Միասին կարող ենք
կարևոր
898 դիտում, 2 ժամ առաջ - 2026-06-05 23:18
Քաղաքական

«Իվանիշվիլի-2» միֆը. Վրաստան-ՀՀ զուգահեռներ

«Իվանիշվիլի-2» միֆը. Վրաստան-ՀՀ զուգահեռներ

«Իվանիշվիլի-2» միֆը

Հայաստանի և Վրաստանի քաղաքական «կենսագրությունները» զարմանալիորեն նման են, բայց միմյանցից մոտ 15 տարվա հեռավորության վրա։ Հետխորհրդային այդ փոքր երկրներում, որոնք գտնվում են մեծ տերությունների շահերի բախման կենտրոնում, փողոցային շարժման միջոցով իշխանության եկան երիտասարդ և արևմտամետ առաջնորդներ (Սաակաշվիլին՝ 2003թ. «Վարդերի հեղափոխությունից» հետո, Փաշինյանը՝ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո)։ Երկուսն էլ իրենց պաշտոնավարման ընթացքում սրեցին հարաբերությունները հարևան պետության հետ (որի հետ ունեին չլուծված կոնֆլիկտ), արդյունքում մտան պատերազմի մեջ և կրեցին տարածքային կորուստներ՝ (2008թ. օգոստոսին Վրաստանն ամբողջությամբ կորցրեց վերահսկողությունն Աբխազիայի և Հվ․Օսիայի նկատմամբ, 2020-23թթ․ Ադրբեջանը կլանեց Արցախը)։ Սաակաշվիլին իշխանության գալուց 9 տարի անց կորցրեց այն, Փաշինյանը շատ մոտ է վրաց գործընկերոջ ճակատագիրը կրկնելու սցենարին։

Սակայն հենց այստեղ է սկսվում իշխանական և մերձիշխանական շրջանակների մանիպուլյացիան, ովքեր պնդում են, որ ընդդիմությունը ձգտում է կրկնել այսպես կոչված «վրացական սցենարը»՝ «Իվանիշվիլի-2», ըստ որի՝ Ռուսաստանում կարողություն ստեղծած բիզնեսմենը մտնում է քաղաքականություն և վերցնում իշխանությունը «հեղափոխականներից»։ Մակերեսային համեմատության դեպքում այս զուգահեռը գուցե ճշմարտանման թվա, սակայն մի փոքր ավելի խորն ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ վրացական 2012-ի սցենարը հայաստանյան 2026-ի դեպքում մեխանիկորեն կիրառելի չէ։ Տարբերությունները՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների մակարդակում, անհամեմատ ավելին են, քան թվում է առաջին հայացքից․

1․ Արտաքին գործոններ․

1․1. Արևմուտքի դիրքորոշումը․

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2012թ․ հունիսին Բաթումում՝ ընտրություններից 4 ամիս առաջ, հրապարակային ձևով կոչ էր արել Վրաստանի կառավարությանը «ապահովել մրցակցային քարոզարշավը և ազատ ու արդար ընտրությունները՝ ինչպես ընտրությունների օրը, այնպես էլ դրան նախորդող ամիսներին»։ Այս հայտարարությունը Սաակաշվիլիին զրկեց կեղծիքի տեխնիկական հնարավորությունից։ Հայաստանում այսօր պատկերը հակառակն է. Դոնալդ Թրամփը մայիսի 28-ին Truth Social-ում Փաշինյանին հայտնեց իր «լիակատար աջակցությունը»՝ «Make Armenia Great Again» կարգախոսով, նրան անվանելով «մեծ ընկեր և լիդեր», ով «իր երկիրը դարձնում է ուժեղ, հարուստ և շատ ապահով»։ Մայիսի 3-5-ին Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Մակրոնը, Քիր Սթարմերը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և մյուս բարձրաստիճան հյուրերից ոչ մեկը «ազատ և արդար ընտրությունների» մասին որևէ խոսք չհնչեցրեց։ Իսկ մայիսի 26-ին՝ ընտրություններից 12 օր առաջ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում Արարատ Միրզոյանի հետ ստորագրեց երկու ռազմավարական փաստաթուղթ։

1․2. Ռուսաստանի լծակները․

2008թ․ պատերազմից հետո Մոսկվան Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերություններ չուներ, գինու, հանքային ջրի և գյուղատնտեսական ապրանքների արգելքները 2006-ից արդեն գործում էին, ընդհանուր առևտուրն աննշան էր, ռուսական ռազմաբազան երկիրը լքել էր 2008թ․։ 2026թ․ Հայաստանի պատկերը կտրուկ տարբերվում է. Մոսկվան վերջին օրերին տարբեր օղակներով «սպառնացել» է վերանայել գազի գինը, խոսում է ԵԱՏՄ-ից ՀՀ հեռացման հնարավորության մասին, ակտիվ կերպով կիրառում է հայկական ապրանքների՝ ՌԴ արտահանման արգելքի լծակը։ Պետք է նշել, որ թեև 2008-2012-ի Ռուսաստանը գլոբալ առումով ավելի մեծ քաղաքական կշիռ ուներ, քան 2026-ի Ռուսաստանը, սակայն հայկական տնտեսության ու ենթակառուցվածքների մեջ Մոսկվայի ուղիղ ներկայությունը 2026-ին շատ ավելի խորն է, քան Վրաստանում 2012-ին։

