|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.3787 |
| GBP | ⚊ | £ 483.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մինչ Անթալիայում ընթանում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովը՝ COP31-ը, Թուրքիայում երաշտն ու արտադրական ծախսերի աճը բամբակի արտադրությունը հասցրել են վերջին 16 տարվա ամենացածր մակարդակին։
Ֆերմերները, հարմարվելով ջրի պակասին, սկսել են նախապատվությունը տալ ավելի քիչ ջուր պահանջող ցորենի և արևածաղկի մշակությանը, իսկ մասնագետները կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել գյուղատնտեսության ոլորտում ջրային ռեսուրսների կառավարման և ֆինանսավորման ուղղությամբ։
Թուրքիայում տարիներ շարունակ բամբակ մշակող ֆերմեր Մեհմեթ Քաբաքն այս տարի ոռոգման ծախսերի աճի և երաշտի պատճառով որոշել է անցնել ավելի քիչ ջուր պահանջող ցորենի ու արևածաղկի մշակությանը։ 59-ամյա ֆերմերը Սյոքեի շրջանում մշակում է 900 դյոնում (1դյունումը՝ 0․1հա) հողատարածք։ «Թեև բերքը վնասվել է, ոռոգման ծախսերն ավելացել են։ Արտադրական ծախսերը բարձրացել են 40-60 տոկոսով»,- նշել է նա՝ ընդգծելով գյուղատնտեսների առջև ծառացած դժվարությունները։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)՝ 2023 թվականի տվյալներով՝ աշխարհում բամբակ արտադրող ութերորդ խոշոր երկիրը համարվող Թուրքիայում 2026 թվականին բամբակի սերմացուի արտադրությունը կանխատեսվում է 38 տոկոսով նվազել՝ հասնելով 1.2 մլն մետրիկ տոննայի։
Սյոքեի շրջանի ֆերմերային խմբերի տվյալներով՝ երաշտի և ծախսերի աճի հետևանքով բամբակի ցանքատարածությունները կրճատվել են 60 տոկոսով՝ հասնելով 120 հազար դյոնումի։
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության (USDA) կանխատեսումների համաձայն՝ առաջիկա գյուղատնտեսական սեզոնին Թուրքիայում բամբակի արտադրությունը կհասնի վերջին 16 տարվա նվազագույն մակարդակին։ 2026-2027 սեզոնին այն ակնկալվում է կազմել 495 հազար տոննա։
Կանխատեսումների համաձայն՝ 2026-2027 սեզոնին բամբակի ցանքատարածությունները մեկ տարվա ընթացքում կնվազեն 30 տոկոսով՝ կազմելով 275 հազար հա․։
Ջրային ռեսուրսները՝ կրիտիկական սահմանագծին
Թուրքիայի տնտեսական արտադրանքի մոտ 5 տոկոսն ապահովում է գյուղատնտեսությունը, մինչդեռ, ըստ կառավարության տվյալների, երկրի ջրային ռեսուրսների 79 տոկոսը նույնպես սպառվում է հենց այս ոլորտում։ Այդ ջրի գրեթե կեսը կորչում է անարդյունավետ ենթակառուցվածքների և ոռոգման համակարգերի պատճառով։
Անցյալ տարի ավելի քան 50 տարվա ընթացքում գրանցված ամենասաստիկ երաշտից հետո WWF-ի և Լինքոլնի հողային քաղաքականության ինստիտուտի տվյալների հիման վրա իրականացված վերլուծությունները ցույց են տվել, որ առողջ էկոհամակարգերը պահպանելու համար Թուրքիայի բամբակագործական ավազաններում ջրի սպառումը պետք է կրճատվի 25-60 տոկոսով։
Մասնագետների խոսքով՝ ջրամբարներից վերցվող ջրի չզտված լինելը խցանում է կաթիլային ոռոգման համակարգերը։ Միևնույն ժամանակ, ֆերմերները խուսափում են նման համակարգերում ներդրումներ կատարելուց, քանի որ հաճախ մշակում են վարձակալած հողատարածքներ և մտահոգված են բերքատվության հնարավոր անկմամբ։
Թուրքիայի կառավարությունը հոկտեմբերին հրապարակած բյուջեով հայտարարել է հողային և ջրային ռեսուրսների կառավարման հատկացումները 40.5 տոկոսով ավելացնելու մասին։ Գյուղատնտեսական ոռոգման ներդրումների համար նախատեսվել է 174 մլրդ լիրա (3.5 մլրդ դոլար)։ Միևնույն ժամանակ, İşbank-ի և Şekerbank-ի նման մասնավոր ֆինանսական կառույցները վարկեր են առաջարկում գյուղատնտեսության ոլորտում ջրային ռեսուրսների կառավարման և կլիմայական փոփոխություններին հարմարվելու ծրագրերի համար։
Սակայն սեփական միջոցների և գրավի բացակայությունը դժվարացնում է փոքր ֆերմերների՝ այդ աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունը։
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի՝ Թուրքիայում ներկայացուցիչ Լիամ Չիկկան ընդգծել է, որ թուրք ֆերմերների միայն 5-10 տոկոսն է ի վիճակի ինքնուրույն ֆինանսավորել խոշոր ներդրումները։
Համաշխարհային բանկի՝ 2022 թվականի վերլուծության համաձայն՝ ջրի մատակարարման 10 տոկոսանոց կրճատումը, գյուղատնտեսության վրա դրա ազդեցության հետևանքով, կարող է Թուրքիային արժենալ ՀՆԱ-ի 6 տոկոսը՝ շուրջ 50 մլրդ դոլար։
FAO-ի՝ Թուրքիայում ներկայացուցիչ Այշեգյուլ Սելիշիքը, անդրադառնալով այսօր Անթալիայում մեկնարկած COP31 համաժողովին, նշել է.
«Ֆերմերների համար հարմարվողականությունն այլևս ընտրության հարց չէ, այլ ծախսատար գործընթաց, որի զգալի մասն իրենք են հոգում։ Անթալիայի համաժողովի հաջողությունը պիտի չափվի ոչ թե տրված խոստումներով, այլ թե որքան ֆինանսավորում կհասնի գյուղացիական տնտեսություններին և ջրավազաններին»։
Աղբյուրը՝ Ermenihaber.am