կարևոր
346 դիտում, 9 ժամ առաջ - 2026-02-07 17:30
Քաղաքական

Կարող ենք անիվը հետ շրջել. 1-ին հարցը որ պետք է դրվի, 150 հազար արցախահայերի վերադարձի իրավունքն է. Ձյունիկ Աղաջանյան

«Այս իշխանությունների պարագայում մեր պետությունը վերածվել է օբյեկտի։ Մենք պետք է օբյեկտից սուբյեկտի վերածվենք։ Սա այն ուղին է, որը մենք պետք է անցնենք»,- «Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի առջև ծառացած անվտանգության և արտաքին քաղաքական մարտահրավերների հանգուցալուծման հնարավոր ուղիները» խորագրով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Ըստ նրա՝ պետք է վերականգնենք մեր՝ վստահելի գործընկեր լինելու համբավը, որն ունեցել ենք մինչև 2018-ը․ «Մենք նաև պետք է հասկանանք, թե այս իշխանությունների պարագայում ինչ հանձնառություններ կան, որոնց մասին այսօր չեն բարձրաձայնում, բայց մենք հընթացս տեսնում ենք դրա իրագործումը։ ԱՄՆ փոխնախագահի այցը հանձնառությունների հերթական դրսևորումն է լինելու։ Ըստ տարածվող տեղեկատվության՝ արդեն ստորագրվելու է մոդուլային ատոմակայանների առումով իրենց համաձայնությունը, որի հետ կապված երկու տարի առաջ հայտարարությունների մակարդակով արդեն համաձայնություններ էին ձեռք բերել՝ փաթեթավորելով դա միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության անվան ներքո։ Մենք այդ ձեռագրին արդեն սովորել ենք, երբ գեղեցիկ ձևակերպումներ են տալիս, բայց իրականում մեր կարողությունների ոչնչացման գործընթաց է գնում»։