կարևոր
562 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-21 20:43
Հասարակություն Իրավական Քաղաքական

Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ․ իրավապաշտպան

Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ․ իրավապաշտպան

Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում։ Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Նիկոլ Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ։ Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, իսկ ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ։

Այս ձեռագիրը, Հայաստանի դեպքում, արդեն ծանոթ է։ Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն։

Ընդհակառակը՝ երբ գործադիր իշխանության ղեկավարը քաղաքական ազդակներ է տալիս, իսկ դրանց հետևում են իրավապահ գործողություններ, վտանգվում է հենց այն սահմանը, որը ժողովրդավարական պետությունում պետք է բաժանի քաղաքական իշխանությունն ու իրավապահ համակարգը։

Եվ նույնիսկ եթե ընդունենք, որ ընտրակաշառքի հնարավոր դեպքի վերաբերյալ կան քննության արժանի տեղեկություններ, դա դեռ չի պատասխանում ամենակարևոր հարցին. ինչո՞ւ ընտրություններից մի քանի օր առաջ անհրաժեշտ էր ընդդիմադիր թեկնածուին ազատությունից զրկել։

Մեղադրանքը մեղավորություն չէ։ Որտե՞ղ է անմեղության կանխավարկածը։ Որտե՞ղ է անձնական ազատության իրավունքը։ Եվ ի՞նչն էր խանգարում քննությունն իրականացնել այնպիսի միջոցներով, որոնք թեկնածուին փաստացի չէին հեռացնի ընտրական պայքարից։

Սա հատկապես ծանր հարց է ընտրությունների ժամանակ, երբ պետության ցանկացած հարկադրանք կարող է ուղղակի ազդեցություն ունենալ քաղաքական մրցակցության պայմանների վրա։

Ժողովրդավարությունը վարչապետի ֆեյսբուքյան հայտարարությունը չէ։ Ժողովրդավարությունը նաև ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը չէ։

Ժողովրդավարությունը իշխանության սահմանափակումն է օրենքով և քաղաքական հակառակորդի իրավունքը՝ ազատորեն մրցելու իշխանության հետ։

Նիկոլ Փաշինյանը չի կարող անվերջ խոսել ժողովրդավարությունից՝ ամեն անգամ քաղաքական մարտահրավերի հանդիպելիս փորձության ենթարկելով հենց դրա հիմնարար սկզբունքները։

Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ»,-գրել է իրավապաշտպանը։