կարևոր
865 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-10 15:19
Հասարակություն

ԱՄՆ փոխնախագահի և նրա մամուլի քարտուղարի X-ի հարթակներից ջնջվել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելության լուրը

ԱՄՆ փոխնախագահի և նրա մամուլի քարտուղարի X-ի հարթակներից ջնջվել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելության լուրը

ԱՄՆ-ի փոխնախագահի և նրա մամուլի քարտուղարի X-ի (նախկին Twitter) պաշտոնական հաշիվներում հրապարակված գրառումները՝ նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելությանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ջնջվել են, գրում է 301-ը։

Ավելի ուշ հաղորդագրությունը վերահրապարակվել է նրա մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի կողմից, սակայն առանց «Հայոց ցեղասպանություն» բառերի։

Ջեյ Դի Վենսը դարձել է ամենաբարձր պաշտոն զբաղեցնող ամերիկացի պաշտոնյան, ով երբևէ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

ԱՄՆ-ի փոխնախագահը և նրա կինը այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Լուսանկարներից դատելով՝ այցի ընթացքում նրանց չեն ուղեկցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, և Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել։

Վենսին ընդունել են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Նա ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության հուշահամալիրում, որից հետո հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Այցի ավարտին Վենսը գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Պատվո գրքում՝ գրելով.

«Կորցրած կյանքերի հանդիսավոր հիշատակի մեջ մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի տոկունության և անսասան ոգու առաջ։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»։