|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պատմության վերաիմաստավորման և անցյալի առանցքային իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքը փոխելու փորձերը դարձել են ժամանակակից աշխարհի գլխավոր մարտահրավերներից մեկը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Հաղթանակ 9/45» միջազգային հայրենասիրական շարժման առաջնորդ Բորիս Չերնիշովը՝ «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային հասարակական-գործարար համաժողովի շրջանակում։
«Մենք այսօր գտնվում ենք պատերազմի մեջ։ Պատերազմի, որը մղվում է ոչ թե անցյալի, այլ ապագայի դեմ»,- ասել է Չերնիշովը «Ընդհանուր հիշողություն՝ ընդհանուր ապագա․ պատմական ճշմարտության պաշտպանության ռազմավարությունները Եվրասիայի գլոբալ վերափոխման պայմաններում» խորագրով նիստի ընթացքում։
Քննարկմանը մասնակցել են նաև «Անմահ գունդ Ռուսաստանի» համառուսաստանյան հասարակական շարժման գործադիր կոմիտեի ղեկավար Նատալյա Շադրինան, Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, «Հաղթանակ 9/45» շարժման փորձագիտական խորհրդի անդամ Օքսանա Սոլոպովան, ղազախ իրավապաշտպան, պատմաբան, փորձագետ և բլոգեր Ալժան Իսմագուլովը, Համաբելառուսական ժողովրդական ժողովի պատվիրակ, հասարակական գործիչ Ալեքսեյ Տալայը, ինչպես նաև «Միջազգային փոխգործակցության և համագործակցության կենտրոն»-ի ղեկավար Արեգ Աղասարյանը։
Մասնակիցները քննարկել են պատմությունը վերաշարադրելու փորձերը, Հայրենական մեծ պատերազմի հիշատակի պահպանումը, նացիզմի հերոսացման դեմ պայքարը, ընտանիքի, դպրոցի, հասարակական շարժումների և միջազգային հումանիտար ծրագրերի դերը ընդհանուր պատմական ճշմարտության պաշտպանության գործում։
«Եվրոպայում ցանկանում են մոռանալ, թե ով է աշխարհն ազատագրել նացիզմից»,- ընդգծել է Նատալյա Շադրինան՝ խոսելով արտերկրում խորհրդային ժողովրդի սխրանքի հիշատակի պահպանման աշխատանքների մասին։
Օքսանա Սոլոպովան նշել է հիշողության համար այս պայքարի համակարգային բնույթը․ «Պատմությունը պետության ներսում իմաստներ է ձևավորում»։ Նրա խոսքով՝ պատմագիտական գիտության վիճակից անմիջականորեն կախված են ինչպես երկրի ներքին միասնությունը, այնպես էլ ռազմավարական ուղեգիծը։
Ալժան Իսմագուլովն իր հերթին հայտարարել է, որ Ղազախստանում վերջին տասնամյակների ընթացքում հետևողական աշխատանք է տարվել Հայրենական մեծ պատերազմի մասին հիշողությունը խեղաթյուրելու ուղղությամբ։
«Եթե չլիներ Մեծ հաղթանակը, մեր երկիրը որևէ ինքնիշխանություն չէր ունենա»,- ընդգծել է նա։
Անձնական ներգրավվածության և երիտասարդության հետ աշխատանքի կարևորության մասին խոսել է նաև Ալեքսեյ Տալայը՝ ներկայացնելով մետաղադրամներից ստեղծվող ժողովրդական հուշարձանի նախագիծը։ Նրա խոսքով՝ հիշողության պահպանումը սկսվում է ընտանիքից, անձնական պատասխանատվությունից և նախնիների սխրանքի հանդեպ հարգանքից։
Համաժողովը նվիրված է «Եվրասիա»-ի ստեղծման երկամյակին և անցկացվում է «Ռուսաստան» ազգային կենտրոնում։ Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 800 մարդ՝ նախարարներ, բիզնեսի, կրթության, մշակույթի, մեդիայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Աբխազիայից, Հայաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև Աֆրիկյան մայրցամաքի պետություններից։
Համաժողովի նիստերի թվում են՝ «Բարիդրացիության ճարտարապետություն․ եվրասիական ուղին դեպի բազմաբևեռ աշխարհ», «Ռուսաց լեզուն՝ Եվրասիայի միավորման կոդ», «Եվրասիայի քաղաքակրթական կոդը․ մշակութային ինքնիշխանության պահպանումը գլոբալ վերափոխումների դարաշրջանում», «Միջմշակութային ֆենոմենը՝ որպես Եվրասիայի պետությունների մերձեցման շարժիչ ուժ», «Մեդիայի դերը Եվրասիայի ապագայի ձևավորման գործում», «Սրտերի դիվանագիտություն․ ՀԿ-ների և հասարակական միավորումների դերը Եվրասիայի հումանիտար հենքի ձևավորման գործում»։
Տեղեկանք․
«Եվրասիա»-ն ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն է, որը նպաստում է միջազգային համագործակցության զարգացմանը և ծրագրեր է իրականացնում մասնավոր միջոցներով։
«Եվրասիա»-ի առաքելությունն է միավորել տարբեր տարիքի և մասնագիտությունների մարդկանց, որպեսզի միասին պահպանեն ավանդական արժեքները, պատմական հիշողությունը և Եվրասիայի ժողովուրդների միասնական մշակութային կոդը։
Կազմակերպության ծրագրերն ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ կրթությունից և բժշկությունից մինչև մշակույթ, կամավորություն և բարեգործություն։
Դրոշակակիր ծրագրերը նպաստում են ռուսաց լեզվի դերի ամրապնդմանը՝ որպես մայրցամաքում միջմշակութային երկխոսության միջոց։
«Եվրասիա»-ն նոր հնարավորություններ է ստեղծում տարբեր երկրների երեխաների, ընտանիքների և երիտասարդության համար, զարգացնում է մանկավարժների, բժիշկների, լրագրողների, գիտնականների և փորձագետների մասնագիտական համայնքները։
Կազմակերպությունն իրականացնում է նաև բնապահպանական, կամավորական և հումանիտար առաքելություններ։
Երկու տարվա ընթացքում «Եվրասիա»-ի նախաձեռնություններին աջակցել է ավելի քան 120 հազար համախոհ՝ աշխարհի գրեթե 40 երկրից։