կարևոր
661 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-26 12:18
Հասարակություն

Ադրբեջանի հայատյացության «44 աստիճանները»․ Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամ

Ադրբեջանի հայատյացության «44 աստիճանները»․ Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամ

Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են, այսպես կոչված, «Հաղթանակի զբոսայգու» բացմանը, հայտնում է Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը։

Բաքուն ամենաբարձր՝ նախագահի մակարդակով շարունակում է հակահայկական քաղաքականությունը սեփական հանրության շրջանում։ Արցախի հայկական դիմագիծն ու հետքերը վերացնելու գործընթացը մեկ անգամ ևս փաստում է «Հաղթանակի զբոսայգին»։

Բաքվի՝ այս ռազմատենչ միջոցառումները՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ռազմական հզորության շեշտադրմամբ, հակահայկական քարոզչությամբ, նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությամբ, 5 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող ռազմական ծախսերի ավելացմամբ, իրականում խոսում են ոչ թե «խաղաղության օրակարգին» պատրաստ լինելու, այլ` ուղիղ հակառակը՝ ուղղված են հակահայկական տրամադրությունների սրացմանը։

Ադրբեջանը 44 թիվը դարձրել է «ազգային հպարտության խորհրդանիշ» ու շարունակում է արտաքին լսարանին ներկայանալ կեղծ «խաղաղության օրակարգ»-ով՝ պատերազմի յուրաքանչյուր օրը համարելով «փառավոր պատմություն»։

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ստեփանակերտում «հիմնած» այդ զբոսայգին․ 44 մետր բարձրություն ունեցող Հաղթական կամար՝ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերի քանակով, 10 հարկից և հարթակից բաղկացած կառույց՝ «Հաղթանակի օրվա» խորհրդանիշ՝ հավերժության նշանով։ Իններորդ հարկում «Հաղթանակի պատկերասրահ»-ն է, իսկ տախտակների վրա՝ 2023 թվականին իրականացրած ռազմական գործողությունների, սակայն աշխարհին «հակաահաբեկչական գործողություն» ներկայացրած արդյունքների վերաբերյալ» գրություններն են։

Այգու մուտքից դեպի Հաղթանակի կամար ձգվող 44 աստիճանները, կենտրոնական հատվածում տեղադրված հուշատախտակների գրություններն իբրև թե «պատմում են» 2020 թվականի պատերազմի ընթացքի մասին։

Ստեփանակերտն ընտրելով որպես հիմնական թիրախ՝ այստեղ Բաքուն ակտիվորեն, ապօրինի կերպով յուրացնում է հայ բնակչության գույքն ու բնակարանները, իրականացնում է քաղաքի ադրբեջանականացում, փորձում ազատվել ոչ միայն հայկական հուշարձաններից ու կոթողներից, այլև՝ Արցախի պետականության խորհրդանիշներից՝ ցուցադրաբար ավերելով դրանք:

Ադրբեջանի կողմից որդեգրած գործընթացն Արցախում միտված է հայկական հետքն ու ժառանգությունը «մաքրելուն» ու «ադրբեջանական» ներկայացնելուն։ Փաստ է, որ Բաքվի՝ հայատյաց ու հայկականի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքն իրականացվում է պետական բարձր մակարդակով ու ալիևյան բռնատիրական ռեժիմի վերահսկողությամբ։