կարևոր
3301 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-23 19:12
Աշխարհ

Նյու Յորքում կայացած 19-րդ ամենամյա Գալայի ընթացքում ՔՈԱՖ-ը հանգանակել է 6 մլն ԱՄՆ դոլար՝ ի աջակցություն ՀՀ գյուղերի

Նյու Յորքում կայացած 19-րդ ամենամյա Գալայի ընթացքում ՔՈԱՖ-ը հանգանակել է 6 մլն ԱՄՆ դոլար՝ ի աջակցություն ՀՀ գյուղերի

Դեկտեմբերի 17-ին աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 450 հոգի հավաքվել էին Նյու Յորքում՝ մասնակցելու «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Կերտելով մեր պետությունը» 19-րդ ամենամյա Գալա երեկոյին:

Համաճարակով պայմանավորված երկու տարվա վիրտուալ գալաներից հետո ներկա միջոցառումը նշանավորվեց առատաձեռն նվիրատվություններով, որոնք ընդհանուր առմամբ կազմեցին 6 միլիոն ԱՄՆ դոլարի պատկառելի գումար՝ որպես աջակցություն Հայաստանում ՔՈԱՖ-ի գյուղական զարգացման ծրագրերին։

Cipriani - 25 Broadway-ում կայացած հանդիսավոր երեկույթում, որը վարում էին KTTV FOX11 հեռուստակայանի Good Day L.A.-ի հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը եւ ՔՈԱՖ-ի զարգացման գծով տնօրեն Հայկ Բոյաջյանը, հնչեցին աշխարհահռչակ երաժիշտներ ջութակահար Արա Մալիքյանի (Իսպանիա) եւ թավջութակահար Սեւակ Ավանեսյանի (Հայաստան) բարձրարվեստ կատարումները: Ներկաներին հրապուրեցին նաեւ տասներկուամյա թավջութակահար Լիանա Ուլիխանյանի եւ ջութակահար Դավիթ Բաբայանի ելույթները։

Միջոցառման ուշագրավ պահերից էր, երբ բեմ բարձրացան ավագ դպրոցի աշակերտներ Աննա Ռաֆայելյանը, Շիրակի մարզի Լանջիկ գյուղից, եւ Արթուր Սիմոնյանը, Արագածոտնի մարզի Արտենի գյուղից՝ ներկաների հետ կիսելու իրենց կյանքում ՔՈԱՖ-ի ունեցած ազդեցության մասին մտորումները: Նրանք անդրադարձան ՔՈԱՖ-ի այն տարբեր ծրագրերին, որոնք իրենց մղել են դեպի սեփական ներուժը լավագույնս բացահայտելուն եւ հաջողության հասնելու համար ջանասիրաբար ուսանելուն, որպեսզի նպաստեն մեր երկրի հզորացմանը:

Այս տարվա Մարդասիրական մրցանակը շնորհվեց Միչիգանից բարերարներ Փիթեր եւ Մերիլին Սարգսյաններին՝ ի գնահատումն ՔՈԱՖ-ի կրթական եւ առողջապահական տարբեր ծրագրերում նրանց ունեցած մեծ ներդրումների, այդ թվում՝ մի շարք գյուղական դպրոցներում ճաշարանների հիմնումը եւ Լոռու մարզի Դսեղ գյուղում առողջության կենտրոնի ստեղծումը:

Բոլոր դրամական միջոցները կուղղվեն գյուղի երիտասարդների եւ նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը՝ ՔՈԱՖ-ի կրթության, առողջապահության, սոցիալ-հոգեբանական ծառայությունների եւ տնտեսական զարգացման նախաձեռնությունների միջոցով: Մոտ երկու տասնամյակ ՔՈԱՖ-ի դասական գյուղական եւ ՍՄԱՐԹ ծրագրերը ծախսատարությանը զուգահեռ, դրսեւորել են նաեւ իրենց կայուն եւ զանգվածային բնույթը: Յուրաքանչյուր 100,000 գյուղական բնակչության հաշվարկով պահանջվում է 15 միլիոն դոլար կապիտալ բյուջե եւ տարեկան 2 միլիոն դոլար բյուջե: $15 մլն կապիտալ բյուջեն հատկացվում է գյուղական շրջաններում ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ համալիրների կառուցմանը, մինչդեռ կազմակերպության տարեկան $2 մլն բյուջեն հատկացվում է գործառնական ծախսերը հոգալուն։

