Միասին կարող ենք
կարևոր
622 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-08 21:42
Հասարակություն

Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան

Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ծավալուն աշխատություն էր գրում կալանավայրում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին։

«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հերթական հատվածը,

«Սկսում ենք պատերազմի մասին սուրբգրային և հոգևոր փորձառությունը ներկայացնել` մաս առ մաս` հետևյալ բովանդակությամբ.

Ա. Կյանքը պատերազմ է

Բ. Պատերազմը հաղթանակի մասին է

Գ. Պատերազմի էությունը

Դ. Պպատերազմ և առաջնորդություն

Ե. Ազգ- տաճար - ազգ - բանակ

Զ. Պատերազմի դաշտը՝ հերոսների ծննդավայրն և մսուրը

Է. Արդար պատերազմ (just war)

Ը. Ամփոփում

Պատերազմի մասին

«Ո՞վ է սա Թագաւոր փառաց, Տէր հզաւր զաւրութեամբ իւրով, Տէր կարող ի պատերազմի» («Ո՞վ է փառքի այս Թագավորը, Իր զորությամբ հզոր Տերը, Պատերազմի մեջ հզոր Տերը») (Սաղմ. 23:8, Սբ Պատարագ):

Քրիստոնեական ընկալմամբ և մարդաբանությամբ «Մարդու կյանքը պատերազմ է» (Եզնիկ Կողբացի) և պատերազմի թատերաբեմ` և' հոգևոր-անձնական իմաստով, և' կենցաղային-հասարակական առումով: Ըստ էության, այն ոչ թե պատերազմից խուսափելու, վախենալու կամ հեռացնելու մասին է, որը պարզապես անհնար է, այլ` այդ պատերազմի իրողությանը պատրաստված լինելու և այն ընդունելու, դրան դիմագրավելու, այն կառավարելու, այն վարելու, մարտը մղելու և հաղթելու մասին:

«Տե'ր, որքան շատացան ինձ նեղողները և շատերն իմ դեմ ելան... Ես չեմ վախենում նրանց բյուրավոր զորքերից, որոնք շուրջս բոլորած պաշարել են ինձ» (Սաղմ. 3:1-7) և «Բարի պատերազմը պատերազմեցի, ավարտեցի ընթացքը, պահեցի հավատը: Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը» (Բ. Տիմ. 4:7-8):

Այս իրողությունը ամբողջական և լավագույնս ձևակերպում է Սբ. Գրիգոր Նարեկացին.

«... Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս`

Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,

Որ յիմումս անձին ցուցանի,

Խռովութիւնս ամբոխից`

Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր...»

(Նարեկ ԲԱՆ Ա, Բ)

(Առանց չափազանցելու կարելի է վկայել, որ «Նարեկ» մատյանը պատերազմ մղելու և հաղթելու համապարփակ փաստաթուղթն ու հայեցակարգը, հիասքանչ երգն ու վկայությունն է):

Շարունակելի...

Բագրատ արք. Գալստանյան»։