կարևոր
1021 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-03 13:50
Հասարակություն

Բուժօգնության մերժո՞ւմ, թե՞ հրահանգ․ երբ շտապօգնության բերած հիվանդին չեն ընդունում․ Անուշ Պողոսյան

Բուժօգնության մերժո՞ւմ, թե՞ հրահանգ․ երբ շտապօգնության բերած հիվանդին չեն ընդունում․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«Շտապ բժշկական օգնության հերթապահ բրիգադների կողմից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված երկու բուժառուների չընդունելու փաստը լուրջ հարցեր է բարձրացնում առողջապահական համակարգի կառավարման, պատասխանատվության և մարդու կյանքի նկատմամբ վերաբերմունքի մասին։

Դեպքը չի կարող հիմնավորվել ոչ ծանրաբեռնվածությամբ, ոչ «տեղի բացակայությամբ»՝ հատկապես այն դեպքում, երբ տվյալ բժշկական կենտրոնը ունի տոքսիկոլոգիայի և ռեանիմացիայի լիարժեք գործող ծառայություններ։ Երբ շտապօգնությունը հիվանդին հասցնում է բուժհաստատություն, բուժօգնության շարունակականությունը դառնում է ոչ թե ընտրության, այլ պարտադիր կատարման հարց։

Սակայն այս միջադեպը առավել վտանգավոր երանգ է ստանում այն ֆոնին, երբ հասարակության մեջ շրջանառվում են <<օդում կախված լուրեր>>․ ըստ այդ տեղեկությունների՝ առողջապահության նախարարությունը չի ֆինանսավորել բժշկական կենտրոնին ավելի քան 100 մլն դրամի չափով, և առկա է ոչ հրապարակային հրահանգ՝ «քիչ հիվանդ ընդունելու» վերաբերյալ։

Եթե այս տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ապա ՀՀ առողջապահության նախարարությունը պարտավոր է դրանք անհապաղ, հստակ և հրապարակային հերքել։

Եթե, այս լուրերը ճշմարտության հետ առնչություն ունեն, ապա խոսքը այլևս ոչ թե կառավարման բացթողման, այլ քաղաքացիների կյանքի հաշվին ընդունված քաղաքական որոշման մասին է։

Շտապօգնության կողմից տեղափոխված հիվանդներին բուժօգնության մերժումը գործողություն է, որը գտնվում է քրեական պատասխանատվության ուղիղ սահմանին և պահանջում է իրավական գնահատական։

ՀՀ առողջապահության նախարարությունը պարտավոր է հանրությանը պատասխանել պարզ և հստակ հարցերի․

եղել է արդյոք որևէ գրավոր կամ բանավոր սահմանափակող հրահանգ բուժհաստատություններին,

ինչ հիմքով է հիվանդանոցը, ունենալով համապատասխան մասնագիտացված բաժանմունքներ, հրաժարվել ընդունել շտապօգնության բերած բուժառուներին,

ով է կրելու պատասխանատվություն, եթե ապացուցվի, որ բուժօգնությունը դիտավորյալ սահմանափակվել է։

Այս հարցը պահանջում է ոչ թե ձևական պարզաբանում, այլ հրապարակային պատասխանատվություն»։