կարևոր
1069 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-01 21:51
Քաղաքական

Սեպտեմբերի 2-ին` 18:30-ին, Արցախի Հանրապետության Անկախության օրը լինել Ազատության հրապարակում և հիշել մեր Հայրենիքի բռնազավթված այդ եզերքը այն նվազագույնն է, որ այս պահին կարող ենք անել. քաղաքագետ

Սեպտեմբերի 2-ին` 18:30-ին,  Արցախի Հանրապետության Անկախության օրը լինել Ազատության հրապարակում և հիշել մեր Հայրենիքի բռնազավթված այդ եզերքը այն նվազագույնն է, որ այս պահին կարող ենք անել. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«1991 թ. սեպտեմբերի 2-ին, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։

Սա Արցախի ժողովրդի պայքարի ո'չ թե վերջնական հանգրվանն էր, այլ դեռ սկիզբն էր ինքնորոշվելու և սեփական ճակատագրին տեր լինելու երկար, դժվար ճանապարհի։

Միջազգային իրավունքն հստակ ամրագրում է ժողովրդի իրավունքը ինքնորոշվելու և սեփական ճակատագիրը տնօրինելու։ 1975 թվականի թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտի, ՄԱԿ-ի միջազգային դատարանի և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների համաձայն՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև հակասություններ չկան։

1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով ԼՂԻՄ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

Այն, ինչ տեղի ունեցավ հետո, բազմաթիվ պատճառներ ունի, սակայն նպատակս հիմա դրանց անդրադառնալը չէ, այլ այն, որ Արցախի ժողովուրդը ամրագրել է սեփական Հայրենիքում ազատ և անկախ ապրելու իր իրավունքը, հայ ժողովուրդը հանուն Արցախի զոհաբերել է իր լավագույն զավակներին, հետևաբար հրաժարումը և ուրացումը անարգանք է մեր ազգի լավագույն զավակների հիշատակին և զոհաբերությանը։

Արցախի էջը փակել հնարավոր չէ։ Նախ` այն զուտ լոկալ հարց չէ, այլ գլոբալ հարց է, ընդ որում այն աստիճան, որ Արցախի հարցով միջազգային հարթկա ձեւավորվեց երեք գերտերությունների համանախագահությամբ, հետևաբար եթե անգամ ֆորմալ առումով ձևաչափը լուծարվում է, ապա քաղաքական առումով այն չի կարող վերանալ և տարբեր առիթներ պատճառ են դառնալու Արցախի հարցի վերադարձին միջազգային օրակարգ։ Բացի այդ` քանի դեռ իր հայրենի եզերքին կարոտ թեկուզ մեկ արցախցի կա այս արևի տակ, չկա‘ աշխարհում մեկ ուժ, որը կկարողանա հավերժ փակել Արցախի էջը։

1921 թվականին փորձեցին հավերժ փակել, բայց հնարավոր չէր...

Սեպտեմբերի 2-ին, այսինքն վաղը, 18:30-ին` Արցախի Հանրապետության Անկախության օրը, լինել Ազատության հրապարակում և հիշել մեր Հայրենիքի բռնազավթված այդ եզերքը այն նվազագույնն է, որ այս պահին կարող ենք անել` հիշեցնելով աշխարհին և մեր կողքի ուրացողներին, որ մենք տեր ենք մեր իրավունքներին և մեր ժառանգությանը, որքան էլ որ ժամանակ անցնի։

Հիշողությունն առաջին հերթին հարգանք է Արցախի ազատության և անկախության համար ընկած մեր եղբայրների հիշատակին»։