կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-09 23:04
Հասարակություն

Երբ երիտասարդներն ապագայի մեջ տեսնում են ոչ թե խոստում, այլ սպառնալիք, դա արդեն միայն անձնական հոգեվիճակ չէ. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան

Երբ երիտասարդներն ապագայի մեջ տեսնում են ոչ թե խոստում, այլ սպառնալիք, դա արդեն միայն անձնական հոգեվիճակ չէ. Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան

Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմից հայտնում են.

«Փետրվարի 8-ին Արարատի և Վեդիի տարածաշրջանների եկեղեցասեր երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվեց երիտասարդական հանդիպում՝ նպատակ ունենալով խթանել փոխադարձ ճանաչողությունը և միասին ուրվագծել ապագա ծրագրերը։

Երիտասարդների հրավերով բանախոսությամբ հանդես եկավ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Հանդիպման ընթացքին Հայր Ռուբենը, դիմելով երիտասարդներին, ասաց.

«Սիրելի՛ երիտասարդներ, ձեր կյանքի այս շրջանը Աստծո պարգև է՝ լի եռանդով, ուժով և ստեղծագործական կարողությամբ։ Սա այն ժամանակն է, երբ մարմինն արագ է արձագանքում կամքին, միտքը՝ գաղափարին, սիրտը՝ երազանքին։ Պատահական չէ, որ սպորտում, գիտության մեջ, մշակութային և հասարակական կյանքում ամենահամարձակ քայլերն ու նորարարությունները ծնվում են հենց երիտասարդության տարիներին։ Բայց առավել կարևոր է այն, որ այս շրջափուլը նաև հոգևոր աճի մեծ հնարավորության ժամանակ է։

Երբ երիտասարդներն ապագայի մեջ տեսնում են ոչ թե խոստում, այլ սպառնալիք, դա արդեն միայն անձնական հոգեվիճակ չէ. դա հասարակության հույսի ճգնաժամի նշան է։ Իսկ Ավետարանը հույսի աղբյուր է։ Հիսուս երբ մոտենում է Նաինի այրի կնոջ մահացած որդուն, ասում է. «Երիտասա՛րդ, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց» (Ղուկ․ 7։14)։ Այս խոսքը միայն մեկ երիտասարդի չէ, որ ուղղված է, այլ կոչ է բոլոր ժամանակների երիտասարդներին՝ վեր կենալ հուսահատությունից, վախ ու տագնապից, անտարբերությունից, հոգևոր և ստեղծագործական անշարժությունից։

Ավետարանը մեզ սովորեցնում է, որ Աստված երիտասարդներին վստահում է մեծամեծ առաքելություններ։ Մարիամը երիտասարդ էր, երբ ասաց իր «այո»-ն Աստծո փրկագործության ծրագրին։ Առաքյալները երիտասարդ էին, երբ թողեցին իրենց ուռկանները՝ հետևելու Փրկչին։ Տեր Հիսուս հստակ ասում է իր առաքելության մասին․ «Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առատ կյանք ունենան» (Հովհ․ 10։10)։ Այս «առատ կյանքը» վերաբերում է ներկային, սկսվում է հենց երիտասարդ սրտում, որը համարձակվում է հավատալ և վստահել Աստծուն, հուսառատ աչքերով նայել ապագային և սիրել անձնազոհաբար»։