կարևոր
3022 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-23 23:27
Աշխարհ

Ոչ ոք չի փորձում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի ստորագրումը որոշակի ժամկետի հարմարեցնել․ Պեսկով

Ոչ ոք չի փորձում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի ստորագրումը որոշակի ժամկետի հարմարեցնել․ Պեսկով

Հայաստանն, անկասկած, կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), չնայած այն հանգամանքին, որ ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ երկրների ղեկավարները բանակցություններում քննարկել են Հայաստանում խաղաղապահ առաքելության երկարաձգման հարցը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ճակատագիրը։ «Այս թեման շոշափվեց շատ անկեղծ, շատ ուղիղ, կառուցողական։ Առայժմ ամեն ինչ չէ, որ հաջողվում է համաձայնեցնել, կան որոշակի նյուանսներ»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ «այդ թեման օրակարգում է»։ Կրեմլի ներկայացուցիչը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ը պահանջված է եւ անհրաժեշտ։

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է կարեւոր դերակատարում ունենալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում եւ կշարունակի օգնել։ «Ոչ ոք չի փորձում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը ինչ-որ ժամկետի հարմարեցնել, գլխավորն այն է, որ այն ստորագրվի եւ կենսունակ լինի։

Կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, բոլորը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն դրա համար՝ չմրցակցելով միմյանց հետ»,- հավելել է նա։