ՔՈԱՖ-ի նպատակն է ընդլայնել իր հասանելիությունը Հայաստանի մեկ միլիոնից ավելի գյուղական ազգաբնակչության համար: Մինչ օրս կազմակերպությունը սպասարկել է ավելի քան 100000 մարդու երկրի 5 մարզերում։ Հայաստանի ողջ գյուղական բնակչությանը սպասարկելու համար կպահանջվի 150 միլիոն ԱՄՆ դոլար կապիտալ ծախսերի եւ մոտավորապես 20 միլիոն դոլար տարեկան բյուջեի համար։

ՔՈԱՖ-ի հիմնադիր եւ նախագահ Կարո Արմենն իր ելույթում խոսել է Հայաստանում եւ Արցախում տիրող ծանր իրավիճակի մասին, որտեղ ներկայումս հումանիտար ճգնաժամ է առաջանում, քանի որ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին եւ մնացած աշխարհին կապող միակ ճանապարհը։ Նա ընդգծել է Հայաստանի ժողովրդին աջակցելու հրատապ անհրաժեշտությունը՝ ազգաշինության եւ երիտասարդության վերելքի կարեւոր աշխատանքի միջոցով, որը կվերածվի փոփոխությունների կատալիզատորի: «Մենք պետք է ցույց տանք նրանց մեր նվիրվածությունը. մենք պետք է նրանց ցույց տանք, որ նրանք միայնակ չեն մնա իրենց երկրի առաջընթացի գործում»,- ասաց Կարո Արմենը։ Նա նաեւ հայտարարեց, որ ԵՄ-ն 20 միլիոն եվրոյի պարտավորություն է ստանձնել՝ Հայաստանի հարավային Սյունիք մարզում եւս 2 ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն կառուցելու համար։

Գալայի գլխավոր հովանավորների շարքում էին Լոս Անջելեսից Ջեք եւ Զարիկ Յուրեջյանները, ովքեր մեկ մլն ԱՄՆ դոլար նվիրաբերեցին Գորիսում, Գյումրիում եւ Վանանդում ՔՈԱՖ-ի Երեխայի եւ ընտանիքի երեք կենտրոն հիմնելու համար։ Դա՝ ի լրումն այդ ընտանիքի կրթաթոշակային հիմնադրամի, որը մինչ այժմ ապահովել է ավելի քան 350 ուսանողների բարձրագույն կրթություն ստանալը Հայաստանում։ Մեկ այլ 1 միլիոն դոլար անանուն նվիրատվություն կատարվել է ՔՈԱՖ-ի երկարամյա աջակցի կողմից:

Կարո Արմենը եւս մեկ անգամ կատարեց տարեկան 1 մլն դոլարի նվիրատվություն, որը կծածկի կազմակերպության վարչական ծախսերի մեծ մասը։

JHM հիմնադրամը եւս 250,000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել Արմավիրի մարզում կառուցվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին աջակցելու համար։ Երեկոյի պատվավոր հյուրերի՝ Փիթեր եւ Մերիլին Սարգսյանների $200,000 նվիրատվությունը կուղղվի Դսեղում կառուցվող ՔՈԱՖ-ի մարզային առողջության կենտրոնին, որի թեւերից մեկը կանվանվի նրանց պատվին։

Պլատինե հովանավորներն ու դոնորների թվում են 4 անանուն նվիրատուներ՝ յուրաքանչյուրը 100,000-ական դոլարով, ինչպես նաեւ Ալեքսանդր Եսայանը, Վիկտոր եւ Ջուդի Զարուգյանները, Մայքլ Փանոսյանը, Փոլ եւ Ալին Գրիֆինները, որոնց նվիրատվությունները կտրամադրվեն Արմավիրի ապագա ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի դահլիճին: Արձանագրվել է նաեւ 8 ոսկյա հովանավոր՝ յուրաքանչյուրը 50,000-ական եւ 6 արծաթյա հովանավոր՝ յուրաքանչյուրը 25,000-ական դոլարով:

Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող աջակիցն երը կարող են դիտել եւ սատարել «Կերտելով մեր պետությունը» միջոցառմանը առցանց, ընդհուպ մինչեւ հունվարի ավարտը, հետեւյալ հղումով