|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Վերջին շրջանում ընդունվեցին եւ հրապարակվեցին մի շարք նոր օրենքներ, որոնք հանգեցրեցին ստոմատոլոգների եւ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող միջնորդների բողոքին: Այդ օրենքների առաջացրած խնդիրների, դրանց վերաբերյալ պատկերացումների ու այլ հարցերի մասին Yerkir.am-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ, ով նոր օրինագիծ է առաջարկում այս ուղղությամբ:
-Պարո’ն Մինասյան, ինչո՞ւ ատամնաբույժները մի օր զարթնեցին եւ հանկարծ իմացան, որ իրենց ոլորտին առնչվող նոր օրենք կա, որի մասին իրենք նախօրոք տեղյակ չեն եղել:
-Նախ ասեմ, որ ոչ միայն ատամնաբույժները, այլեւ մի շարք այլ ոլորտներում աշխատող անձանց մասով 2012 թվականի դեկտեմբերին կատարվեցին փոփոխություններ հարկային ոլորտում, որոնք էականորեն փոխում են խաղի կանոնները թե’ ստոմատոլոգիական ծառայությունների, թե’ այլ ոլորտներում եւս, ինչպես օրինակ` անշարժ գույքի գործակալների եւ այլ գործունեությունների մասով; Ցավում եմ, որ ատամնաբույժները օրենքը ուժի մեջ մտնելուց հետո արթնացան կամ ավելի ակտիվ սկսեցին ահազանգել, որովհետեւ այս փոփոխությունների դեմ, մասնավորապես մենք` ՀՅԴ խմբակցությունը, հանդես էր գալիս այն ժամանակ, երբ այն քննարկվում էր Աժ-ում` եւ ոչ միայն կոնկրետ ատամնաբույժների, այլեւ ընդհանրապես հարկային օրենսդրութան լայնամասշտաբ փոփոխությունների մասին է խոսքը:
Մեր առարկության համար երկու հիմնարար պատճառ կար. Առաջինը` չի կարելի եւ պրակտիկայում ընդունված չէ, խոսքը միջազգային փորձի մասին է, որ հարկային օրենսդրության փոփոխությունները, որոնք բերում են հարկ վճարողների գործունեության պայմանների բարդացմանը, նման արագընթաց կարգով քննարկվեն եւ ուժի մեջ մտնեն: Հարկավոր է, որ դրանց նախորդեն շատ լուրջ քննարկումներ թե’ օրենսդրական նախաձեռնության հեղինակների եւ թե’ նաեւ պառլամենտի անդամների կողմից: Որպեսզի խաղի կանոնները, մինչեւ ընդունումը, ընկալելի եւ հասկանալի լինեն հատկապես մասնագիտական շրջանակների համար:
Ցավոք, այս կետը կառավարությունը չէր պահպանել, չնայած իրենց հրապարակային պնդումներին, թե իրենք նախնական քննարկումներ ունեցել են, հանրային քննարկումների շրջանակներում համաձայնեցրել են թե’ ոլորտի մասնագետների եւ թե’ պետական կառավարման համապատասխան մարմնի` տվյալ դեպքում առողջապահության նախարարության հետ: Բայց ինչպես հետագայում պարզվեց, մենք էինք ճիշտ, այսինքն` այս հարցը ոչ միայն չէր քննարկվել ըստ էության ոլորտի մասնագետների եւ գործունեություն իրականացնող սուբյեկտների հետ, այլ նաեւ պատշաճ մասնագիտական քննարկումներ եւ հիմնավորումներ չունեին իրենց մեջ: Եվ երկրորդ հիմնարար պատճառն այն է, որ յուրաքանչյուր օրինագիծ պետք է ունենա իր նպատակն ու փիլիսոփայությունը:
Ցավոք` այս տիպի նախաձեռնություններն այդպես էլ չեն ձեւակերպում իրենց խորքում, թե ի վերջո ինչի են միտված ու ինչ նպատակ ունեն: Անգամ եթե մենք դիտարկենք օրենքի նախագծի հիմնավորումները, մենք տեսնում ենք, որ չկա հստակ ձեւակերպված նպատակ` ի վերջո սա ի՞նչ նպատակ է հետապնդում` արդյոք բյուջեն հավելյալ գումարներ լցնելո՞ւ, թե՞ ստվերային տնտեսությունը կրճատելու, թե՞ խաղի կանոնները հեշտացնելու եւ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու ծրագրերի իրականացման տեսակետից:
