Միասին կարող ենք
կարևոր
538 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-06 17:07
Իրավական

Երևանում ավտոբուսին բախված մեքենայի վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երևանում ավտոբուսին բախված մեքենայի վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոբուսին բախված ավտոմեքենայի 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

«Դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 1-ին մասով, 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 3-րդ կետով և 344-րդ հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) 1-ին մասով»,- հայտնում են դատախազությունից։

Հիշեցնենք՝ մայիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 19-ամյա տղայի մասնակցությամբ վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով։

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում 19-ամյա երիտասարդը Մյասնիկյան պողոտայում անկանոն վարում է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վազանց է կատարում չթույլատրված հատվածներում ու բախվում ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը, այդ թվում` բուն ավտովթարի պահը, նկարում է նրա կողքին նստած ընկերը։ Դրանից հետո ևս մեկ տեսանյութ տարածվեց համացանցում, թե ինչպես է 19-ամյա վարորդը կարտոֆիլի չիպսեր ուտելով դիտում իր մասնակցությամբ վթարի տեսանյութն ու զվարճանում։