կարևոր
2425 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-12 11:56
Քաղաքական

Ադրբեջանը նոր բանակցությունների նախօրեին ուժ է կիրառում, որ Հայաստանից զիջումներ կորզի․ Արթուր Խաչատրյան

Ադրբեջանը նոր բանակցությունների նախօրեին ուժ է կիրառում, որ Հայաստանից զիջումներ կորզի․ Արթուր Խաչատրյան

Կառավարության նիստերը վաղուց արդեն դադարել են նիստեր լինելուց, վաղուց արդեն այդ «նիստերը» որոշումներ կայացնելու համար չեն։ Կառավարության հավաքները վաղուց արդեն վերածվել են բեմականության, որտեղ գլխավոր հերոսը քաղաքական ելույթներ է ունենում, հպարտանում չեղած ձեռքբերումներով, իրողությանը չհամապատասխանող պնդումներ անում և ժողովրդին նախապատրաստում է նոր կապիտուլյացիայի, գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Դատեք ինքներդ։ Մայիսի 11-ի նիստի օրակարգում 49 հարց էր ներառված։ 49 հարցից ընդամենը 3 հարց էր զեկուցվել, ընդամենը 6%-ը։ Այսինքն՝ կառավարության անդամները նույնիսկ չանդրադարձան հարցերի 94%-ին։ 3 հարցի համար իմաստ ունե՞ր հավաքվել։

Հավաքվեցին, որ ոչ թե որոշումներ ընդունեին, այլ որ Փաշինյանը հերթական ապատեղեկատվությունը տարածեր։ Եթե այդ ապատեղեկատվությունը հանրայնացնելու կարիքը չլիներ, կարող է ընդհանրապես որևէ հարց չքննարկեին։ Ինչևէ․․․ Փաշինյանը պնդում է, որ ադրբեջանական սադրանքները «նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգթոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում0187։ Դե իսկ հիմա փորձենք հասկանալ, թե այդ ի՜նչ առաջընթաց էր Վաշինգտոնում արձանագրվել։ Ըստ մայիսի 4-ին ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության․ «երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց»։ Փոխըմբռնում չի եղել, որոշ հոդվածների շուրջ փոխըմբռնման առաջընթաց է եղել․․․ Դե, մի փոքր առաջ են գնացել, բաց փոխըմբռնման չեն հասել։ Ով դիվանագիտական լեզվին գոնե մի քիչ ծանոթ է, կհասկանա, որ բանակցությունները լիովին ձախողվել էին։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ավելի անկեղծ էր, բառացիորեն ասել էր․ «Ադրբեջանի հետ բանակցություններում ամենակարևոր հարցերի շուրջ չկա առաջընթաց»։ Իսկ, ամենակարևոր հարցերն են «ՀՀ սուվերեն տարածքի՝ 29.800 քմ արձանագրումը, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի, ինչպես նաև միջազգային երաշխիքների ստեղծումը»։ Ավելի պարզ, Ադրբեջանը նույնիսկ Հայկական ԽՍՀ 29,800 քառակուսի կիլոմետրը չի ընդունում։ Բա էլ ի՞նչ առաջընթաց: Ի դեպ, առաջընթացի մասին հենց Բայրամովն էր խոսել։ Բա ինչո՞ւ պիտի Ադրբեջանը փորձեր խափաներ այն բանակցությունները, որտեղ ինքն էր հաջողել․․․

Ակնհայտ է, որ Փաշինյանը հերթական անգամ բլեֆ է անում։ Ադրբեջանը նոր բանակցությունների նախօրեին ուժ է կիրառում, որ Հայաստանից զիջումներ կորզի։ Փաշինյանը, փոխարենը, դարձյալ խոսում է «խաղաղության դարաշրջանի» և «խաղաղության պայմանագիր» ստորագրելու մտադրության մասին։ Եվ նույն օրը Հ1-ով խոսում է հայկական պարտվողականության հայր Ժիրայր Լիպարիտյանը և գուժում է, որ այլ ճար չունենք, քան տալ այն ինչ ուզում են, այլապես զենքով կխլեն շատ ավելին։ Պատահականություններ չեն լինում․․․»։