|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը գրում է․ «Օրերս Civic.am կոչվող զրպարտչամիջոցը հրապարակել էր աստվածաբանության դոկտոր հորջորջվողի մտքի փայլատակությունները, որին անկարող եղա չանդրադառնալու։ Ըստ այսմ՝
- Հայ Առաքելական Եկեղեցու նորագույն պատմության գիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գործունեությունը պետք է դիտարկվի ոչ թե առանձին քաղաքական դրվագների կամ ժամանակավոր հակասությունների շրջանակում, այլ որպես երկարաժամկետ եկեղեցական առաջնորդության օրինակ, որը ձևավորվել է պատմական ժառանգության, ինստիտուցիոնալ պատասխանատվության և ազգային առաքելության փոխազդեցության պայմաններում։ 1999 թվականից ստանձնելով Կաթողիկոսական գահը՝ Վեհափառ Հայրապետը հանդես է եկել որպես իր երջանկահիշատակ նախորդների կողմից ձևավորված եկեղեցական մտածողության շարունակող՝ այն հարմարեցնելով անկախ պետականության, աշխարհասփյուռ Սփյուռքի և հետխորհրդային հասարակության նոր իրողություններին։
- Վեհափառ Տիրոջ առաջնորդության առանցքային առանձնահատկություններից է եկեղեցաշինության և շենարարության համակարգային բնույթը։ Եկեղեցաշինությունը նրա օրոք չի եղել պատահական կամ միայն ծիսական նպատակներով պայմանավորված գործընթաց, այլ դիտարկվել է որպես ինստիտուցիոնալ ամրապնդման և հոգևոր վերազարթոնքի ռազմավարություն։ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում կառուցված և վերանորոգված եկեղեցիներն ու վանական համալիրները գործել են ոչ միայն որպես պաշտամունքային կառույցներ, այլև որպես համայնքային ինքնակազմակերպման, մշակութային հիշողության և ազգային ինքնության պահպանման կենտրոններ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում իրականացված շինարարական և վարչական բարեփոխումները փաստում են, որ Հայրապետի տեսիլքը կապված է եկեղեցու՝ որպես գլոբալ կառույցի կառավարման ժամանակակից պահանջներին։ Սա փաստում է Հայրապետին տրված «ՇԻՆԱՐԱՐ» պատվանունը։
- Հովվական առաքելության տեսանկյունից Գարեգին Երկրորդի գործունեությունը բնութագրվում է ճգնաժամային իրավիճակներում եկեղեցու բարոյական դերակատարության շեշտադրմամբ։ Պատերազմների, սոցիալական ցնցումների և արժեքային ապակողմնորոշման պայմաններում նրա ուղերձները միտված են եղել ոչ թե քաղաքական դիրքորոշումների ձևակերպմանը, այլ հավատքի, համբերության և հոգևոր տոկունության ամրապնդմանը։ Գիտական դիտարկմամբ՝ սա համապատասխանում է Հայ Եկեղեցու պատմական գործառույթին, երբ եկեղեցին հանդես է եկել որպես ազգային գոյատևման բարոյական առանցք՝ անկախ տվյալ ժամանակաշրջանի իշխանական համակարգերից։ Ամենուր փաստերն աղաղակող են, որ Վեհափառ Հայրապետի գահակալության 26 տարիներին մի քանի հարյուրի հասնող եկեղեցիներ ու վանքեր են նորոգվել, հիմնանորոգվել և կառուցվել, որտեղ և հովվական ծառայության են կոչվել հարյուրավոր քահանաներ, որոնք, անխոնջ ու շատ մեծ նվիրվածությամբ, հոգևոր հովվին բնորոշ բարձրագույն հատկանիշներով, խոնարհաբար ծառայում են մեր Սուրբ Հայրենիքին, Եկեղեցուն և ժողովրդին։ Հովվական ծառայությունը վերջին 300 տարվա ընթացքին հիմա գտնվում է ամենից ծաղկուն վիճակում՝ հեռավոր գյուղերից մինչ աշխարհի ամենատարբեր երկրներ, ՀՀ տարբեր հաստատություններ՝ դպրոց, մանկապարտեզ, բանակ, ոստիկանություն, բանտ և այլն։ Հոգևոր հովիվներն այսօր ամենուր են՝ գրեթե ամեն հայ ընտանիքում, ամեն հայ մարդու կյանքում՝ Տիրոջ խոսքի քարոզությամբ, Սուրբ Մկրտությամբ, Սուրբ Պսակով և այլն։
Եվ անհիմն է հիշյալ «գիտնականի» այն պնդումը, թե ճգնաժամային իրավիճակներում կաթողիկոսը հանդես չի եկել իր առաքելության եւ ստանձնած պարտականությունների ծիրում։
