|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայաստանում համերաշխության մթնոլորտը վաղ, թե ուշ վերականգնվելու է՝ վստահ է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Այդ մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ մասնակցում էր կիրակնօրյա պատարագին։
«Մեկ մարդ չի կարող մեզ երկարաժամկետ պառակտել։ Կարճաժամկետ կարող է ինչ-որ բան անել, բայց երկարաժամկետ՝ ոչ»,– ընդգծեց նա։
Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի էր մասնակցում նաեւ նախորդ կիրակի, երբ ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատարագին հետեւում էր եկեղեցու՝ հետնաբեմ բարձրացող աստիճանների վրա նստած։ Պատարագից հետո ՔՊ–ականները քննադատել էին նրա ներկայությունը՝ այն չստացված ակցիա որակելով։ Լրագրողների հետ զրույցում Նարեկ Կարապետյանն անդրադարձել է նաեւ այդ քննադատություններին։
«Ես վերջին 10 տարում ամեն կիրակի եմ պատարագի մասնակցում Սուրբ Սարգիսում, միշտ աստիճանների վրա եմ նստում։ Իրենք պարզապես ինչ-որ բան պետք է ասեին, դա են ասել»,– նշեց նա։
Նարեկ Կարապետյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այս կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագը ընթացավ համերաշխ մթնոլորտում, աղոթքի ժամանակ քահանան չզեղչեց Վեհափառի անունը, ինչպես նախորդ կիրակի՝ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին։
«Դուք տեսաք մարդկանց էմոցիաները, շատ ոգեւորող է, որ կրկին համերաշխություն իջավ ժողովրդի վրա, մարդիկ համերաշխ, միասին պատարագի մասնակցեցին առանց որեւէ հակադրությունների, առանց պառակտման, ինչպես միշտ մարդիկ հոգևոր սնունդ ստացան»,– ասաց նա։
Անդրադառնալով Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ այսօրվա պատարագին, որի ժամանակ մթնոլորտը կրկին լարված է եղել, քաղաքացիներից մեկին դուրս են բերել եկեղեցուց՝ Վեհափառի անունը հնչեցնելու համար, Կարապետյանը նշեց. «Որտեղ իրենք գնում են, պառակտում է ու հակառակություն։ Եկեղեցի է գալիս՝ հակառակություն, լարվածություն, բանակի հետ կապված հակառակություն, լարվածություն, դատական համակարգում նույնը։ Այսօր այստեղ տեսանք, որ մարդիկ, որոնք տարբեր հայացքներ ունեն, եկան, իրենց հոգևոր սնունդը ստացան եւ գնում են իրենց գործերով, ինչո՞ւ է պետք ամեն տեղ հակադրություններ ստեղծել, ես չեմ հասկանում»։
Նշենք, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր պատարագը մատուցում էր Տեր Շահե քահանա Հայրապետյանը։
Թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որը կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներից մեկն է, Գյումրիում Յոթ Վերք եկեղեցում ներկա էր Փաշինյանի մասնակցությամբ պատարագին, որի ընթացքում կրկին զեղչվել է Վեհափառի անունը։