Սակայն, դատելով փոփոխությունների տրամաբանությունից եւ ձեւակերպված նորմերից, կարող ենք եզրակացնել, որ այս փոփոխությունները հիմնականում տանելու են ոլորտի մենաշնորհացմանը եւ հավելյալ բացասական ռիսկեր են իրենց մեջ ներառում: Մանսավորապես` աշխատատեղերի կրճատում, գների կտրուկ աճ` այս ոլորտի ծառայությունների, դենտալ տուրիզմի ծավալների էական նվազեցում եւ որպես կողմնակի ազդեցություն նաեւ Հայաստանի տուրիստական ծառայությունների ոլորտում վնասների առաջացում, եւ ի վերջո այս ամենը կարող է առաջացնել առողջապահական ոլորտում բնակչության ատամնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտում վատթար վիճակի ձեւավորման: Եվ ի վերջո, որպես բացասական վերջնական արդյունք, նաեւ ֆիսկալ տեսակետից` բյուջետային մուտքերի նվազեցմամբ: Սրանք ոչ միայն տեսական, այլեւ պրակտիկ դատողություններ են:
Օրենքի քննարկման ժամանակ մենք վստահ էինք, որ սա բացասական ազդեցություն ունենալու է: Եվ եղավ այդ ազդեցությունը` մենք տեսնում ենք, որ բազմաթիվ կլինիկաներ արդեն փակվել են, մի մասը սպառնում է փակվել, մեկ այլ հատված` գները կտրուկ բարձրացնել: Եվ արդեն տարածված տեղեկություններով` կան որոշ օլիգարխներ, ովքեր արդեն մտադիր են այս ոլորտի մենաշնորհացման ուղղությամբ իրականացնել մեծածավալ աշխատանքներ: Մասնավորապես` ներկրել ստոմատոլոգիական ծառայությունների համար նախատեսված այնքան շատ բազկաթոռներ, որպեսզի ոլորտում իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը:
Մինչդեռ այսօր մենք ունենք շուրջ 36 հազար մարդ` այս ոլորտում աշխատող, որոնցից միայն 12 հազարը բուն բժիշկ-ստոմատոլոգներն են, եւ 6-7 հազարը կազմում են ատամնատեխնիկ մասնագիտացմամբ աշխատող մարդիկ: Ամեն մի բժիշկ իր հետ միասին առնվազն երկու աշխատատեղ է ստեղծում: Պատկերացրե’ք, որ անգամ եթե այս օրենքը 30 տոկոս բացասական ազդեցություն ունենա, ապա ինչ հսկայական վնասներ ենք մենք ստանում աշխատատեղերի փակման տեսակետից, եւ եթե դա վերածենք ֆինանսական ռեսուրսի, ապա բյուջետային մուտքերի հսկայական կորուստ կլինի:
Էլ չասած այն, որ այս մարդիկ հետո պետք է որպես գործազուրկներ պետական բյուջեից եւս գումարներ ստանանա: Իսկ ամենավատ հետեւանքն այն կլինի, որ լինելով որակյալ մասնագետներ, այս մարդիկ պարզապես կլքեն Հայաստանը:
-Դուք նշեցիք, որ նման օրենքները հապճեպ չեն ընդունվում: Բայց սա առաջին օրենքը չէ, որ հասարակության ավելի լայն շրջանակի է վերաբերում, բայց բերվում է հապճեպ եւ ընդունվում է հապճեպ. Ո՞րն է պատճառը, որ այսպիսի հապճեպ որոշումներ եւ օրենքներ են ընդունվում:
-Ես կարող եմ ենթադրություն անել, որովհետեւ ինձ իրավունք չեմ վերապահում վստահաբար մի բան պնդել, եւ այդ ենթադրությունը փորձում եմ հիմնավորել այն պատասխանների վրա, որ հնչել են հարցուպատասխանի ժամանակ` նմանատիպ օրենքների քննարկումների ընթացաքում: Իմ ենթադրություններից առաջինն այն է, որ իսկապես քաղաքական մեծամասնությունը վախենում է նման օրենքները հանրային լայն քննարկման առաջկա դարձնել, եւ օգտվելով իր մեծաթիվ լինելու հանգամանքից, փորձում է պարզապես պարտադրել հասարակությանը:
Եվ քանի որ անկախ նրանից, որ ընտրություններ են սպասվում 2013 թվականին, նրանք այս քայլն անում են` ցույց տալու համար իրենց ուժը` որ իրենք կարող են պարտադրել ցանկացածին` շարժվել այդ խաղի կանոններով: Որովհետեւ նրանք ընտրություներում կախված չեն ընտրողների ձայներից, իրական կամարտահայտությունից: Հակառակ դեպքում նման վարքագիծ չէր դրսեւորի որեւէ իշխանություն` ընտրություններից 1-2 ամիս առաջ: Առնվազն հաշվի կառներ այս մարդկանց ցանկություները, մոտեցումները, ձգտումները:
Երկրորդ պատճառը` ենթադրության մակարդակով, կարծում եմ` կառավարությունը վստահ չէր իր նախագծերի բացարձակ ճշմարտացիության մեջ եւ փորձում է սրանով ոչ թե քննարկել եւ ճշմատությունը բացահայտել, այլ իրենց պատկերացրած մոդելը պարտադրել հասարակությանը: Երրորդ ենթադրությունս այն է, որ սրանով փորձ է արվում ոչ միայն ոլորտը մենաշնորհացնել, այլեւ իրականում կտրել հիմքից այն մարդկանց վարքագծի առավել անկախ դրսեւորումները, ովքեր ինքնուրույն են իրենց եկամուտն ապահովում. Ինչքան հնարավոր է, գործող իշխանությունը, կարծես, փորձում է իրենից կախվածության մեջ պահել անգամ նման բարձրորակ ծառայություններ մատուցող անձանց կողմից մատուցվող աշխատանքները:
Որովհետեւ քիչ թե շատ ավելի անկախ եկամուտներ վաստակող մարդն ավելի ինքնուրույն է իր որոշումների մեջ եւ ավելի վստահ է քայլ կատարում: Իսկ այս ոլորտը վստահաբար այդ տեսակներից կարելի է համարել: Որովհետեւ ստոմատոլոգները, ովքեր հսկայական ծախսեր են կատարել իրենց մասնագիտական կրթության, վերապատրաստման, եւ թե’ նաեւ որակյալ ծառայության մատուցման ուղղությամբ, նրանք կարողանում են վաստակել որոշակի եկամուտներ: Այն պնդումը, որ ստվերային տնտեսության դեմ պայքար է սա, մասնակիորեն քողարկում է իմ կողմից նշված ենթադրությունները:
Որովհետեւ այպես չէ, որ այս ոլորտում չկա ստվեր: Ստվեր կա, եւ դրա մեծությունը գնհատվում է մինչեւ 50 տոկոս: Անգամ եթե 100 տոկոս գնահատվեր ստվերի մեծությունը, դա չպետք է բերեր հարկային նման կտրուկ տատանման: Որովհետեւ մինչ այս փոփոխությունենրը, ստոմատոլոգիական ծառայությունները հարկվում էին ստանդարտ հարկային համակարգով` շահութահարկով, եւ եթե 58.3 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեին` նաեւ ավելացված արժեքի հարկով:
Սակայն, որպես կանոն, կլինիկաների մի ստվար զանգվածը ներառված էր միայն շահութահարկի դաշտում: Եվ մեկ բազկաթոռին ընկնող հարկման մեծությունը 15-20 հազար դրամի կարգի էր: Եվ եթե անգամ 100 տոկոս ստվերի մասին խոսեինք, ապա սա լավագույն դեպքում, կարող էր կրկնապատկվել` 30-40 հազար կարող էր դառնալ մեկ բազկաթոռի հարկային բեռը, այլ ոչ թե 80 հազար դրամ, որը մոտ 5-5.5 անգամ ավել հարկային բեռ է նախատեսում` առանց հաշվի առնելու իմ նշած բացասական դրսեւորումները:
