Միասին կարող ենք
կարևոր
1207 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-08 22:17
Հասարակություն

Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը. «Գեղարդ»

Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը. «Գեղարդ»

«Գեղարդ» վերլուծականը գրում է.

«Ադրբեջանցի հնագետներն օրերս հայտարարեցին իրենց «բացառիկ հայտնագործության» մասին։ Ըստ նրանց՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ Օձասար (Իլանդաղ) կոչվող ժայռի վրա, իբր գտել են 2800-ամյա հնության ուրարտական արձանագրություն, որն, տեղադրության նշման բացակայության պատճառով, ավելի քան 4 տասնամյակ անհայտ էր։

Թարմացնենք ադրբեջանցի հնագետների հիշողությունը։

Ուրարատական սեպագիր արձանագրությունը հայտնաբերվել է դեռևս 1988 թվականին՝ երկրաբան-հնագետ Վալերի Իգումնովի կողմից։

1997 թ․ «Պատմա-բանասիրական հանդեսի» 1-ին համարում տպագրված «Օձասարի սեպագիր արձանագրությունը» վերտառությամբ հոդվածում (հեղինակությամբ՝ Վ․Ա․ Իգումնովի, Հ․Հ․Կարագյոզյանի, Ս․Գ․Հմայակյանի) ամենայն մանրամասնությամբ ներկայացված են հայտնաբերված արձանագրությունը, դրա տեղակայումը, թարգմանությունն ու բովանդակությունը, արձանագրության մեկնությունները։ Նշված է, որ արձանագրությունը «փորագրվել է մ․թ․ա․ 9-րդ դ․ վերջին քառորդին՝ 820-ական թթ․։ Այն կազմված է Իշպուինեի անունից, փորագրված է, սակայն, Մինուայի հրամանով»։ 1988 թ․ հայտնաբերված այս արձանագրությունը Վ․Ա․ Իգումնովը երկրորդ անգամ լուսանկարել, նկարագրել ու չափագրել է 1989 թ․։

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և մարդաբանության ինստիտուտը հայտարարում է, որ արձանագրությունը կարևոր աղբյուր է տարածաշրջանի հնագույն պատմության ուսումնասիրության համար՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջանի պատմական ժառանգության մաս:

Արձանագրության շուրջ ձևավորված մեկնաբանություններն Ադրբեջանի պաշտոնական քարոզչության շրջանակներում են, ուր տարածաշրջանի հայկական բազմաթիվ հուշարձաններ ներկայացվում են որպես «ադրբեջանական» ժառանգություն:

«Խալդի աստծո պաշտպանությամբ, Սարդուրիի որդի Իշպուինին, (և) Իշպուինիի որդի Մենուան նվաճեցին Արսինի քաղաքը։ Նրանք (բառացի՝ նա) պարտության մատնեցին Արշինի քաղաքի երկիրը, նվաճեցին Անիանի քաղաքի երկիրը և ավերեցին այն։ Դա (?) [ … ] էր։ Նա կանգնեցրեց կոթող Խալդի աստծո համար։ Պուլուադի երկրում նա հաստատեց մի ծես. Նա (ծիսակատարը) կարող էր զոհաբերել [եզ] Խալդի աստծուն և մեկ կով՝ Պուլուադի երկրի՝ Խալդի աստծո կնոջը»։

Այս արձանագրությունը վերաբերում է ուրարտական ժամանակաշրջանի ռազմական և կրոնական քաղաքականությանը։ Տեքստում հիշատակվում են Իշպուինի և Մենուա թագավորները (մ.թ.ա. 9-8-րդ դդ․)։ Վերջիններս հայտնի են որպես Ուրարտուն հզորացնողներ՝ ամրոցներ կառուցելով, տարածքներ նվաճելով և Խալդի աստծո պաշտամունքը պետական կրոն դարձնելով։

Արսինի և Անիանի քաղաքների նվաճումը ցույց է տալիս Ուրարտուի տարածքային ընդլայնման քաղաքականությունը։ «Նվաճեցին» և «ավերեցին» բառերն ընդգծում են ուրարտացիների ռազմական հաղթանակը՝ որպես ուժի ցուցադրում։ Հաղթանակից հետո Խալդի աստծո համար կոթողի կանգնեցումը բնորոշ է ուրարտական ավանդույթին՝ ռազմական հաջողությունները կապել աստվածային հովանավորության հետ։ Խալդին Ուրարտուի գերագույն և ռազմի աստվածն էր, և նրա պաշտամունքն ամրապնդում էր թագավորի լեգիտիմությունը, իսկ նվաճված տարածքներում սահմանված հատուկ ծեսով՝ զոհաբերություն Խալդիին և նրա «կնոջը», անմիջապես հաստատվում է ուրարտական կրոնական համակարգը՝ որպես քաղաքական վերահսկողության միջոց։

Նախիջևանի Ջուղայի (Ջուլֆա) շրջանում՝ հայկական Խոշակունիք բնակավայրի մոտ գտնվող Օձասար լեռան արևմտյան մասում, 100 սմ երկարությամբ, 5 տողից բաղկացած, ժամանակի ընթացքում հողմահարված արձանագրությունն օրերս դարձավ ադրբեջանական քաղաքական քարոզչության գործիք, և ժամանակակից ազգային ինքնությունների հետ դա արհեստականորեն կապելը ստվերում է արձանագրության պատմագիտական իրական արժեքն ու նշանակությունը»։