|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է.
«ԹՎԱՅԻՆ ԿՈԼԻԶԵՅ
Աշխարհը փոխում է գործիքները, բայց ոչ իր հոգին։
Մի ժամանակ քրիստոնյաներին նետում էին առյուծների առաջ, այսօր՝ հասարակական կարծիքի։ Ծնոտները այլևս գազանների չեն, այլ թվային ատելության, որը խժռում է ճշմարտությունն ասել համարձակվողների հեղինակությունն ու արժանապատվությունը։
Երեկվա նահատակներն իրենց մահկանացուն կնքեցին հրապարակներում, այսօրվանը խաչված են սոցիալական ցանցերում։ Այն ժամանակ արյունը հոսում էր Կոլիզեյի ավազներում, այսօր այն հոսում է զրպարտությունից ու ստերից վիրավորված խղճմտանքների մեջ։ Ժամանակակից դարաշրջանը մարմնի տանջանքները փոխարինել է հոգու լինչի դատաստանով։
Սուրն այլևս անհրաժեշտ չէ․ ստեղնաշարը բավարար է ճշմարտությունն ասողներին հարվածելու համար։
«Հասարակական կարծիքը» դարձել է նոր տիպի ամբոխ՝ առանց դեմքերի, բայց նույնքան դաժան։ Մարդիկ դատում են առանց իմանալու, վիրավորում՝ առանց պատճառի, և խաչում՝ առանց խղճի։
Նրանք, ովքեր պաշտպանում են ճշմարտությունը, քարկոծվում են, իսկ ովքեր արդարություն են փնտրում, ծաղրուծանակի ենթարկվում։
Բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր՝ Հոգին մնում է նույնը․ այն Հոգին, որ պահեց նահատակներին, կպահի նաև այսօրվա խղճի հալածյալներին։
Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար։ Բավական է կանգնել Ճշմարտության կողքին։
Եվ եթե մեր դարաշրջանի Կոլիզեյը թվային է, ապա մեր հավատարմությունն էլ պետք է լինի հոգևոր՝ անտեսանելի, բայց անսասան»։