կարևոր
394 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-09 18:27
Հասարակություն

Անի Ավետիսյանն օրերս կրկին վիրահատվել է․ հարազատները մտահոգված են՝ հիմա ավելի վատ է վիճակը. «Փաստինֆո»

Անի Ավետիսյանն օրերս կրկին վիրահատվել է․ հարազատները մտահոգված են՝ հիմա ավելի վատ է վիճակը. «Փաստինֆո»

Շաքիում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանը նոյեմբերի 6-ին կրկին վիրահատվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է նրա ազգականներից։

Նրանք հայտնեցին, որ Անի Ավետիսյանի վիճակը հիմա շատ ավելի վատ է, ավելի շատ ցավեր ունի, ոտքին ավելի մեծ տարածությամբ են երկաթներ տեղադրել, այդ պատճառով էլ չի կարողանում անգամ նստել, թեև բժիշկները նշում են, որ լավ կլինի։

Հիշեցնենք, որ ադրբեջանցու՝ ՀՀ ներթափանցման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 1-ին։ ԱԱԾ-ից պաշտոնապես հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Ադրբեջանական կողմն իր հերթին տեղեկացրել էր, որ զինծառայողն անհետացել է սեպտեմբերի 26-ից։

Ադրբեջանցին, որն ապօրինի ներխուժել էր ՀՀ, կիլոմետրեր անարգել շրջել էր ՀՀ ինքնիշխան տարածքում, մուտք գործել ՀՀ քաղաքացու տուն, կրակել տանտիրուհու ոտքերին և մարմնական վնասվածքներ հասցրել նաև նրա երեխաներին։ Կինն ինքն է չեզոքացրել ադրբեջանցուն։ Հանրային դժգոհություններից և բարձրացված աղմուկից հետո դատախազությունը հայտնեց, որ ադրբեջանցու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, առողջությանը զենքի գործադրմամբ վնաս պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու, մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար։ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Պետական մարմինները պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել դեպքի հանգամանքների մասին, թե ինչպես են զարգացել իրադարձությունները, որ երեխաներին պաշտպանելիս մայրը նման ծանր վնասվածք է ստացել։ Դեպքի մասին լայն հանրությունը տեղեկանում է միայն տուժողի հարազատների պատմածներից։ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն օրերս լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ առաջիկայում նախաքննությունը կարող է ավարտվել, նա ևս առաջ էր քաշում այն վարկածը, թե ադրբեջանցին մոլորվել է։