կարևոր
649 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-24 16:45
Հասարակություն

Ընտրությունների նախաշեմին անձնագրերի հարցով արհեստական խոչընդոտների ստեղծումը կասկածի տեղիք է տալիս․ պատգամավոր

Ընտրությունների նախաշեմին անձնագրերի հարցով արհեստական խոչընդոտների ստեղծումը կասկածի տեղիք է տալիս․ պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Ամենօրյա ռեժիմով մեր հայրենակիցներից ստանում եմ նամակներ և զանգեր, որոնք վերաբերում են անձնագրերի, այդ թվում՝ նույնականացման քարտերի ստացման ժամկետների հարցին։ Բանն այն է, որ հերթագրվելու դեպքում միայն ամիսներ հետո կարող ես ձեռք բերել կամ թարմացնել անձնագիրդ, ինչն էլ առաջացրել է մեր հայրենակիցների արդարացի զայրույթը։

Պարբերաբար անդրադառնալով հարցին՝ նշել ենք, որ համակարգը ծանրաբեռնված է, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որպեսզի հատկապես մայրաքաղաքի բնակիչները ստիպված չլինեն հերթագրվելու ՀՀ մարզերում՝ ժամանակը մի փոքր կրճատելու համար։

Վստահ եմ, որ լուծում գտնելը և այսպիսի ոչ մեծաքանակ բնակչությանը պատշաճ սպասարկելը խրթին հարց չէ։ Նման աննախադեպ հերթերի դեպքում կարելի է ընդլայնել անձնագրային բաժինները, համալրել անձնակազմը։

Ինձ դիմում են նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները՝ ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացի ձգձգման խնդրով։ Հատկապես ընտրությունների նախաշեմին նման արհեստական խոչընդոտների ստեղծումը անթույլատրելի է և կասկածի տեղիք է տալիս։

Նկարագրված խնդիրների պարզաբանման վերաբերյալ գրավոր հարցումներ եմ ուղղել պատկան մարմիններին»։