Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երեկ՝ հունիսի 11-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ դանակահարված 15-ամյա պատանին ենթարկվել է վիրահատության։ Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկ Արթուր Հարությունյանը։
Նրա խոսքով՝ պատանին բուժհաստատություն է տեղափոխվել շտապօգնության բրիգադի ուղեկցությամբ՝ ձախ վերին վերջույթի և առաջնային որովայնի պատի կտրած-ծակած վերքերով։ «Առաջին հերթին կանգնեցվել է արյունահոսությունը, կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, որից հետո երեխան տեղափոխվել է վիրահատարան։ Վիրահատությունը տևել է մոտ 3.5 ժամ, որի արդյունքում հաջողվել է վերականգնել վնասված հյուսվածքները »,- նշել է բժիշկը։
Ներկայումս երեխան գտնվում է բաժանմունքում, վիճակը գնահատվում է բավարար։ Բժիշկ Հարությունյանի կանխատեսմամբ՝ երեքից չորս օր անց նա դուրս կգրվի։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում դաստակը կմնա անշարժացված, ինչից հետո կանցկացվի վերականգնողական բուժում, և կանխատեսվում է, որ ձեռքի ֆունկցիաները կվերականգնվեն։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 11-ին, ժամը 11:30-ի սահմաններում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկի տարածքում։ Վիճաբանության ժամանակ 14-ամյա աշակերտը դանակով հարվածներ է հասցրել իր հասակակիցին՝ պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ։
Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից՝ ձախ զստափոսի և ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքերով երեխայի տեղափոխման մասին։ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ միջադեպը տեղի է ունեցել դպրոցի հետնամասում՝ երկու 14-ամյա տղաների միջև ծագած վեճի ժամանակ։
Ոստիկանությունն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Կասկածյալը հայտնաբերվել է և, ծնողների ուղեկցությամբ, ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին՝ իր հետ բերելով նաև հանցագործության գործիքը՝ դանակը։
Դեպքի փաստով նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։