կարևոր
973 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-08 11:08
Հասարակություն

Քաոսի իշխանությունը կամ ինչպես է 4-րդ անգամ փողոցը փակվել

Քաոսի իշխանությունը կամ ինչպես է 4-րդ անգամ փողոցը փակվել

Շուրջ մեկ տարի առաջ Yerkir.amահազանգել էր, թե ինչպես են օրը ցերեկով Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի վրա 3 բետոնե խոշոր ծաղկաման շարել և ապօրինի կերպով փակել տրանսպորտային երթևեկության համար: Արդյունքում, Դավթաշենի կամրջից դեպի 16-րդ թաղամաս ու Աշտարակի խճուղի գնացող մեքենաները ստիպված են մի խաչմերուկ իջնել ներքև ու նորից բարձրանալ վերև, նույնը՝ հակառակ ուղղությամբ:

Գրավոր դիմել էինք քաղաքապետին՝ հետաքրքրվելով՝ տեղյա՞կ է նշված ապօրինության մասին: Պատասխանից ենթադրելի էր, որ փողոցը բացվել է: Այդուհանդերձ, կարճ ժամանակ անց՝ ապօրինությունը կրկնվել էր։ Վերստին դիմեցինք քաղաքապետին, այս անգամ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը վերջին պատասխան նամակով տեղեկացրել է, որ փողոցը փակ պահող բետոնե ծաղկամաններն այս անգամ բեռնատարի միջոցով հեռացվել են փողոցից: Մեզ են տրամադրվել նաև դա փաստող լուսանկարները: Օրեր անց, սակայն, բնակիչը կամ բնակիչները փողոցը վերստին փակել էին բետոնե նոր ծաղկամաններով։

Նորից դիմեցինք քաղաքապետին, և 2025 թ․ մայիսի 12-ին ստացված պատասխան նամակով տեղեկացանք, որ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և հասարակական կարգի պահպանությւան ծառայության կողմից թվով 3 ծաղկաման վերստին հեռացվել է տարածքից։ Օրերս, սակայն, փաստեցինք, որ դրանից հետո բետոնե նոր ծաղկամաններով վերստին վերականգնված է ապօրինությունը․ փողոցը փակ է երթևեկության համար։

Կրկին դիմում ենք քաղաքապետին (նաև գրավոր հարցմամբ)՝ պատրաստվու՞մ է, արդյոք, 4-րդ անգամ հեռացնել ծաղկամանները և բացել փողոցը, և ե՞րբ է ավարտվելու այս տրագիկոմեդիան, արդյո՞ք օրենքի վրա թքած ունեցողները տուգանվել են։