|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ հունիսի 7-ի ընտրությունների գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» տարել է հաղթանակ եւ միանձնյա ձեւավորելու է ապագա կառավարությունը, իշխանական կուլիսներում ընտրությունների արդյունքների շուրջ քննարկումները չեն դադարում։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է ոչ այնքան ընտրությունների վերջնական արդյունքներից, որքան իրեն նախընտրական շրջանում ներկայացված կանխատեսումներից։ Մեր տեղեկություններով՝ մինչեւ ընտրությունների օրը վարչապետին զեկուցվել է, որ ՔՊ-ի աջակցությունը գտնվում է 65-67 տոկոսի միջակայքում, եւ իշխանությունը ոչ միայն վստահ հաղթանակի, այլեւ սահմանադրական մեծամասնության հասնելու իրական հնարավորություն ունի։
Սակայն ընտրությունների արդյունքները ցույց տվեցին բոլորովին այլ պատկեր. ՔՊ-ն ստացավ շուրջ 49 տոկոս ձայն, ինչը զգալիորեն տարբերվում էր վարչապետին ներկայացված կանխատեսումներից։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը ներքին քննարկումների ընթացքում հանձնարարել է պարզել, թե ինչու են իրեն ներկայացվել իրականությունից կտրված գնահատականներ։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն կուսակցական կառույցներին, այլեւ այն շրջանակներին, որոնք զբաղվել են ընտրական տրամադրությունների եւ քաղաքական իրավիճակի գնահատմամբ այդ թվում իրավապսհ կառույցները:
Մեր տեղեկություններով՝ իշխանության ներսում արդեն սկսվել է փոխադարձ արդարացումների փուլը։ ՔՊ-ի որոշ ներկայացուցիչներ փորձում են բացատրել արդյունքների տարբերությունը նրանով, թե իբր ընտրություններին ընդառաջ Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիներ են ժամանել Հայաստան եւ իրենց ձայները տվել Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» դաշինքին։
Սակայն իրականում ՀՀ ԱԱԾ-ի տվյալներով, 2026 թվականի մայիսի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի փոքր է, քան նախորդ տարվա ճիշտ նույն օրերին։
Ըստ պաշտոնական տվյալների,
2025 թվականի մայիսին և հունիսի առաջին 4 օրերին օդային և ցամաքային ճանապարհով Հայաստան է ժամանել 193 հազար 47 ՀՀ քաղաքացի, իսկ 2026-ի նույն օրերին՝ 179 հազար 657 ՀՀ քաղաքացի։
Տարբերությունը՝ 13 հազար 390 ՀՀ քաղաքացի, որը կազմում 7,5 տոկոս:
Այսինքն այն հայտարարությունները, թե ՌԴ-ից Հայաստան են եկել մարդիկ՝ քվեարկելու ընդդիմությանը, պարզապես կեղծ են ու փաստորեն խաբված է նաև վարչապետը: Չի բացառվում որոշ իրավապահներ սխալ կախատեսումների և պնդումների համար ազատվեն զբաղեցրած պաշտոններից»։