Փոխարժեքներ
04 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Կովկասյան հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վաշինգտոնյան փաստաթղթերին, թե ինչ մտահոգություններ ունի Իրանը, և արդյո՞ք Իրանի նախագահի այցը Հայաստան փարատել է այդ մտահոգությունները, վստահեցրել է.
«Իրանն ու Հայաստանը բնական հարևաններ են։ Բնականաբար, եթե Հայաստանի անվտանգային հարցերի հետ կապված մտահոգություններ, խնդիրներ լինեն, ապա Իրանը կարող է երաշխավորություն տալ այդ առումով։ Այդ ամեն ինչն Իրանի վրա էլ է ազդում, Իրանը պատրաստ է երաշխավորություններ տալ անվտանգային հարցերում: Սյունիքն Իրանի համար շարունակում է մնալ կարմիր գիծ, և եթե ԱՄՆ-ը փորձի ավելորդ քայլեր անել, բնականաբար, Իրանից պատասխան կստանա»:
Թե ինչ ասել է՝ Իրանը պատրաստ է երաշխավորություններ տալ Հայաստանին անվտանգային հարցերում, 168.am-ը փորձել է պարզել Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ զրույցում:
– «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Իրանի կարմիր գծերն, իրոք, մնացել են անփոփոխ, և դա վերաբերում է ոչ միայն արտաքին ուժերի ներգրավվածության հարցին, այլև ընդհանրապես այդ միջանցք կոչվածն իր ամբողջությամբ Իրանի համար շարունակում է մնալ անընդունելի, ինչի մասին վկայում են Իրանից հնչող հայտարարությունները:
Պաշտոնական Թեհրանը պարզորոշ հասկացնել է տալիս, որ Հայաստանի տարածքում ոչ մի միջանցք չի կարող ստեղծվել, ընդ որում՝ նաև հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակներում։ Բացի դրանից, Սյունիքի մարզով անցնող հաղորդակցության որևէ ուղու վրա ամերիկյան հնարավոր ներկայությունն Իրանի համար բացարձակ անընդունելի է։ Այս կապակցությամբ Իրանն իր մտահոգությունները բաց տեքստով արտահայտել է Հայաստանի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում կայացած տարբեր մակարդակների պաշտոնական շփումների ընթացքում։ Իսկ ինչ վերաբերում է իրանցի փորձագետի հայտարարությանը, ապա կարծում եմ՝ ակնարկը շատ հստակ է. Իրանն ու Հայաստանը գտնվում են նույն անվտանգային դաշտում։ Մեկին սպառնացող մարտահրավերներն ուղղակիորեն ազդում են մյուսի անվտանգային մթնոլորտի վրա։ Այդ համատեքստում Սյունիքը բացառիկ կարևորություն և նշանակություն ունի Իրանի համար, խոսքն ուղղակի վերաբերում է Սյունիքի մարզում Հայաստանի ինքնիշխանության խնդրին, որը չափազանց կարևոր նշանակություն ունի Իրանի համար։
– Իրան-Ադրբեջան հարաբերությունները կամ դրանցում լարվածության «աստիճանն» այս պահին ինչպե՞ս կգնահատեք՝ հաշվի առնելով խորքային խնդիրների առկայությունը:
– Իրան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված՝ պետք է նշել, որ դրանք գտնվում են հնարավոր ամենացածր մակարդակի վրա։ Դրանցում լարվածությունն ակնհայտ է և միանշանակ։ Չնայած պաշտոնական Թեհրանն առայժմ փորձում է բավական զսպվածություն ցուցաբերել Ադրբեջանի հակաիրանական ակնհայտ և ընդգծված քաղաքականության նկատմամբ, սակայն կասկածից վեր է, որ երկու երկրների հարաբերությունների հորիզոնները, մեղմ ասած, խիստ մշուշոտ են: Այսինքն, չնայած երկկողմ հարաբերությունների «հավասարակշռվածության» մասին հայտարարություններին, դրանք իրենց հակամարտային ներուժով նման են գործող հրաբխի, որը կարող է ակտիվանալ և ժայթքել ցանկացած պահի։ Ընդ որում, դա առաջին հերթին և հիմնականում կարող է ճակատագրական` անդառնալի հետևանքներ ունենալ Բաքվի համար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: