կարևոր
3727 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-03 15:46
Քաղաքական

Թատերական գործիչները, դերասանները ահազանգում են՝ թատրոնների ֆինանսավորման նոր մոդելը կարող է հանգեցնել պրոֆեսիոնալ թատրոնի վերացմանը․ Գառնիկ Դանիելյան

Թատերական գործիչները, դերասանները ահազանգում են՝ թատրոնների ֆինանսավորման նոր մոդելը կարող է հանգեցնել պրոֆեսիոնալ թատրոնի վերացմանը․ Գառնիկ Դանիելյան

Թատերական գործիչներ, դերասաններ ահազանգում են, որ թատրոնների ֆինանսավորման նոր մոդելը կարող է հանգեցնել պրոֆեսիոնալ թատրոնի վերացմանը։

Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը թատրոնների տնօրենների հետ հանդիպման ընթացքում քննարկել է մշակութային հաստատությունների ստեղծագործական անձնակազմի վարձատրության նոր սկզբունքը, որի համաձայն՝ հաստիքային տրամաբանությունից անցում է կատարվում ելույթավճարների տրամաբանության։

Մեզ հետ կապ հաստատած դերասանները նշեցին, որ նման քաղաքականությունը հղի է բազմաթիվ վտանգներով։

Մասնավորապես՝

Վերանալու է խաղացանկային թատրոնը, կրճատվելու են բազմաթիվ հաստիքներ։

Աշխատանքից ազատվելու են ՀՀ ժողովրդական արտիստի կոչում ստացած մեծավաստակ դերասաններ։

Դերասանների միջև մրցակցությունը կարող է հանգեցնել անառողջ մթնոլորտի, նպաստել «ԽԾԲ»-ի միջոցով դերեր տրամադրելուն։

Միայն ելույթավճարից կախված լինելը կարող է հանգեցնել ֆինանսական դժվարությունների, ինչի արդյունքում, շատ դերասաններ ստիպված կլինեն հեռանալ թատրոնից կամ արտագաղթել։

Այսպիսով, այն հիմնավորումները, թե ելույթավճարների շնորհիվ թատրոնի աշխատակիցները ավելի մոտիվացված կաշխատեն, և որ սա մասնագիտական զարգացման հավելյալ խթան կհանդիսանա, մեղմ ասած, համոզիչ չեն։

Հայկական թատրոնը, որ հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում, կարող է վտանգվել նման որոշումների արդյունքում։

Դիտավորությա՞ն, թե՞ տգիտության հետևանք է այս ամենը։

Մանավանդ, երբ նկատվում է միտում՝ խաղացանկից ազգային թեմատիկայով գործերը հանելու։

 

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