1․3. Թուրքիայի դիրքորոշումը․

Չնայած Սաակաշվիլին Անկարայի համար նախընտրելի թեկնածու էր՝ որպես վրաց-ադրբեջանա-թուրքական առանցքի ճարտարապետներից, իսկ Թուրքիա-Վրաստան ռազմավարական գործընկերությունը (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Կարս) արդեն ձևավորված էր, Անկարան չմիջամտեց ընտրությունների ընթացքին և Իվանիշվիլիի հաղթանակից հետո շնորհավորեց նոր կառավարությանը։ Այսօրվա Հայաստանի պարագայում Թուրքիան և Ադրբեջանն ամեն կերպ աջակցում են Փաշինյանի վերարտադրությանը՝ ընդհուպ մինչև տարբեր մակարդակի պաշտոնյաների հայտարարությունների և ոչ բացահայտ պատերազմի սպառնալիքների տեսքով։ Հարևան երկրների չեզոք դիրքը, որից օգտվեց Իվանիշվիլին, հայաստանյան ընդդիմությանը հասանելի չէ։

2․ Ներքին գործոններ․

2․1. Կորսված տարածքների շուրջ կոնսենսուսը․

2008թ․ պատերազմից հետո Վրաստանի ոչ մի լուրջ քաղաքական ուժ չհայտարարեց, որ Աբխազիան և Հարավային Օսիան «Վրաստանինը չեն». ընդհակառակը, գործող իշխանությունն ու ընդդիմությունը, չնայած մյուս բոլոր տարաձայնություններին, պահպանում էին միասնական դիրք այս հարցում։ Ի տարբերություն, մայիսի 8-ին Կոռնիձորում Փաշինյանը հայտարարեց՝ «Արցախը մերը չի եղել», «Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել»։ Իշխանությունը պարտադրված կերպով ձևավորում է նոր ազգային նարատիվ, որով պատասխանատվություն չի կրի Արցախի կորստի համար, քանի որ «մերը չի եղել»։

2․2. Նախընտրական բացահայտումները․

Վրաստանում 2012թ․ սեպտեմբերին՝ ընտրություններից 2 շաբաթ առաջ, հեռարձակվեցին Գլդանիի թիվ 8 բանտի տեսանյութերը՝ բանտարկյալների խոշտանգման, ծեծի և բռնաբարության դրվագներով։ Դրան հաջորդեցին մի շարք այլ բացահայտումներ՝ ընդդիմադիր լրագրողների գաղտնալսումների, գույքի անարդար բռնագրավման փաստերի, ոստիկանական բռնությունների դեպքերի մասին։ Հայաստանում, ի հակադրություն, ընտրությունների նախորդ ամիսներին պետական մարմինների կողմից «բարձր արդյունավետությամբ» բացահայտվում են ենթադրյալ խախտումներ, սակայն գրեթե բացառապես ընդդիմության դեմ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու կասկածներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հարուցված բազմաթիվ քրեական գործերով, Անդրանիկ Թևանյանի դեմ դավաճանության մեղադրանք, «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) և Ալիկ Ալեքսանյանի ձերբակալումներ և այլն։ Իշխանության դեմ բացահայտումներ՝ վարչական ռեսուրսի կիրառման մասով, ներկայացրել է միայն Արման Թաթոյանը, սակայն չի հաջողվել դրանց միջոցով հանրության շրջանում դժգոհության լուրջ ալիք բարձրացնել։

2․3. Ընդդիմության առաջնորդի ֆինանսական կշիռը․

Իվանիշվիլիի կարողությունը 2012-ին գնահատվում էր մոտ 6,4 մլրդ դոլար։ Վրաստանի ՀՆԱ-ն այդ թվականին մոտ 15,8 մլրդ դոլար էր։ Այսինքն, Իվանիշվիլիի կարողությունը կազմում էր Վրաստանի ՀՆԱ-ի մոտ 40%-ը։ Կարապետյանի 2026-ի կարողությունը, ըստ Forbes-ի, 4,1 մլրդ դոլար է, Հայաստանի ՀՆԱ-ն գնահատվում է մոտ 31,2 մլրդ դոլար։ Կարապետյանի կարողությունը Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ն է։ Իվանիշվիլին իր երկրում ֆինանսապես ավելի քան 3 անգամ ավելի ուժեղ էր, քան Կարապետյանը՝ Հայաստանում։