- Կրթական և մշակութային քաղաքականության հարցում Գարեգին Երկրորդի դիրքորոշումները ունեն հստակ գիտապատմական հիմնավորում։ Նրա պնդումը, որ Հայ Եկեղեցու պատմության բացառումը կրթական ծրագրերից հանգեցնում է ազգային ինքնության դեգրադացիայի, հիմնված է մշակութային հիշողության տեսության և պատմական փորձի վրա։ Եկեղեցու պատմությունը տվյալ պարագայում ներկայացվում է ոչ որպես հավատքի քարոզչություն, այլ որպես հայոց պետականության բացակայության դարերում ազգային ինքնագիտակցությունը պահպանած ինստիտուտի ուսումնասիրություն։ Նրա օրոք զարգացած հոգևոր կրթական հաստատությունները և աստվածաբանական հետազոտությունները նպաստել են հայագիտական գիտելիքի շարունակականությանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրոք բազմաթիվ հոգևորականներ իրենց կրթութությունն են շարունակել բազմաթիվ արտերկրյա համալսարաններում, վերադարձել Հայրենիք, անցել գիտամանկավարժական գործունեության, ինչպես նաև ուսումնասիրություններ և հրատարակություններ պատրաստել Հայ Եկեղեցու վարդապետական մտքի, ուղղափառ մտածողության, ծիսական մատենագրության, հայագիտական ոլորտի շրջանակներում։
- Եկեղեցին պատմության ընթացքում մշտապես հանդես է եկել որպես խաղաղության ջատագով՝ իր ուսմունքով, քարոզչությամբ և գործնական գործունեությամբ։ Հայ Առաքելական Եկեղեցին առանձնահատուկ դեր է ունեցել հասարակության կյանքում՝ իրականացնելով լայնածավալ սոցիալական, կրթական և բարեսիրական գործունեություն։ Դարերի ընթացքում եկեղեցին աջակցել է կարիքավորներին, խնամել որբերին ու հիվանդներին, նպաստել ազգային ինքնության պահպանմանը և հասարակական համերաշխության ամրապնդմանը։ Այս ամենը փաստված է հայ եկեղեցու բազմադարյա կյանքում և պատմական աղբյուրներում, որոնք վկայում են նրա խաղաղասիրական առաքելության և հասարակական պատասխանատվության մասին։ Սրա մասին կան բազմաթիվ աղաղակող փաստեր։
- Սակայն վերջին տարիներին Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ ուղղված տեղեկատվական հոսքերը պահանջում են խիստ գիտաքննադատական վերաբերմունք։ Շրջանառվող մեղադրանքները զուրկ են իրավական, եկեղեցական կամ ակադեմիական հաստատումից և կառուցված են ենթադրությունների, անանուն աղբյուրների և քաղաքականացված մեկնաբանությունների վրա։ Գիտական մեթոդաբանությունը պահանջում է նման պնդումները դիտարկել որպես ապատեղեկատվական դիսկուրսի բաղադրիչներ, որոնք առաջանում են պետական–եկեղեցական հարաբերությունների լարվածության և ինստիտուցիոնալ հակադրությունների պայմաններում։ Այդպիսի տեղեկատվությունը չի կարող ծառայել որպես պատմական կամ բարոյական դատողության հիմք։ Այս ստահոդ լուրերը, ցավոք, տարածում են Հայաստանի իշխանությունները, որոնք իրենց իրականացրած քաղաքականության ամբողջական տապալումը պրոյեկտում են ուրիշների նաև Վեհափառի գործունեության վրա։
- Պատմական համատեքստում Հայ Առաքելական Եկեղեցին հանդես է եկել որպես ազգապահպան ինստիտուտ՝ հաճախ փոխարինելով պետական կառույցներին՝ դրանց բացակայության պայմաններում։ Այս իրողության պայմաններում Կաթողիկոսի անձի դեմ չապացուցված մեղադրանքների համակարգային շրջանառությունը փաստացիորեն թուլացնում է ոչ միայն կոնկրետ հոգևոր առաջնորդի հեղինակությունը, այլև եկեղեցու ինստիտուցիոնալ դիրքը հասարակության մեջ։ Սա արդեն դուրս է անհատական քննադատության դաշտից և հարուցում է խնդիրներ ազգային անվտանգության և մշակութային ինքնության տեսանկյունից։
- Եզրահանգելով՝ կարելի է արձանագրել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր նախորդների արժանի հետնորդն է՝ եկեղեցաշինական, հովվական և կրթամշակութային գործունեության չափանիշներով։ Նրա առաջնորդությունը նպաստել է Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ կայունությանը, հոգևոր կյանքի շարունակականությանը և ազգային արժեքների պահպանմանը։ Նրա դեմ ուղղված ապատեղեկատվությունը, գիտական քննության ենթարկվելիս, չի դիմանում փաստականության, աղբյուրագիտության և մեթոդաբանական վերլուծության պահանջներին, իսկ նրա պատմական գնահատականը կարող է տրվել միայն երկարաժամկետ գիտական դիտարկման շրջանակում, ոչ թե քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությամբ»։