Միասին կարող ենք
կարևոր
715 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-24 13:39
Հասարակություն

Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես

Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն քանի օր է, ինչ օրվա գլխավոր թեմաներից մեկը Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերման բոթն է: Շատերն են արտահայտում իրենց ցավը, զայրույթը, դատապարտում այս ոճիրը, մինչդեռ ես չեմ կարողանում որևէ կերպ արտահայտվել, չնայած որ այնքան շատ բան կա ասելու: Վերցնում եմ հեռախոսը, նայում լրահոսը, փորձում որևէ բան գրել, որևէ կերպ արտահայտվել, հետո մի կողմ դնում հեռախոսը, և այսպես անընդհատ… Շնորհակալ եմ մտերիմ մարդկանց, ովքեր զանգեցին կամ գրեցին, ներողություն եմ խնդրում նաև ինձ դիմած լրագրողներից, որոնց հարցերին պատասխանել ի վիճակի չէի:

Համահայկական նվիրատվություններով կառուցված Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճար անվանումով առավել հայտնի հրաշակերտ այս եկեղեցին երևի թե աշխարհում ամենակարճ կյանք ունեցած սրբավայրերից է. պաշտոնական բացումից հետո կանգուն մնաց ընդամենը 7 տարի, որից կանոնավոր գործեց 4 տարուց մի փոքր ավել՝ մնացյալ վերջին շուրջ 3 տարին մնալով դատարկված ու թշնամական գերության մեջ: Չնայած նորակառույց լինելուն և իր կարճատև գոյությանը, եկեղեցին միանգամից սիրվեց մեր ժողովրդի կողմից, դարձավ հոգեհարազատ, ասես դարերով գործած սրբավայր լիներ:

Կյանքիս ընթացքում մեծագույն պատիվը, որին արժանացել եմ, այս եկեղեցու առաջին հոգևոր հովիվը լինելու բացառիկ պատիվն է: Սա նաև հոգևոր հովվի պաշտոնում առաջին նշանակումն էր ինձ համար. մինչ այդ ես միայն ծիսակատար քահանա էի տարբեր եկեղեցիներում: Ես իհարկե շատ բաներով եմ պարտական Արցախի թեմի բազմավաստակ առաջնորդ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանին, բայց դրանցից ամենագլխավորներից մեկը թերևս անչափ պարտավորեցնող այս առաքելությունը նվաստիս վստահելն էր, որին ես անկեղծորեն ինձ երբեք արժանի չեմ համարել և ընդունել եմ իբրև պարտք, որը պետքը ձգտեի հընթացս ծառայության գոնե մասամբ մարել: Հիշում եմ, Պարգև Սրբազանը բառացիորեն ասաց. «Եղբայր, եկեղեցին կառուցեցինք, տալիս ենք քեզ: Բայց դեռ դատարկ է, լցնելն էլ դու կանես»: Նշաձողը շատ բարձր էր դրված. նորաբաց եկեղեցում հոգևոր և նյութական բազմաթիվ խնդիրներ կային լուծվելիք, իսկ ինձ նույնիսկ շատ քիչ մարդ էր ճանաչում Ստեփանակերտում: Սկսեցի բազմաթիվ դռներ ծեծել, որոնցից շատերը բացվեցին: Որևէ պաշտոնյա կամ բարերար չի կարող ասել, թե ես երբևէ ինչ-որ անձնական խնդրով դիմել եմ իրենց, բայց եկեղեցու բազմաթիվ հարցերով համառորեն շատերին եմ դիմել, և եղան մարդիկ, որոնք աջակցեցին շատ հարցերում: Ոչ ոք և ոչինչ չի մոռացվել, կգա ժամանակը և մանրամասն կներկայացնեմ, թե ովքեր են օգնել, ովքեր են խանգարել…

