Միասին կարող ենք
կարևոր
1087 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-24 22:05
Հասարակություն Քաղաքական

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է. 

«Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի։

Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն թույլ է տալիս բացահայտ միջամտել մեր երկրի ներքին գործերին և պահանջել պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիներին՝ Ջահերով երթի ժամանակ տեղի ունեցած ակցիայի համար։

Հասկանալի է, որ Բաքվի երազանքների կառավարիչն այժմ ՀՀ-ում իշխանության է և թշնամու հետ զուգահեռ դատապարտում է սեփական երկրում անցկացվող ազգային ակցիաները։ Բայց անգամ այս պայմաններում սանձարձակությունն ու լկտիությունը պետք է չափ ունենան։

Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ աղետալի մակարդակում է գտնվում Հայաստանի ինքնիշխանությունը, երբ հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին։ Սա ուղղակի ապացույցն է այն բանի, որ Բաքուն Հայաստանն այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ։

Հասկանալի է, որ Ադրբեջանի համար Ցեղասպանության ցանկացած հիշատակում տրավմատիկ է, քանի որ այն հայելու պես հիշեցնում է իրենց իսկ նմանատիպ հանցանքները։ Սակայն Թուրքիայի հետ այն աստիճան նույնանալը, որ ստանձնեն նաև Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունը՝ պահանջելով պատժել ոգեկոչման ակցիայի մասնակիցներին, չափազանց է անգամ Ադրբեջանի նման պետության համար։

Սա այլևս միայն դրոշի հարց չէ։ Սա հարց է այն մասին, թե ով է որոշում մեր երկրում՝ ինչն է թույլատրելի և ինչը՝ ոչ։

Բայց Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, ոչ երբեք մեր ժողովրդի և ազգային ուժերի»: