կարևոր
3616 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-05 00:00
Արցախ Քաղաքական

Ադրբեջանի համար շարունակում է առաջնահերթություն մնալ հայատյացության քարոզչությունը՝ սկսած նախադպրոցական տարիքից

Ադրբեջանի համար շարունակում է առաջնահերթություն մնալ հայատյացության քարոզչությունը՝ սկսած նախադպրոցական տարիքից

Ադրբեջանի իշխանության վարած քաղաքականության առաջնահերթություններից է հայերի՝ որպես թշնամու կերպարի ձևավորումը, ընդ որում, այս գործընթացը սկսվում է նախադպրոցական հաստատություններից, ապա՝ մուտք գործում հանրակրթական ծրագիր:

«Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին  նշել է  Արցախի Հանրապետության  նախագահի խորհրդական, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղարախանյանը՝  Արցախի պետական համալսարանում ապրիլի 4-ին դասախոսելով Ադրբեջանի կրթական համակարգի թեմայով:

Նրա խոսքով՝  2010 թվականից սկսել է ուսումնասիրել Ադրբեջանի բանահյուսությունը, այնուհետև՝ մամուլը, առանձին նյութեր՝ գալով  այն համոզմանը, որ հայերի՝ որպես թշնամու կերպարի ձևավորման ուղղությամբ  տարբեր տարիքային խմբերի հետ տարվում է համակարգված աշխատանք:

«Չեմ հասցրել բուհական համակարգն ուսումնասիրել, բայց ակադեմիան, պատմության կեղծարարությամբ, անգերազանցելի է. ամեն ինչ անում է Ադրբեջան պետության պատմության ստեղծման համար: Հանրակրթական դպրոցների բոլոր դասագրքերում, որոնք նաև թարգմանում են ռուսական դպրոցների համար, հայատյացությունն արմատավորված է: Ագրեսիայի հանդիպում ենք նաև ադրբեջանական երգարվեստում: Սոցիալական հարթակներում մանիպուլյատիվ հնարքներով պատրաստված կարճ հոլովակներ կան, որոնցում  Երևանը ներկայացվում է իբրև Ադրբեջանի քաղաք: 44-օրյա պատերազմից հետո տպագրված գրքերում էլ պատմում են, թե իբր Շուշին է ադրբեջանական քաղաք, ինչպես նաև Նախիջևանը, Գյանջան»,- ներկայացրել է Լ. Ղարախանյանը՝ հավելելով, որ թուրքական ահաբեկչական գորշ գայլերի խմբավորման պաշտամունքն Ադրբեջանում   սկսվում է ընտանիքներից:

Բանախոսն ընդգծեց  այն  թեզը,  որ  նրանց կողմից Ղարաբաղը դիտվում է որպես Ադրբեջանի ինքնության, գաղափարախոսության սնուցման, կարևոր վեկտոր:

«Մեր հանրակրթական ծրագրերում,  մինչև 12-րդ դասարանը ներառյալ, թշնամու կերպարի քարոզ չկա: Դրանցում ընդգրկված են  1915 թվականի ցեղասպանությունը, Արցախյան առաջին պատերազմը, որի համար հատկացված  է  շատ քիչ ժամանքանակ՝ 1-2 ժամ, ավագ դպրոցում էլ ՝ 2-4, իսկ  դասերի ընթացքում ընդամենը մի քանի հերոսների անուններ են հիշատակվում: Արդյոք մեր մեծացող երեխան համապատասխանում է գաղափարական առումով, որպեսզի  պատրաստ  լինի իրեն պաշտպանել՝ գտնվելով այդպիսի հարևանների մոտ: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,-ընդհանրացրել է Լ. Ղարախանյանը: