|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Արցախյան գոյապայքարի մասնակից Սարգիս Աղաջանյանը գրում է․ «1993 թվականն էր։ Շուշիի զորամասից մեր դասակը զինվորական մեքենայով շարժվում էր դեպի Մարտակերտի ճակատ։ Պատերազմի ծանր օրերն էին․ ճանապարհները՝ անհարթ, լուռ մտքերը՝ խառը։
Ստեփանակերտում՝ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, կանգ առանք հինգհարկանի բնակելի շենքի տակ գտնվող հացի փռի մոտ։ Այդ փուռը, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հաց էր տրամադրում դիրքեր մեկնող մարտիկներին։
Տղաներից մի քանիսը ցատկեցին մեքենայից՝ հաց ստանալու։ Մենք շտապեցինք այն տեղավորել մեքենայի մեջ։ Այդ պահին նկատեցինք մի կնոջ՝ սևազգեստ, լուռ քայլող, ձեռքին՝ մեծ մետաղե դույլ։ Նա մի տեսակ առանձնացավ ընդհանուրից․ այդ կերպարը կարծես պատերազմի բոլոր արհավիրքներն էր կրում։
Թեև Ստեփանակերտում հացի խնդիրը աստիճանաբար մեղմվում էր, բայց դժվարությունները դեռ շարունակվում էին։ Որոշեցինք մի քանի հաց տալ կնոջը։ Սակայն նա կտրականապես հրաժարվեց։ Մենք համառեցինք, խնդրեցինք, համոզեցինք։ Նա շարունակում էր մերժել՝ իր լուռ արժանապատվությամբ։ Վերջում, արդեն կես կատակ, կես լուրջ, ասացինք, որ եթե չվերցնի հացերը, չենք շարժվի առաջ ու չենք մեկնի դիրքեր։ Այդ խոսքերից հետո էլի դժվարությամբ, բայց համաձայնեց վերցնել։
Հաջորդ վայրկյանին սևազգեստ կինը ձեռքի դույլը՝ թարմ ելակով լցված, մեկնեց մեզ։ Չգիտեմ՝ որտեղից էր բերել․ գուցե իր այգուց, գուցե ուրիշ տեղից։ Մենք փորձեցինք հրաժարվել՝ ասելով, որ դա, հավանաբար, իր ընտանիքի, երեխաների կամ թոռների համար է։ Բայց այս անգամ էլ նա էր անդրդվելի։ Ասաց՝ եթե ելակը չվերցնենք, կվերադարձնի հացը։
Որքան էլ իրավիճակը դաժան լիներ, մերժելն ավելի անհեթեթ էր։
Վերջիվերջո ընդունեցինք։ Թարմ, դրախտային բույրով ելակներ էին։ Շարունակեցինք մեր ճանապարհը դեպի ճակատ։ Տղաներից մեկը տաք հացը կիսեց, մեջը ելակներ շարեց և ժպտալով առաջարկեց փորձել։ Մենք էլ նույնը արեցինք։ Այդպես՝ պատերազմի ճանապարհին, հացով ու ելակով մի պարզ «սենդվիչ» պատրաստեցինք։
Մինչ օրս դա ինձ համար ամենահամեղ քաղցրավենիքն է, ամենահիշվող «dessert»-ը՝ որի մեջ քաղցր բարություն կար։
Որտե՞ղ ես սևազգեստ տատիկ…»։