կարևոր
2932 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-19 18:29
Քաղաքական

Այն, ինչ այսօր ուզում է անել Փաշինյանը, դրա այլընտրանքը կա. ես պատրաստ եմ խոսել Փաշինյանի հետ. Օսկանյան

Մադրդյան փաստաթուղթն իր մեջ մի քանի հիմնական բաղադրիչ է պարունակում. Առաջին հանրաքվեն էր, որով ԼՂ ժողովուրդը պետք է որոշեր իր ճակատագիրը: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որտեղ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պնդումներին։

«Այնտեղ թվական չկար, կոնկրետացում չկար: Բոլորը հասկանում էին, որ դա որոշ ժամանակ հետո պետք է տեղի ունենա, դրա համար կար երկրորդ կարեւոր բաղադրիչը՝ միջանկյալ կարգավիճակը: Դա այդ օրերին ԼՂ դե ֆակտո անկախ վիճակի օրինականացումն էր, դրան դե յուրե հիմք տալը: Միջազգային կարգավիճակը պետք է ճանաչեր ողջ աշխարհը՝ ներառյալ Ադրբեջանը, Թուրքիան, բոլորը: ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բանաձեւ անցկացներ այդ միջանկյալ կարգավիճակի շարունակականությունն ապահովելու համար մինչեւ հանրքավեի միջոցով ԼՂ կարգավիճակը  որոշվեր:

Դրանից հետո, այո, գալիս էր տարածքների վերադարձը, 5-ը, հետո մյուս երկուսը, այնտեղ կար Լաչինի միջանցքը, որը պետք է ունենար 20 կմ լայնություն, եւ որը պետք է ունենար նույն կարգավիճակը, ինչ որ միջանկյալ կարգավիճակ էր տրվելու ԼՂ-ին: Դրանով երկարաժամկետ, եթե չասեմ՝ հավերժ, ամրագրվում էր ԼՂ գոնե դե ֆակտո անկախությունը: Եթե լիներ հանրաքվեն դա նաեւ դե յուրե էր ամրագրվում»,-հայտարարեց Օսկանյանը:

Նա ընդգծեց, որ Շուշին երբեք առեւտրի առարկա չի եղել. «Շուշին համարվել է ԼՂ անբաժանելի մաս, դրա մասին անգամ Ադրբեջանը հարց չի բարձրացրել: Շուշիի մասին խոսք է եղել  միայն այնտեղ ադրբեջանցի բնակչության վերադարձի կոնտեքստում: Երկրորդ, ՀՀ ոչ մի իշխանություն երբեւիցե ուղղակի կամ անուղղակի ԼՂ-ն չի ճանաչել որպես Ադրբեջանի մաս»,-հայտարարեց նա:

«Եթե 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենար ինձ հետ հանդիպելու, ես իրեն հետեւյալ խորհուրդն էի տալու՝ պարոն վարչապետ, դուք ունեք շատ մեծ լեգիտիմությունը, սեղանի վրա կ նման փաստաթուղթ, մի արհամարհեք, ձեր զրոյական կետից մի սկսեք, դա իր մեջ վտանգներ է պարունակում», – նշեց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Վարդան Օսկանյանը «մադրիդյան փաստաթղթով» ավելի շիլաշփոթ է ստեղծել, նաեւ կոչ էր արել Օսկանյանին հրապարակային ասել, թե ինչ խորհուրդ էր պատրաստվում տալ իրեն, եթե պատերազմից առաջ  հնարավորություն ունենար հանդիպելու:

«Ես գիտեմ՝ Ադրբեջանի կարմիր գիծը որն է, ես գիտեմ՝ Ադրբեջանի համար որն է ընդունելի, եւ ես իրեն խորհուրդ էի տալու, որ ինքը գնա երրորդ տարբերակով, որ համաձայներ Ադրբեջանին վերադարձնել 5 տարածքները փաստաթղթի ստորագրման դեպքում, եւ բանակցեր Ադրբեջանի հետ, որ Քելբաջարի եւ Լաչինի ոչ կորիդորային մասը վերադարձվի 3-5 տարվա ընթացքում: Բայց մինչ այդ Ադրբեջանը պետք է ապացուցեր, որ ինքը ի վիճակի է խաղաղ գոյատեւելու իր հարեւանի հետ: Բոլոր երաշխիքները, որ այդ փաստաթղթում կային՝ Անվտանգության խորհուրդ, խաղաղապահի ուժերի ներկայություն, միջանկյալ կարգավիճակ, ուժի մեջ պետք է մտնեին: Եթե Նիկոլ Փաշինյանը այդ օրերին գնար այդ ճանապարհով, ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօր մենք կունենայինք ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով, Հադրութով, 20 կմ-անոց միջանցքով՝ առանց զոհերի, դե ֆակտո անկախ հայկական Արցախ: Ես սրանում համոզված եմ:

Ես պատրաստ էի իրեն օգնելու, ասելու՝ պարոն վարչապետ, ես պատրաստ եմ որպես գլխավոր բանակցող այդ փաստաթղթի, ձեր կողքը կանգնելու, ձեզ հետ պատասխանատվություն վերցնելու: Ես համոզված եմ, որ երեք նախագահների համար էլ դա ընդունելի կլիներ: Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ այդ ճանապարհով ասելով՝ այո, տալիս ենք այդ տարածքները, բայց բերում ենք իսկական խաղաղություն»,-ասաց Օսկանյանը:

Նա նաեւ նշեց, որ պատերազմի օրերին 1,5 էջանոց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին միջնորդով եւ գիտի, որ դա դրվել է իր սեղանին. «Ես այնտեղ առաջարկություններ եմ արել: Պատերազմից հետո ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, նոր ստեղծված իրավիճակում գրավոր առաջարկներ եմ արել: Ինքը նայել է, ասել է՝ շնորհակալություն, խոսել ենք դրա մասին մի քիչ»,-ասաց Օսկանյանը, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչ առաջարկներ է արե արդեն պատերազմից հետո:

«Այսօր միֆ է դրվել շրջանառության մեջ, որ այն, ինչ այսօր արվում է, դրան այլընտրանք չկա, դա միֆ է, իհարկե այլընտրանք կա: Այն, ինչ այսօր ուզում է անել Նիկոլ Փաշինյանը, դրա այլընտրանքը կա: Ես ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր է առանց պատերազմի Արցախը պահել ամբողջական եւ Արցախը պահել հայկական: Դրա հնարավորությունը կա: Ես պատրաստ եմ այդ հարցով, եթե  Նիկոլ Փաշինյանը ցանկանա, խոսել դրա մասին:

Երկրորդ միֆն այն է, որ պատերազմն անխուսափելի էր: Ոչ, սիրելի ժողովուրդ, պատերազմը ոչ միայն անխուսափելի չէր, այլ պատերազմը բացառված էր: Պատերազմը մեր գլխին եկավ մեր դիվանագիտական սխալների պատճառով: Այսօր այդ սխալները շարունակվում են, երկրորդ պատերազմ կարող է գալ մեր գլխին: Ժամանակն է, իսկապես, սթափվել, վերջ տալ ներքին շահարկումներին, վերջ տալ արդարացումներին եւ դրանով ավելի արմատավորել այն կորուստները, որ ունեցել ենք:

Արցախը հայկական է եւ հայկական պետք է լինի: Դա մեր ժողովրդի պատիվն է, մեր ժողովրդի պատմությունն է, մեր անցյալն է, ներկան է ու ապագան է: Եթե մենք Արցախը մեր կամքով թողնենք Ադրբեջանի կազմում, հավատացեք, աշխարհի ժողովուրդների մեջ երեւի թե մենք կլինենք ամենանվաստացած ժողովուրդը: Չի կարելի նման բան անել, չկա ժողովուրդ, որ իր պատմական հողերից թեկուզ մի թիզ կարող է զիջել: Դա մեր իրավունքն է»,-հայտարարեց Օսկանյանը: