Փոխարժեքներ
19 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հայաստանի Հանրապետության եւ Արցախի պաշտպանական գերատեսչություններում վերջին փոփոխությունները հանրության ուշադրության կենտրոնում են: Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ: Իսկ այդ պաշտոնը զբաղեցնող Լյովա Մնացականյանը նշանակվելու է ԼՂՀ պաշտպանության նախարար:
Ուշագրավ է, որ թեեւ նրա նշանակման հրամանը դեռ չկա, բայց գեներալն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստվում է ընտանիքով մեկնել Արցախ, քանի որ իրեն նշանակելու են ԼՂՀ ՊԲ հրամանատար: Շեշտում ենք` սա գեներալն է հայտարարել` զինվորականը, ռազմական գործիչը, ով ուղղակի պարտավոր էր սպասել, առնվազն` մինչեւ հրամանը լիներ:
Զուտ տրամաբանական տեսանկյունից` այս տեղափոխությունները նշանակում են, որ ինչ-որ իրավիճակ է փոխվել` լինի զուտ ռազմական, թե քաղաքական, ինչն, ի դեպ, եւս հնարավոր է. ելնելով տարածված խոսակցություններից` միակ հնարավորն է:
Թե իրականում ի՞նչ պատճառով է Մովսես Հակոբյանը գալիս Երեւան, հստակ չէ: Ուշագրավ է, որ, օրինակ, ըստ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի տրամաբանության, պետք էլ չէ ոչինչ իմանալ: «Ախր ձեր ի՞նչ գործն է, է, Ադրբեջանի համար ե՞ք հարցազրույցներ վերցնում»,- հայտարարել է պատգամավորը:
Պարոն Հարությունյանը երեւի չգիտի, որ երբ լրագրողին ասում ես, թե` ձեր ի՞նչ գործն է, նույնն է` դա ասես հասարակությանը: Համլետ Հարությունյանն, ըստ էության, ռազմական ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները չի համարում հասարակության գործը, այն հասարակության, որի որդիներն այսօր կանգնած են թշնամուց` տեղեր կան` քայլերի հեռավորության վրա, եւ որոնց հրամայում են նրանք, որոնց փոխում են: Գուցե Հանրապետականի խորհրդի նիստերում դրվածքն այնպիսին է, որ քննարկվող հարցերից շատերը Համլետ Հարությունյանի գործը չեն, բայց, ի տարբերություն ՀՀԿ-ի, սա երկիր է, որը ժողովուրդ ունի` սահմանապահ ժողովուրդ:
Իր գործընկերոջից հետ չի մնացել մեկ այլ հանրապետական` Գագիկ Մելիքյանը: Նա էլ նույն հարցին պատասխանել է, թե` ռազմական ոլորտի նշանակումների վերաբերյալ մեկնաբանություններ պետք է տան ոլորտի մասնագետները, եւ որ չարաչար սխալվում են նրանք, որոնց կարծիքով` այդ նշանակումները քաղաքական են: Նախ` ռազմական ոլորտի նշանակումները դիվերսիոն գործողություններ չեն, որտեղ, այո, լավ կլինի, որ խոսողները գոնե իմանան, թե դիվերսիան ինչ է, հետեւաբար` նշանակումների վերաբերյալ խոսելու համար մասնագիտական որակներ անհրաժեշտ չեն:
Բացի սրանից` ռազմական բարձրաստիճան նշանակումներն արդեն ինքնին քաղաքական նշանակություն ունեն, եթե անգամ չունեն, այլ սոսկ ռազմական նշանակություն ունեն, ապա ո՞րն է այն, ռազմական առումով իրավիճա՞կ է փոխվել, թե՞ դա էլ մեր գործը չէ: Բա լավ, ո՞րն է այդ` «մեր գործը», բացի, իհարկե» սսկված մնալուց, հարկեր տալուց, Տարոն Մարգարյանին շնորհակալություն հայտնելուց եւ բացառապես «Արարատ» հեռուստաընկերություն նայելուց: Ինֆորմացիայի առումով իրավունքներ ունի միայն հասարակությունը, ըստ որի նա պետք է իմանա, թե ինչ է կատարվում, իսկ իշխանությունն այս առումով միայն պարտավորություն ունի` տեղեկացնելու նույն հասարակությանը, թե ինչ է կատարվում:
Ու սա Ադրբեջանի համար հարցազրույց վերցնել կամ աշխատել չէ, այն պարզ պատճառով, որ մեր հասարակությունը ադրբեջանցի չի կոչվում: Ի դեպ, ադրբեջանցի հասարակության համար ոլորտներ կան, ՊՆ-ի գլխավորությամբ, որոնք ամբողջովին փակ են… Իսկ մենք…Մենք ադրբեջանցի չենք:
Հովիկ Աֆյան