Միասին կարող ենք
կարևոր
2410 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-27 10:04
Քաղաքական

Խաղաղության սահմանը․ Լևոն Զարգարյան

Խաղաղության սահմանը․ Լևոն Զարգարյան

Վերլուծաբան Լևոն Զարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Իշխանության ներկայացուցիչները և նրանց քարոզիչները հաճախ պնդում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ճանապարհին կարևորագույն քայլերից մեկը երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտն է, և որ առանց դրա կայուն խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Առաջին հայացքից թեզը հնչում է ռացիոնալ՝ իսկապես, պետությունների միջև սահմանի հստակեցումը կարող է կանխել տարաձայնություններն ու միջադեպերը։

Սակայն խաղաղության հասնելու նրանց այս բանաձևը դիտավորյալ խառնում է երկու բոլորովին տարբեր գործընթաց՝ սահմանազատումը (delimitation) ու սահմանագծումը (demarcation)՝ որպես տեխնիկական ընթացակարգեր, և խաղաղությունը՝ որպես քաղաքական վիճակ։

Սահմանազատումը երկու պետությունների միջև սահմանի օրինական գծի որոշումն է քարտեզի վրա, սահմանագծումը՝ դրա ֆիզիկական նշագծումը տեղում՝ «հողի վրա»։ Սրանք իրավաբանական-քարտեզագրական ընթացակարգեր են, որոնք կարող են ձգվել տասնամյակներ՝ անկախ նրանից՝ կողմերը գտնվում են բարեկամական, չեզոք, թե թշնամական հարաբերությունների մեջ։ Խաղաղությունը, ի տարբերություն դրա, ենթադրում է փոխադարձ վստահության որոշակի մակարդակ և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարում։ Կարելի է ունենալ ճշգրիտ դելիմիտացված սահման ու մեկ օրում պատերազմ սկսել, և կարելի է տասնամյակներով չունենալ ճշգրիտ սահման՝ ապրելով ամուր ռազմավարական գործընկերության պայմաններում։

Երկրորդ սցենարի ապացույցը մեր կողքին է՝ Վրաստան-Ադրբեջան հարաբերությունները։ Մինչ օրս երկու պետությունների միջև մոտ 480 կմ սահմանի շուրջ մեկ երրորդը դելիմիտացված և դեմարկացված չէ. վեճը հատկապես սուր է եղել Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ, որի մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Չնայած այս չլուծված հարցին՝ Թբիլիսին և Բաքուն երեք տասնամյակ շարունակ կառուցել են տարածաշրջանի ամենաամուր երկկողմ գործընկերությունը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, Հարավկովկասյան գազատար (Բաքու-Թբիլիսի-Էրզրում), Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի, իսկ ադրբեջանական SOCAR-ն այսօր Վրաստանում խոշորագույն օտարերկրյա ներդրողն է։ Ավելին, 2020թ․ հոկտեմբերին՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ, Վրաստանի իրավապահները ձերբակալեցին սահմանազատման հանձնաժողովի երկու նախկին անդամներին՝ Իվերի Մելաշվիլիին և Նատալյա Իլիչովային՝ դավաճանության մեղադրանքով, համաձայն որի՝ քարտեզագիրները սխալ քարտեզներ էին օգտագործել 2006-2007թթ․ սահմանազատման աշխատանքների ընթացքում, ինչը Վրաստանին զրկել էր մոտ 3500 հեկտար տարածքից։ Քրեական գործը, դավաճանության մեղադրանքները, վրացիների համար խորհրդանիշ համարվող վանական համալիրի շուրջ վեճը ստանդարտ չափանիշներով պետք է ստեղծեին բավական բարդ և լարված իրավիճակ Բաքվի և Թբիլիսիի միջև։ Սակայն այս հարցերը չխանգարեցին երկու պետություններին պահպանել իրենց ռազմավարական դաշինքը։

Նմանատիպ պատկեր կա նաև այլ երկրների միջև։ Ռուսաստան (ԽՍՀՄ)-Չինաստան սահմանազատման բանակցությունները ձգվել են տասնամյակներ և վերջնական դեմարկացիան ավարտվել է միայն 2008-ին, սակայն այդ ողջ ընթացքում երկու երկրները զարգացրել են փոխադարձ ռազմավարական գործընկերությունը։ Ռուսաստան-Ղազախստան համանման համաձայնագիրը (աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը՝ ավելի քան 7500 կմ) կնքվել է միայն 2005-ին, սակայն երկու պետություններն մինչ այդ էլ եղել են ՀԱՊԿ և ԱՊՀ միևնույն դաշնակցային կազմակերպություններում։ Վերոգրյալ և բազմաթիվ այլ օրինակները ցույց են տալիս, որ սահմանազատման բացակայությունը կամ գործընթացի ձգձգումն ինքնին ոչ պատերազմ է առաջացնում, ոչ էլ խոչընդոտում խաղաղ ու գործընկերային հարաբերությունների կառուցմանը։

