կարևոր
457 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-08 13:08
Քաղաքական

«Մեր առաջարկած այլընտրանքը սկսվում է Հայաստանի ուժեղացումից»․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստանը և հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենածանր և վճռորոշ ժամանակահատվածներց մեկը: Ալիևը և Փաշինյանը փորձում են մեզ կանգնեցել  ընտրության առաջ՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ կապիտուլյացիա։   Այդ զույգը մեզ փորձում է համոզել, որ անկախ Հայաստան ունենալու համար պետք է առաջնորդվել Ադրբեջանի գծած սահմաններով, թելադրանքով ու պայմաններով։  Մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն է, այլ շարունակական զիջումների դիմաց զինադադար, որտեղ մեր ուժի բոլոր աղբյուրները և վերականգնվելու հնարավորությունները հետևողականորեն ոչնչացվում են: 

Մեր անվտանգության համակարգը քանդվում է ոչ թե նորով փոխարինելու, այլ անվտանգության նոր խնդիրներ ստեղծելու դիտավորությամբ։   Մեզ ստիպում են դադարել հավատալ, որ Հայաստանը երբևէ կարող է լինել ուժեղ:  Մեր ինքնության սյուները՝ եկեղեցի, պատմություն, ազգային խորհրդանիշեր ներկայացվում են որպես «անցյալից մնացած բեռ», որոնցից պետք է հրաժարվել: Այդպես Արցախն էին բեռ համարում։  Ահա սա է Ալիևի և Փաշինյանի առաջարկած «Իրական Հայաստանը», որը փաթեթավորել են  «Չորրորդ Հանրապետություն» անունով։ 

Նրանց պատկերացրած նոր հանրապետության մոդելը հետևյալն է ՝ 

 • պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը, 

• պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր ժառանգությունից, իր ժողովրդի    հավաքական իրավունքներից,  

• պետություն, որը պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանի և Թուրքիայի կամքից:

Եվ իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել որպես գործիք իր այս հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար։   Արտաքին այս պահանջներն իշխող վարչախումբը փորձում է դարձնել ներքին առաջարկ։   Թուրքիայի ու Ադրբեջանի բանաձևերն և պահանջները դարձել են ՔՊ-ի նախընտրական ծրագիր և Հայաստանի կառավարության «տեսլական»։   Սա մարտահրավեր է մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին:  Փաշինյան–Ալիև ծրագրերը ձախողելու համար պետք է ձևավորենք համահայկական և համազգային «ՈՉ»-ի ճակատ։ Ասել եմ և շարունակում եմ պնդել՝ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքը անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Նրա հեռացումը կամ վերատադրության կանխումը ազգային անվտանգության հարց է:

 Սիրելի՛ հայրենակիցներ,  

 այս իրավիճակից դուրս գալու այլընտրանքը կա, բայց նախ պետք է կանխե՛լ այս ռեժիմի վերարտադրությունը, ապա սկսել Հայաստանը վերակառուցելու ծրագիր։   Ո՞րն է այս ռեժիմի հակահայ ծրագրի այլընտրանքը։ Դաշնակցությունն առաջարկը հետևյալն է՝ կառուցել նոր որակի, ազգային պետություն, որը կլինի ՈւԺԵՂ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ։ 

Մենք ունենք առաքելություն՝ ուժերը միավորելու, հավատը վերականգնելու և ուժեղ Հայաստան կառուցելու:  
● Հայաստան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց և պատրաստ է պաշտպանել իրեն։ 

● Հայաստան, որն առաջնորդվում է ազգային շահերով և տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։

● Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ և վճռական իր ապագայի հարցում։

 ● Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը, ազգային ինքնությունը:    Մեր առաջարկած  այլընտրանքը  սկսվում է Հայաստանի ուժեղացումից: 

Ուժեղ Հայաստան՝ նշանակում է անվտանգ Հայաստան։ Ոչ թե գերեզմանային խաղաղություն, այլ՝ զսպման վրա հիմնված անվտանգություն։ Բանակ, որը կկարողանա ապահովել անվտանգություն: Պետություն, որը պարզապես հարկ վճարելու մեխանիզմ չէ, այլ իր ժողովրդի հավաքական իղձերն ու նպատակները սպասարկող համակարգ։  

 Ուժեղ Հայաստան՝ նշանակում է իր անժամանցելի իրավունքներից չհրաժարվող, Արցախ հավաքական վերադարձի իրավունքը առաջ տանող  Հայաստան։   

 Ուժեղ Հայաստան՝ նշանակում է հայկական շահերից բխող արտաքին քաղաքականություն, որտեղ Հայաստանը սուբյեկտ է, որտեղ Հայաստանը որոշող է, ոչ թե հանձնող կամ կցորդ։    Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն։   Մենք ունենք ռեսուրս դառնալու կայունության և ուժի կենտրոն։ 

Ուժեղ և մրցունակ Հայաստան՝ նշանակում է արդար, բարեկեցիկ պետություն։  Պետական ինստիտուտներ, որոնք չեն սպասարկում մեկ անձի քմահաճույքները։  Դատարաններ, որոնք չեն վախենում արդարադատություն իրականացնելուց։  Ուժային կառույցներ, որոնք չեն վերածվում զինված բանդաների: 

Հայաստան, որտեղ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ունի բացառիկ դերակատարություն և չի հալածվում թրքահպատակ վարչախմբի կողմից: 

Պետություն, որտեղ սոցիալական արդարությունը առաջնային է: Եվ հասարակություն, որն իսկապես ազատ է։  Ուժեղ Հայաստան՝ նշանակում է ինքնության պաշտպանություն։

Դաշնակցությունն ասում է․ ինքնությունը ուժի աղբյուր է, ոչ թե բեռ։ Մեր առաջարկած այլընտրանքը հստակ է՝ ազգ, որը չի՛ ընդունում պարտությունը որպես դատավճիռ, պետություն, որը չի՛ զիջում իր կենսական շահերը»,- ՀՅԴ 135-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարեց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
։