Հեղաշրջումներ անելը այս կուսակցության բնույթն է, ոգին և ինքնությունը։ 2002 թ․ նոյեմբերի 3-ից ի վեր Թուրքիան սադրանքների թիրախ դարձնելու գործում եղել է Ժողովրդահանրապետական կուսակցության մատնահետքը»։

Միջազգային– Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ․«Իսրայելը ձգտում է քրդերին ներգրավել տարածաշրջանային հակամարտության մեջ» 

Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը ուշադրություն է հրավիրել Իսրայելի՝ Մերձավոր Արևելքում վարած ագրեսիվ քաղաքականության վրա և մատնանշել այդ երկրի՝ քրդական խմբերին ուղղված քայլերը։ «Մենք տեսնում ենք, որ Իսրայելը աշխատում է այս պատերազմի մեջ ներքաշել մեր քուրդ եղբայրներին»,- մասնավորապես նշել է Չելիքը։ Նա նաև հավելել է․ «Տեղյակ ենք, որ մեր քուրդ եղբայրները մի շարք շփումներ են ունեցել այդ երկրի հետ։ Դրա մասին իմացել ենք մեր հետախուզության միջոցով, բացի այդ՝ նման լուրերի մի մասն արդեն իսկ հրապարակվել է։ Օրինակ՝ այնտեղի որոշ կազմակերպությունների ներկայացուցիչներ հայտարարություններ են արել այն մասին, որ իրենք շփումներ և համագործակցություն են ունեցել։ Ինչպես նախկինում էլ եմ նշել, այստեղ ևս ուզում եմ ընդգծել, որ որոշ բաներ հարկ է միմյանցից զանազանել։ Մենք միշտ արժևորել ենք թե՛ Իրաքի, թե՛ Սիրիայի և թե՛ Իրանի մեր քուրդ եղբայրների բարօրությունը, անվտանգությունն ու պատվաբեր ապագան․ Թուրքիայի Հանրապետությունը դժվարին ժամանակներում մշտապես աջակցել է իր քուրդ եղբարներին։ Իրանի և Իրաքի մեր քուրդ եղբայրները չափազանց ողջամիտ վարվեցին․ հայտնեցին, որ չեն դառնալու այս պատերազմի մի մասնիկը»։

Տնտեսական- Թուրքիայում գազի, էլեկտրաէներգիայի և հացի գների թանկացումներ են սպասվում

Նավթի համաշխարհային գների ավելացման ֆոնին, Թուրքիայում կթանկանան էլեկտրաէներգիան, գազը և հացը։ Մասնավորապես ապրիլի 4-ից սպասվում է, որ էլեկտրաէներգիայի և գազի գները կբարձրանան 20-25 տոկոսով։ Եթե էլեկտրաէներգիայի և գազի թանկացումը սպասվում է վաղվանից, ապա հացի գներն արդեն իսկ բարձրացել են ապրիլի 1-ից։ Այդ ամսաթվից ի վեր 200 գ հացն այստեղ վաճառվում է 17․5 լիրայով։ Հացը թանկացել է հատկապես Թուրքիայի այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսիք են Անկարան, Ստամբուլը և Իզմիրը։

Հասարակական-Իզմիրում 2 տարեկան երեխա է դանակահարվել

Իզմիր նահանգի մի մանկական այգում սարսափելի դեպք է արձանագրվել․ Իզմիրի Քարաբաղլար գավառի մի մանկական այգում հոգեկան խնդիրներ ունեցող ոմն Ա․ Բ․-ն դանակահարել է այստեղ խաղացող 2 տարեկան երեխային։ Վերջինիս շտապ հիվանդանոց են տեղափոխել։ Հրապարակման մեջ նշվում է, որ երեխայի վիճակը լավ է գնահատվում, իսկ դեպքի վայրից փախուստի դիմած կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից։

Մշակութային- Մազի հյուսքը՝ Քրդական ֆիլմերի փառատոնի խորհրդանիշ

2026 թ․ ապրիլի 17-19-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի կունենա Քրդական ֆիլմերի 3-րդ փառատոնը, որի շրջանակներում կցուցադրվեն 3 լիամետրաժ, 8 փաստավավերագրական և 17 կարճամետրած ֆիլմեր։ Միջոցառման նախապատրաստական աշխատանքների կոմիտեի անդամ Սերհաթ Հուլաքուն նշել է, որ փառատոնը տեղի կունենա այնպիսի ժամանակաշրջանում, երբ Ռոժավայի դեմ հարձակումները շարունակվում են, որի համար էլ այն կմեկնարկի Ռոժավայի արտադրություն հանդիսացող «Հեվալ Բիրաքո» ֆիլմով։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաև «Ռոժավան մեր պատիվն է» կարճամետրաժ ֆիլմը և «Հեմո» փաստավավերագրական ֆիլմը։ Փառատոնի լոգոյում պատկերված մազի հյուսքը խորհրդանշում է այն կին մարտիկին, որի մազերը կտրել էին Ռոժավայի հարձակումների ժամանակ։ Փառատոնի շրջանակներում ցուցադրվելիք ֆիլմերը նվիրված են Ռոժավայի դեպքերին, քրդերենի կիրառման արգելքներին, Թուրքիայում քրդերի դրությանը, հարկադիր գաղթերին և քրդերեն երգերի կատարման սահմանափակումներին նվիրված թեմաների։

Պատրաստեց Մելինե Անումյանը

www.akunq.net