Վերադառնանք հայ-ադրբեջանական սահմանին։ 2024 թ․ ապրիլ-մայիսին Հայաստանն Ադրբեջանին հանձնեց Տավուշի մարզում գտնվող չորս գյուղերի (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր) շրջակայքի տարածքները՝ որպես սահմանազատման «առաջին փուլի» գործողություն։ Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ն․Փաշինյանը նկարագրում էր ապագա, որտեղ Ադրբեջանն այլևս 50 մետր հեռու սպառնալիք չէ, այլ՝ տնտեսական ակտիվության աղբյուր՝ նոր մաքսակետերով ու եկամուտներով. ողջ զիջումը ներկայացվում էր որպես խաղաղության նախադրյալ։ Ընդդիմությունը և հատկապես ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը զգուշացնում էին, որ սա ոչ թե խաղաղության սկիզբն է, այլ միակողմանի զիջում, որից հետո կհաջորդեն նոր պահանջներ։

Երկու տարի անց արդյունքները հետևյալն են․

1․ Տավուշի այդ 13 կիլոմետրանոց հատվածից բացի, սահմանազատման այլ տեղամասերում առաջընթաց չկա։ Ադրբեջանը 2021 և 2022թթ․ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից օկուպացրած 200-ից ավելի ք․կմ-ից մեկ թիզ անգամ չի վերադարձրել, իսկ 2025թ․ օգոստոսի Վաշինգտոնյան համաձայնագրում ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին ոչ մի խոսք չկա։ Ավելին, նույն ժամանակաշրջանում ադրբեջանական զորքերը Վարդենիսի հատվածում նոր առաջխաղացումներ են ունեցել։ Հայաստանը զիջեց չորս գյուղերից տարածքներ, սակայն 200+ ք․կմ տարածքը մնաց ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ։ Փոխադարձություն չեղավ։

2․ Խաղաղության պայմանագիրը մինչ օրս ստորագրված չէ։ 2025թ․ մարտին հայտարարվեց, որ տեքստը համաձայնեցված է, օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանն այն նախաստորագրեցին։ Սակայն անմիջապես հետո Ալիևն սկսեց առաջ քաշել նոր նախապայմաններ (իր ձևակերպմամբ՝ «տնային աշխատանք Հայաստանի համար»)՝ ՀՀ սահմանադրության փոփոխություն։

3․ Զուգահեռաբար խաղաղ բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը 2025թ․ հունիսին ձերբակալվեց ահաբեկչության, զանգվածային անկարգությունների կազմակերպման և իշխանության յուրացման փորձի մեղադրանքներով և մինչ օրս գտնվում է կալանքի տակ։

4․ Ադրբեջանը որևէ քայլ չի ձեռնարկել 44-օրյա պատերազմի, ինչպես նաև 2023թ․ սեպտեմբերյան հարձակման և Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածների մարմինների որոնողական աշխատանքների ուղղությամբ՝ որպես հումանիտար քայլ։

5․ Ապրիլի 21-ին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին, Ադրբեջանը Ստեփանակերտում քանդեց առաջնորդանիստ Սուրբ Աստվածածնի (Հովանու Մայր) տաճարը, իսկ դրանից օրեր առաջ՝ Սբ․Հակոբ եկեղեցին։ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի տվյալներով՝ 2023թ․ սեպտեմբերից ի վեր Արցախում արձանագրվել են ավելի քան 1000 վանդալիզմի դեպքեր, իսկ Caucasus Heritage Watch-ի տվյալներով՝ արձանագրված 127 հայկական մշակութային ժառանգության օբյեկտներից 110-ը կա՛մ ոչնչացված են, կա՛մ վնասված, կա՛մ սպառնալիքի տակ։ Սա այն երկրի վարքագիծն է, որը, ըստ իշխանական քարոզչամեքենայի, մեզ հետ խաղաղության է գնում։

Վերոգրյալը ցույց է տալիս, որ սահմանի դելիմիտացիան ու դեմարկացիան պարտադիր նախադրյալ չեն խաղաղության համար։ Հակառակը նույնպես ճիշտ է․ սահմանի ճշգրիտ գիծը խաղաղության երաշխիք չէ։ Խաղաղությունը կախված է մյուս կողմի մտադրությունից, ուժերի հարաբերակցությունից, գերտերությունների շահերից և աշխարհաքաղաքական այլ գործոններից, այլ ոչ թե «գծագրությունից»։ Իսկ Ադրբեջանի մտադրությունն այսօր շատ ավելի պերճախոս է հնչում քանդված եկեղեցու ավերակների և Բաքվում պահվող հայ ռազմագերիների միջոցով, քան Վաշինգտոնում ստորագրվող ցանկացած հռչակագրով։

Հ․Գ․ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի տաճարի քանդումից 2 օր անց Ն․Փաշինյանը նշել է, որ չի կարծում, թե եկեղեցու ոչնչացման մասին հաղորդագրությունները պետք է «միջազգային քննարկումների առարկա դարձնել»»: