կարևոր
742 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-17 20:09
Քաղաքական

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում՝ կապված նրա կալանքի հետ. փաստաբան

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում՝ կապված նրա կալանքի հետ. փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. 

«Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ քրեական գործի որոշ մանրամասներին մեր հանրությունը ծանոթ է: Յուրաքանչյուր ոք, ում այդ ամենը կարող է հետաքրքիր լինել, արդեն իսկ գիտի, որ Դավիթ Համբարձումյանին դատապարտել են 4 անձի հակասական, որոշ դեպքերում՝ զավեշտալի ցուցմունքների հիման վրա, ընդ որում՝ բոլորը դատարանում փոխել են ցուցմունքները, ոմանք նաև՝ նախաքննության փուլում:

Սրան պետք է այս պահին ավելացնել, որ դեպքին ականատես 5 ոստիկանները, որոնցից մեկը ներկայումս՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալներից մեկն է, որևէ ապօրինի արարք Դավիթ Համբարձումյանի վարքագծում դեպքի օրը չեն նկատել: Փաստորեն մեր դատարանի համար, ինչպես գողական աշխարհի ներկայացուցիչների համար՝ ՙմիլիցու խոսքը ասնավանի չի՚ բանտային սկզբունքը ևս ուժի մեջ է:

Բոլորը նաև քաջատեղյակ են, որ Դավիթ Համբարձումյանին դիտմամբ դատապարտել են 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, որպեսզի նրա վրա չտարածվի 2018թ. Համաներման ակտը /մինչև 6 տարի ժամկետով դատապարտվելու դեպքում նա ենթակա էր պատժից ազատման/:

Այն որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ իրականացվում է բացահայտ և ցինիկ քաղաքական հետապնդում ցանկացած ողջամիտ մարդու մոտ չի կարող որևէ կասկած առաջացնել:

Եվ այս ամենի համատեքստում Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում, կապված նրա կալանքի հետ:

Հիշեցնեմ, որ Դավիթի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվել է 2025 թվականի հոկտեմբերի 23-ին հրապարակված դատավճռով: Այսինքն՝ կալանքը կիրառվել է ոչ թե առանձին որոշմամբ, այլ ներառվել է դատավճռի եզրափակիչ մասում: Ինչպես քաջ հայտնի է, դատավճիռը ուժի մեջ է մտնում այն կողմերին տրամադրելու պահից մեկամսյա ժամկետում, սակայն դա չի վերաբերում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցին՝ այդ դրույթը ուժի մեջ է մտնում դատավճռի հրապարակման պահից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 349 հոդվածի 5-րդ մասի 1-ին կետին համահունչ, պետք է հստակ հասկանալ, որ կալանքի վերաբերյալ որոշումը, որը տվյալ դեպքում ներառվել է դատավճռի մեջ, ենթակա է բողոքարկման ինչպես առանձին ակտի տեսքով կայացված նմանատիպ որոշումը:

Դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 24-ին իմ կողմից ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին բողոքարկվել է Դավիթ Համբարձումյանին կալանավորելու որոշումը:

Ըստ օրենքի՝ առաջին ատյանի դատարանը 5-օրյա ժամկետում կալանավորման նյութերը պետք է ուղարկեր վերաքննիչ դատարան, վերջինս էլ 10-օրյա ժամկետում պետք է որոշում կայացներ:
Կամ էլ, եթե վերաքննիչ դատարանը գտներ, որ վերը նշված դատողությունը սխալ է և կալանքը այս դեպքում առանձին չի կարող բողոքարկվել, այլ պետք է բողոքարկվի ամբողջ դատավճռի հետ միասին, ապա պետք է 5-օրյա ժամկետում կայացներ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում:

Ինչպես արդեն պարզ է, ոչ մեկը, ոչ մյուսը տեղի չեն ունեցել՝ առհասարակ ոչինչ չի կատարվել:
Իմ ներկայացրած վերաքննիչ բողոքը 54 օրվա ընթացքում չի քննարկվել և առանց քննության ևս չի թողնվել: Այսինքն՝ Դավիթ Համբարձումյանը զրկվել է իրեն կալանավորելու մասին որոշումը վերադաս դատական ատյանին բողոքարկելու և այդ բողոքը քննարկված լինելու հիմնարար իրավունքից:

Հ.Գ. Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է իմ կողմից 03.12. 2025թ., սակայն արդեն 14-րդ օրն է, որևէ տեղեկություն դատական իշխանության տեղեկատվական կայքում՝ www.datalex.am, այդ մասին առկա չէ, մինչդեռ ըստ օրենքի՝ արդեն առնվազն 8-9 օր քրեական գործը պետք է լիներ վերաքննիչ դատարանում և առաջնահերթության կարգով պետք է քննարկվեր խափանման միջոցի հարցը»: