Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-06-06 18:16
Առանց Կատեգորիա

Մատաղացու գառան դիվանագիտությունը

Մատաղացու գառան դիվանագիտությունը

Նախօրդ օրը հայկական բանակը երկու զինվորի կորուստ ունեցավ Հայաստան-Նախիջևան շփման գծում, որը համարվում էր համեմատաբար ավելի կայուն և ապահով, և որտեղ հայկական զինված ուժերի դիրքերն անհամեմատ ավելի լավն են ու հուսալի:

 

Ադրբեջանն ակնհայտորեն Նախիջևանը ներքաշում է, այսպես կոչված, ակտիվ կրակային գոտի և չի բացառվում, որ այդ ուղղությունից դիպուկահարների գործողություններ և դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր լինելու են ավելի ու ավելի հաճախակի: Սա հեռավոր Տավուշի մարզը չէ և ոչ էլ ղարաբաղա-ադրբեջանական սահմնանագիծը: Այստեղ կրակոցները հնչում են ուղիղ Երևանի ականջի տակ: Բաքվում ուզում են հասկացնել, որ նույնիսկ մայրաքաղաք Երևանում մարդիկ այլևս չեն կարող հանգիստ գլուխները դնել բարձին:

 

Բայց խնդիրը միայն դրանով հայաստանյան հասարակությանը խուճապի մատնելու ցանկությունը չէ: Նախիջևանում գործում է ադրբեջանական առանձին բանակ` իր բոլոր զորամիավորումներով, որը դե ֆակտո ենթակա է Թուրքիային: Նախիջևանն ինքը գտնվում է Թուրքիայի պրոտեկտորատի ներքո` առանձնահատուկ կարգավիճակով: Հետևաբար, եթե այնտեղից սկսել են կրակել, ուրեմն դա բխում է ոչ միայն Բաքվի, այլ նաև Անկարայի ցանկությունից, ինչը նշանակում է, որ տեղի է ունենում Նախիջևանի միջոցով հայկական կողմին կիսով չափ Թուրքիայի դեմ սադրելու ակնհայտ փորձ:

 

Դժվար է ասել` ինչ գործողություններ կհետևեն Անկարայի կողմից, եթե հայկական զինված ուժերն անցնեն այդ ուղղությամբ պատասխան պատժիչ գործողությունների: Ու թերևս հենց դա է պատճառը, որ այս անգամ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարկ համարեց իրավիճակի մասին տեղյակ պահել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և առաջին անգամ բաց տեքստով սպառնալ Ադրբեջանին: Դա առաջին հերթին մատնում էր ստեղծված նոր իրողություններից Երևանի անհանգստությունը:

 

Սակայն կոնկրետ այս դրվագում ամենաէականն այն է, որ Նախիջևանն ուղղակի սահմանակցում է հայկական պետական սահմանի այն հատվածին, որը վերահսկում են Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի սահմանապահ ուժերը: Նախիջևանից նման սադրանքն ուղղված է Հայաստանի, այլ ոչ թե ԼՂՀ-ի տարածքի դեմ: Դա ոտնձգություն էր մի երկրի տարածքի նկատմամբ, որի անվտանգությունը երաշխավորելու պարտավորություն ունի Ռուսաստանը երկկողմ ռազմական համագործակցության պայմանագրի, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում: Հետևաբար, այս սադրանքը ուղղակիորեն պատասխանելու էր այն հարցին, թե ինչպիսի՞ն է լինելու առաջին հերթին Ռուսաստանի արձագանքը:

 

Սակայն Մոսկվան ոչ միայն չարձագանքեց, այլև այն նույն պահին, երբ ադրբեջանա-թուրքական բանակի դիպուկահարները «որս» էին իրականացնում Հայաստանի սահմանի ուղղությամբ, ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Ադրբեջանի Մեջլիսի նախագահի հետ հանդիպման շրջանակում ոգևորված հայտարարում էր, թե Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Ադրբեջանն է:

 

Նախիջևանյան սադրանքը տեղի ունեցավ բոլորովին էլ ոչ պատահական ինչ-որ պահի: Նույն օրը թուրքական Բոդրում քաղաքում հավաքվել էին Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի, Ղրղզստանի և Թուրքմենստանի ղեկավարները` մասնակցելու թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական նիստին: Դրա շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երախտագիտությունն էր հայտնում ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի մեկ այլ «դաշնակցի»` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում իր նամակի ընթերցման և Հայաստանի ու Ղարաբաղի սահմանազատման խնդիրը բարձրացնելու միջոցով Հայաստանին նվաստացնելու և Բաքվի շահերը եղբայրաբար պաշտպանելու համար: Բոդրումի խորհրդաժողովի ընթացքում Նազարբաևն, իր հերթին, Թուրքիային հրավիրում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:

 

Ղազախստանն ակնհայտորեն փորձում է եվրասիական այս նոր միությունը վերածել թյուրքական գործոնի համաշխարհայնացման հարթակի և թյուրքական պետությունների յուրօրինակ ակումբի: Այնքանով, որքանով դա այս պահին ձեռնտու է Ռուսաստանին, Հայաստանը, փաստորեն, ինքնակամ գնում է` գերի հանձնվելու ռուս-թուրքական այս նոր, թեկուզ ժամանակավոր դաշնակցությանը, որից միշտ դուրս է եկել թե' բարոյական, թե' քաղաքական, բայց որ էլ ավելի ցավալի է` մարդկային ու տարածքային կորուստներով: Այս իմաստով նախիջևանյան սադրանքն ընդամենը միջոց է` հիշեցնելու Հայաստանին, թե ԼՂ հարցում զիջումների չգնալը ինչ հետևանքներ կարող է ունենալ, և որքան մենակ է իր խեղճության մեջ:

 

Եվ ահա այս ամենի ֆոնին հանկարծ ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակը հայտարարում է, թե, չնայած տեղի ունեցող պրոցեսներին, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանի հետ իր ստրատեգիական կապերին: Վերջ, այսքանով սկսվում ու այսքանով ավարտվում է Հայաստանի դիվանագիտությունը և պատասխանն իր շուրջն ընթացող արմատական փոփոխություններին: Հայաստանի իշխանությունը շարունակում է գործել այն տրամաբանությամբ, թե ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է ԼՂ հիմնահարցի` պրոհայկական լուծման շահերից և բացարձակապես չի ուզում քննարկել կամ գոնե հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե որքանով է Թուրքիային և Ադրբեջանին այդ նոր միություն ներքաշելու `ռուս-ղազախական քաղաքական ուղեգիծը բխում իր շահերից: Հայաստանը պարզապես ոչինչ, բառի բուն իմաստով, ոչինչ չի անում` իր պետական շահերը առևտրի առարկա դարձնելու ակնհայտ միտումները կասեցնելու կամ գոնե այդ առևտրականներին հասկացնելու համար, որ չի պատրաստվում դառնալ մատաղացու գառ:

 

Փոխարենը իշխանությունն անուղղակի ուղերձ է հղում սեփական հանրությանը, որ դիվանագիտության խնդիրը բոլորովին էլ երկրի հեղինակությունը խայտառակությունից փրկելու մասին մտածելը չէ, և որ արտաքին գործերը պարզապես տունտունիկ խաղալու, ձեռքի հետ հարմար երկրներում գերշահութաբեր գործեր դնելու միջոց է: Դրա համար էլ միանգամայն բնական է դառնում, օրինակ, ծանրամարտի լեգենդար մարզիկ, բայց չկայացած քաղաքական ու պետական գործիչ Յուրի Վարդանյանին չնեղացնելու տրիվիալ նպատակով դեսպան կարգել Վրաստանի նման մի երկրում, որի հետ հարաբերությունները ավելի ու ավելի ստրատեգիական նշանակություն են ձեռք բերում: Ահա այսպես է պաշտոնական Երևանն արձագանքում արտաքին ավելի ու ավելի ահագնացող մարտահրավերներին:

 

Ողջ Հարավային Կովկասը այս օրերին եռում է, իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չկա, չի երևում: Երևի քնած է ալպիական մանուշակի թերթիկների արանքում:

 

Գևորգ Աղաբաբյան