կարևոր
382 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-08 14:46
Քաղաքական

Քեզ գժի տեղ դնելու համար էլ պիտի թափ ունենաս, որ սաղ ասեն՝ էս գժի հետ գործ չունենք. Ռոբերտ Քոչարյան

«Ընդհանրապես, փոքր պետությունների համար անվտանգային հարցը երևի համար մեկ հարցն է, բայց նաև փոքր պետությունը չի կարող իզոլացվել և ասել՝ ես մենակ եմ, ոչ մեկի հետ գործ չունեմ։ Ուրեմն այստեղ պետք է իսկապես կիրառվի այն մոդելը, որը բավական երկար ժամանակ ինքը հաջողված մոդել էր։ Մենք պետք է մեր անվտանգային խնդիրները լուծենք ռազմաքաղաքական դաշինքներով, ռազմաքաղաքական գործընկերության միջոցով, բայց հարաբերվել և կոնկրետ լավ հարաբերություններ ունենալ ամբողջ աշխարհի հետ և այդպես էինք անում, և այդ մոդելը ոչ մեկի մոտ պրոբլեմ չէր առաջացնում, նույնիսկ Միացյալ Նահանգները բավական մեղմ էին վերաբերվում Իրանի հետ մեր հարաբերություններին։  Լրջագույն սանկցիաների պարագայում մենք Իրանի հետ ունեինք փայլուն հարաբերություններ, էներգետիկ ոլորտում ծրագրեր էինք իրականացնում և երբևէ Միացյալ Նահանգների կողմից որևէ պատժամիջոցների չենք ենթարկվել, որովհետև մենք հիմնավորում էինք, թե ինչի ենք մենք սա անում։ Ես տեսնում եմ այդ կոմպլեմենտար քաղաքականության կիրառումը նաև ապագայում։ Եվ երբեք նաև մեր այս քաղաքականությունը լարվածություն չէր ստեղծում Ռուսաստանի հետ հարաբերություններում, որովհետև մենք անկեղծ էինք։ Մենք ասում էինք՝ այս ոլորտում միասին ենք, բայց սա չի նշանակում, որ դու ուրիշների հետ չպետք է հարաբերություններ ունենաս։
 

Մենք փայլուն հարաբերություններ ենք ունեցել Եվրամիության հետ և շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Միացյալ Նահանգների հետ, ի դեպ նաև Միացյալ Նահանգների կողմից, երևի Իսրայելից հետո, երկրորդ երկիրն էինք հումանիտար աջակցության ծրագրերի ծավալով։ Սա ինչ-որ բան ասում էր, չէ՞։ Մենք նաև ներգրավված ենք եղել «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրում։ Սա ի՞նչ է նշանակում, որ կա այդ հնարավորությունը, ուղղակի հմտություն է պետք։ Իսկ եթե դու քեզ գժի տեղ ես դնում ինչ-որ բաների համար, վերջում ստանում ես այն, ինչ ստացել ենք»,-աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։