Փոխարժեքներ
20 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՀԷՑ-ին ՀԾԿՀ-ն այսօր տուգանել է 60 մլն դրամով: Հիմա` ՀԷՑ-ի տնօրեն Բիբինը, հավանաբար, մտածում է, թե ինչպե՞ս մուծի այդ տուգանքը` թանկարժեք մեքենա՞ն վաճառի, կամ գուցե հոսանքի սակագնի բարձրացման նոր հա՞յտ ներկայացնի` միանգամից 60 դրամով բարձրացնելու պահանջով: Հիմնավորումը` «60 մլն դրամ տուգանք պետք է վճարենք եւ չենք կարողանում», ի՞նչ վատ հիմնավորում է, որ:
Ամեն դեպքում, Բիբինն այս ողջ պատմության մեջ միակ մեղավորը չէ: Չէ, նա, իհարկե, կարող էր ավելի լավ տնօրինել ՀԷՑ-ը, ինչը, փաստորեն, չի արել, քանի որ այս ընկերությունը պարտքերի մեջ է: Բայց, այնուամենայնիվ, նա այնքան էլ մեղք չունի, որ ազգանունը Բիբին է, կամ որ «էլեկտրիկ Երեւան»-ի ոխերիմ թշնամի էլեկտրիկ Էդոն թաղի մեծ խանութի հետ պայմանավորվել է, որ այն հոսանքի փողի կեսը մուծի, բայց մի քսան հազար ամիսը տա Էդոյին:
Առհասարակ, ճիշտ եւ արդար կլիներ, եթե Բիբինն էլեկտրիկների ընդհանուր ժողով աներ, որտեղ պարտավորեցներ բոլոր նման էլեկտրիկներին մուծել եւ հավաքագրել այս 60 մլն դրամը: Բայց, քանի որ բոլոր նման էլեկտրիկներին չես կարող հայտնաբերել, եւ, որովհետեւ Բիբինը մի տեղ երկու ժամից ավելի նստելու հավես չունի, հատկապես` այդ ընթացքում հարցերին պատասխանելով, ապա առաջարկությունն անհնարին բան է:
Ուրեմն էլ որտեղի՞ց գտնել եւ մուծել 60 մլն դրամը: «Կրեմլից» տարբերակը միանգամից հանում ենք, քանի որ Մոսկվան, որպես կանոն, վերցնում է, ոչ թե տալիս: «ՀԷՑ-ի բյուջեից» տարբերակը, կարծես, չի էլ քննարկվում, քանի որ այն դատարկ է: «Բիբինի գրպանից» տարբերակն էլ արդարացի չէ, քանի որ միայն նա չէ մեղավոր, ուրեմն` որտեղի՞ց:
Կա, իհարկե, տարբերակ` «կառավարության պահուստային ֆոնդից», բայց, դե, կառավարությունն ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի տուգանքը մուծի: Մնում է, ուրեմն, մեկ տարբերակ` զանգահարել Հունաստան եւ հույների հետ խորհրդակցել «Ինչպե՞ս փող չտալ» թեմայի շուրջ: Չնայած շատ հեռու գնալ պետք չէ, հատկապես, որ Հունաստան հեռախոսազանգը կարող է թանկ արժենալ պարտքերի մեջ խրված ՀԷՑ-ի համար: Կարելի է հոսանք ծախսող հայաստանյան խոշոր գործարարների հետ նույն հարցով խորհրդակցել:
Այդուհանդերձ, ի՞նչ արժե Բիբինի մեքենան:
Հովիկ Աֆյան