կարևոր
631 դիտում, 59 րոպե առաջ - 2026-09-14 22:06
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի աջակցում Շոտլանդիայի և Ուելսի անկախության վերաբերյալ նոր հանրաքվեների անցկացմանը, իսկ Հյուսիսային Իռլանդիայի դեպքում հայտարարում է, որ ներկայում հանրաքվե նշանակելու համար բավարար հիմքեր չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցչին։

Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ վարչապետ Էնդի Բերնհեմի մոտեցումը Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարների հետ աշխատանքում հիմնված է գործընկերության և համագործակցության վրա։

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը կենտրոնացած է ընտանիքների համար կարևոր խնդիրների լուծման վրա, այդ թվում՝ տնային տնտեսությունների ֆինանսական ճնշման թուլացման և ավելի մեծ տնտեսական անվտանգության ապահովման, այլ ոչ թե սահմանադրական բանավեճերի կամ հետագա հանրաքվեների վրա»,- հայտնել է կառավարության ներկայացուցիչը։

Հայտարարությունը հնչել է Քարդիֆում Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի ազգայնական ուժերի առաջնորդների հանդիպումից հետո։ Նրանք ստորագրել են հուշագիր և հայտարարել, որ Վեստմինստերի որևէ կառավարություն չպետք է խոչընդոտի ժողովուրդների՝ իրենց ապագան որոշելու իրավունքին և կոչ արել բրիտանական կառավարությանը պատրաստվել հնարավոր սահմանադրական փոփոխություններին։