Ստեփանակերտի մայր տաճարի շնորհիվ ես ձևավորվեցի որպես հոգևոր հովիվ, շատերին ճանաչեցի, շատերն էլ ինձ ճանաչեցին: Հազարավոր մարդկանց մկրտեցի և պսակադրեցի այս եկեղեցում (անգամ 2023-ի սեպտեմբերի վերջին օրերին նույնպես պսակադրության և մկրտության արարողություններն այս եկեղեցում կատարեցի, և դրանք Արցախում կատարված եկեղեցական վերջին արարողություններն են): Այս եկեղեցում իրականցրեցինք Արցախի թեմի ամենաերկարատև քարոզչական ծրագիրը՝ հոգևոր զրույցների շարքը, ինչպես նաև ունեցանք սուրբգրային սերտողություններ, խոկումներ, միասնական աղոթքներ և այլն, որոնք հոգևոր սննդի կարևոր աղբյուր դարձան մեր հավատացյալների համար:

Ես այս եկեղեցում հընթացս իմ եռամյա հոգևոր հովվության քիչ թե շատ բնականոն պայմաններում սպասավորություն իրականացնելու հնարավորություն ունեցա 7-8 ամիս, այնհուտև սկսեցին իրար հաջորդել համավարակ, 44-օրյա աղետալի պատերազմ, կրկին համավարակ ու հետպատերազմական ցավալի իրավիճակ: Եվ ամենայն անկեղծությամբ պիտի խոստովանեմ, որ չգիտեմ, թե ինչքանով կարողացա արդարացնել ինձ վստահված այդ առաքելությունը, քանի չնչին տոկոսով կարողացա մարել պարտքս, բայց մի բան միանշանակ է, որ արել եմ իմ համեստ ուժերի սահմաններում եղած առավելագույնը: Եվ երբ որ 2022թ. օգոստոսից ծառայության նշանակվեցի այլ եկեղեցիներ, ինձ մի փոքր մխիթարում էր այն փաստը, որ Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին ունի Արցախի թեմի ամենամեծ եկեղեցական համայնքներից մեկը, երիտասարդաց ու տիկնանց միություններ, երկու կիրակնօրյա դպրոց, լուծված էին մի շարք նյութական խնդիրներ (որոնցից ամենաբարդը թերևս ջեռուցման հարցն էր), հետևաբար ինձնից հետո այնտեղ ծառայություն իրականացնող քահանաների համար մի փոքր ավելի դյուրին պետք է լիներ և ստիպված չէին լինի անցնել այն դժվարությունների միջով, որոնցով արդեն անցել էի ես:

Անկախ իմ ծառայության վայրից՝ այս հրաշք տաճարն ընդմիշտ մնաց իմ սրտում, անսահման սիրեցի այն և անսահման կարոտով եմ հիշում այնտեղ ծառայածս ժամանակաընթացքը: Արցախից հարկադիր տեղահանվելուց հետո իմ ամենօրյա հոգսերից մեկը հետևելն էր, թե ինչ է կատարվում մեր սրբավայրերի, հատկապես մայր տաճարի հետ: Ես պատրանքներ չունեմ թշնամու վերաբերյալ, գիտեմ, որ ոչ մի արգելակ չունի և ունակ է ցանկացած ոճրի: Այդուհանդերձ, փորձում էի հոգուս մի հեռավոր անկյունում հույս փայփայել, որ տաճարը չի քանդվի, դահլիճ կսարքեն, պահեստ, թեկուզ մզկիթ, բայց կանգուն կմնա, մինչև մի օր մենք կամ մեր սերունդները կվերադառնանք Արցախ և կրկին աղոթք կհնչեցնենք այնտեղ: Բայց, ավաղ, այսօր կանգնած ենք այս ողբերգական փաստի առաջ: Թշնամին մեզ պարզապես ֆիզիկապես չի ցանկանում ոչնչացնել, մեր հոգին է ուզում սպանել: Բայց չի հաջողելու: Այո, այսօր հոգուց պարպված շատ մարդիկ կան մեր մեջ (միշտ էլ կային, բայց հիմա շատ շատ են), որոնք կամա-ակամա գործակից են դառնում թշնամուն, իսկ թշնամու հաջողության հիմնական գրավականը նրա ուժը չէ, այլ մեր թուլությունը: Բայց այսպես ընդմիշտ չի լինելու, անվերջ անկում չի լինում: Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը: Ինչքան էլ որ անիրատեսական ու անտրամաբանական թվա այսօրվա իրավիճակում այս համոզումը, այնուամենայնիվ վերադարձ Արցախ լինելու է»։