Եվ այսքանից հետո կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը պետք է, բնականաբար, ամեն ջանք գործադրեն, որպեսզի ապահովեն իրենց, իբր, ճշմարտացիությունը:
-Իսկ այդ դեպքում ի՞նչ պետք է անի քաղաքական փոքրամասնությունը. Չէ՞ որ քաղաքական փոքրամասնությունից էլ են այժմ բավական թվով մարդիկ ներգրավված Աժ աշխատանքներում: Ինչո՞ւ ժամանակին չի բարձրաձայնվում սրա մասին եւ չի ուղղորդվում հասարակական կարծիքն այս ուղղությամբ:
- Մենք իսկապես ժամանակին բարձրաձայնել էինք հարկային փոփոխությունենրի նման բացասական դրսեւորումները: Ավելին` մենք անգամ հրապարակեցինք ԱԺ-ում մի տեսակետ, որն ասում է, որ այսպիսի փոփոխությունները խնդիր ունեն սահմանադրության հետ: Մասնավորապես` մենք գտնում ենք, որ հարկային այնպիսի փոփոխությունները, որոնք կատարվում են օրենքի պահանջների խախտումներով, կարող են դիտարկվել, որպես հակասահմանադրական:
Բերեմ հիմնավորումը` հարկերի մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` հարկային նոր դրույքաչափը, կամ նոր հարկատեսակը, կամ այնպիսի պայմանների ամրագրումը, որոնք խստացնում կամ անբարենպաստ վիճակ են ստեղծում հարկ վճարողի համար, կարող են գործողության մեջ դրվել պաշտոնական հրապարակումից ոչ շուտ, քան 30 օրը: Երկրորդ` այդպիսի փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն ֆինանսական տարվա սկզբից: Այս փոփոխությունենրն ընդունվել են ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից 2012 թվականի դեկտեմբերի 19-ին: Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել եւ հրապարակվել է օրենքը 2012 թվականի դեկտեմբերի 28-ին:
Հետեւաբար հարկերի մասին օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` չէր կարող այս օրենքը 2012 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ դրվել: Մյուս կողմից այն չէր էլ կարող փետրվարի 1-ից գործողության մեջ մտնել, քանի որ անգամ եթե 30 օրվա կանոնը պահպանվեր, կխախտվեր օրենքի մյուս` ֆինանսական տարվա սկզբից գործողության մեջ մտնելու նորմը: Հետեւաբար, եթե անգամ այսպիսի բովանդակությամբ օրենք էր ընդունվում եւ գործողության մեջ դրվում, այն կարող էր, լավագույն դեպքում, ուժի մեջ մտնել 2014 թվականի հունվարի 1-ից:
Բայց քաղաքական մեծամասնությունն անտեսեց այս պահանջը: Ամբիոնից, մասնավորապես ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները հնչեցրել են այս տեսակետները, պնդել են, պահանջել են, որպեսզի վերանայում տեղի ունենա: Ես չեմ ուզում այլ ընդդիմադիր հատվածի կամ այլընտրանքի մասին խոսել, դա իրենց խնդիրն է, բայց մենք պայքարել ենք եւ շարունակում ենք պայքարել:
Ու պատահական չէ, որ հիմա ստոմատոլոգների հետ էլ մեր հանդիպումները ցույց են տալիս ու վկայում են այն մասին, որ մենք քաջատեղյակ ենք խնդրից, պայքարել ենք եւ հիմա էլ փորձում ենք իրենց օգտակար լինել այս պայքարի մեջ: Մասնավորապես` մենք շրջանառության մեջ ենք դրել օրենքի փոփոխությունենրի մի նախագիծ, որով առաջարկում ենք հիմնվորապես վերանայել ստոմատոկոգիական ծառայությունենրի հարկման համակարգը:
Շարունակելի…
Հարցազրույցը` Գեւորգ ԱՎՉՅԱՆԻ