Միասին կարող ենք
կարևոր
1759 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-08 23:26
Քաղաքական

Արձանագրված բացթողումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա. ԲՀԿ

Արձանագրված բացթողումները ազդել են ընտրությունների արդյունքների վրա. ԲՀԿ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը.

«Արձագանքելով Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությանը, թե իմ կողմից հրապարակված փաստաթղթերից հետո որոշ ընտրատարածքներում ավելացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները, հարկ եմ համարում նշել հետևյալը.

Նախ՝ մեր խնդիրը երբեք չի եղել պարզել, թե մեր հրապարակած փաստերի արդյունքում ում ձայները կավելանան կամ կպակասեն։ Մեզ համար առաջնայինը յուրաքանչյուր ընտրողի քվեի ճշգրիտ հաշվառումն ու նրա վստահության պաշտպանությունն է։

Յուրաքանչյուր քաղաքացու ձայն արժեք ունի, և մենք պարտավոր ենք հետևողական լինել, որպեսզի որևէ քվե չկորչի, չանտեսվի կամ չխեղաթյուրվի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի օգտին է այն տրված եղել։ Այդ իսկ պատճառով տեխնիկական կամ այլ պատճառներով առաջացած բոլոր խնդիրների վերաբերյալ մենք շարունակելու ենք բարձրաձայնել և պահանջել դրանց ամբողջական ուսումնասիրությունն ու շտկումը։
Իրականում, նույնիսկ միայն մեկ ընտրատարածքում արձանագրված այս բացթողումը բավարար էր, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ստանար այն լրացուցիչ քվեները, որոնք անհրաժեշտ էին 4 տոկոսանոց ընտրական շեմը հաղթահարելու համար։ Սակայն մեր կողմից բացահայտված խնդիրները չեն սահմանափակվում միայն այդ մեկ դեպքով։ Բազմաթիվ այլ ընտրատարածքներում ևս արձանագրվել են տարբեր բնույթի բացթողումներ և խախտումներ, որոնց վերաբերյալ փաստերը շարունակաբար հավաքագրվում և ուսումնասիրվում են»:

Հիշեցնենք՝ ԲՀԿ նախընտրական շտաբը դիմել է վերահաշվարկի համար. քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած։