Փոխարժեքներ
05 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՌԴ արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 4-ի հայտարարությունը, որը վերաբերում էր հարձակման հետևանքով խոցված «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ինքնաթիռի վթարին առնչվող ապահովագրական վճարումների հարցին, ոչ միայն զարմանալի է, այլև մոլորեցնող է հանրության համար։ Դրա մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«AZAL-ին և ուղևորներին Ռուսաստանում գրանցված ապահովագրական ընկերության կատարած ապահովագրական վճարումները և ինքնաթիռի խոցմանն առնչվող մեր երկրի կողմից Ռուսաստանի կառավարությունից պահանջվող փոխհատուցման հարցը բոլորովին տարբեր թեմաներ են։
Այս ընկերության նշած ապահովագրական վճարումների կազմակերպման գործընթացը շարունակվում է մոտ վեց ամիս։ Ընդհանուր առմամբ, այդ վճարումները կատարվում են բացառապես AZAL ապահովագրական պայմանագրի շրջանակում և ինքնաթիռի և ուղևորների ապահովագրությունից բխող պարտավորությունների կատարումն են։ Ինչ վերաբերում է այն փաստին, որ վճարումները կատարում է ռուսական ապահովագրական ընկերությունը, նշում ենք, որ ինքնաթիռները սովորաբար ապահովագրվում են համապատասխան միջազգային ապահովագրական ընկերությունների միջոցով։ Սակայն, հաշվի առնելով, որ Ռուսաստանում միջազգային ապահովագրական ընկերություններ չեն գործում, AZAL ինքնաթիռը ապահովագրվել է ռուսական ընկերության միջոցով։
Այսպիսով, ապահովագրական վճարումները Ադրբեջանի կողմից Ռուսաստանի կառավարության դեմ ներկայացված փոխհատուցման պահանջին հավասարեցնելու փորձերը կոռեկտ չեն։
Բացի դրանից, սխալ է նաև Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի դիրքորոշումը, որը հայտարարել էր, թե այս տարվա հուլիսին Ադրբեջանում 13 ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունը, ենթադրաբար, ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառն է և որպես հարաբերությունների բարելավման պայման առաջ քաշել է նրանց ազատ արձակումը։
Հայտնի է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը պայմանավորված է հարձակման հետևանքով խոցված AZAL ինքնաթիռի կործանմամբ և դրան հաջորդած ռուսաստանցի պաշտոնյաների վարքագծով։ Լարվածության լրացուցիչ աղբյուր էին Ռուսաստանում էթնիկ պատկանելության հիման վրա ադրբեջանցիների հետապնդումները, Եկատերինբուրգում ադրբեջանցիների ծեծն ու սպանությունը։ Բացի դրանից, Ռուսաստանի տարբեր պետական մարմինների՝ Ադրբեջանի դեմ ուղղված գործունեությունը ևս երկկողմ հարաբերությունների վրա բացասաբար ազդող գործոն է»,- նշել են Բաքվում։