3․ Առաջնորդի անձնական պատասխանատվություն․

3․1. «Կյանքի և մահվան հարցը»․

Դեռ 1990-ականներից Աբխազիան և Հվ․Օսիան չէին ենթարկվում Թբիլիսիի կենտրոնական իշխանություններին և աջակցություն էին ստանում Մոսկվայի կողմից։ Այդ պատճառով 2008թ․ պատերազմը (վրացական կողմից 412 զոհով), ընկալվում էր որպես աշխարհաքաղաքական, ոչ թե անձնական պատասխանատվության դեպք։ Ավելին, պատերազմից հետո Արևմուտքը Վրաստանին տրամադրեց 4,5 մլրդ ԱՄՆ դոլարի աջակցություն՝ երկրի տնտեսության վերականգնման համար։ Իսկ 2010թ․ ընդունված սահմանադրական փոփոխությունների շնորհիվ Սաակաշվիլին մինչև 2013թ․ նոյեմբեր մնաց նախագահի պաշտոնում (փաստացի Վրաստանում մոտ 1 տարի երկիշխանություն էր)՝ ստանալով ժամանակ երկիրը լքելու առանց ձերբակալվելու։ Փաշինյանի դեպքում նման հնարավորություն չկա. ընդդիմության հաղթանակի դեպքում Փաշինյանը պատասխանատվություն է կրելու 44-օրյա պատերազմի ընթացքում 4000-ից ավելի զոհերի, 2023թ․ սեպտեմբերին Արցախից 120․000 փախստականների բռնի տեղահանման, Տավուշում զիջումների, հոգևորականների և ընդդիմադիր գործիչների ձերբակալումների, կոռուպցիոն սկանդալների և բազմաթիվ այլ քայլերի համար։ Այդ իսկ պատճառով նա գնում է va banque. ընտրությունները նրա համար ոչ թե քաղաքական, այլ գոյաբանական խնդիր են։

3․2. Արտաքին ֆինանսական աջակցությունը․

2003-2012թթ․ (հատկապես՝ 2008թ․ պատերազմից հետո) Վրաստանն ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ՆԱՏՕ-ից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացել է միլիարդավոր դոլարների աջակցություն, ինչը թույլ տվեց Սաակաշվիլիին իրականացնել իրական պետական բարեփոխումներ՝ ոստիկանական ռեֆորմ, հարկային ինստիտուտի կառուցում, մաքսային վերանայում, ենթակառուցվածքների մասսայական կառուցում, որի շնորհիվ Վրաստանը դարձավ տարածաշրջանի տրանզիտային հանգույց։ Հայաստանին 2018-2026թթ․ նմանատիպ աջակցություն չցուցաբերվեց, իսկ Փաշինյանի կառավարությունը գործել է հիմնականում պետական պարտքի սիստեմատիկ ավելացման հաշվին, որը վերջին 8 տարում կրկնապատկվել է։ Ինստիտւցիոնալ բարեփոխումներ իրականացնելու փոխարեն տնտեսությունը պահվում է վարկերի և կարճաժամկետ լուծումների վրա։

4․ Ընտրական մաթեմատիկա․

4․1. Ընդդիմադիր ճակատը․

«Վրացական երազանք» կոալիցիան միավորում էր 6 տարբեր կուսակցություն՝ լիբերալներից մինչև պահպանողականներ, Սաակաշվիլիի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայից մինչև 1978-ից գործող Հանրապետական կուսակցություն։ Կոալիցիան ձևավորվեց ոչ թե արժեքների, այլ Սաակաշվիլիի պարտության նպատակի շուրջ։ Ընտրություններում միայն 2 ուժ հաղթահարեցին անցողիկ շեմը։ Հայաստանում պատկերն այլ է. ընտրացուցակում 18 ուժ է, ընդդիմադիրներից 3-4 ուժ ունեն «անցողիկ շանս», իսկ մյուսները կամա թե ակամա զբաղվելու են «ձայների փոշիացմամբ»։

4․2. «Փոշիացված ձայները»․

Վրաստանի 2012-ի ընտրությունների արդյունքում մասնակից ուժերից միայն 2 հաղթահարեցին անցողիկ շեմը, իսկ շեմը չհաղթահարած մյուս բոլոր ուժերի ընդհանուր ձայների մասնաբաժինը 5%-ից քիչ էր։ Հայաստանում տարբեր սոցհարցումներ ցույց են տալիս, որ 18 մասնակից ուժերից շեմը կարող են հաղթահարել 3-4-ը, իսկ մյուս ուժերի համար շանսը գրեթե զրոյական է։ Քանի որ այդ ուժերից ոչ ոք չի հանել իր թեկնածությունը, «փոշիացված» ձայների տոկոսը կարող է լինել 10%, 15% և անգամ ավելի՝ ուղղակիորեն թուլացնելով ընդդիմության ընդհանուր արդյունքը։

Ամփոփելով կարող ենք փաստել, որ թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական, թե՛ մյուս մակարդակներում Հայաստանի ընդդիմությունը շատ ավելի ծանր պայմաններում է, քան վրացականը 2012-ին։ «Իվանիշվիլի-2» սցենարի մեխանիկական կրկնությունը 2026թ. Հայաստանի համատեքստում պարզապես անհնար է։ Այս ընկալումը, սակայն, պետք է ունենա հակառակ ազդեցություն. քանի որ «վրացական սցենարի» գրեթե բոլոր գործոնները աշխատում են Հայաստանի ընդդիմության դեմ, մնում է միայն մեկ գործոն՝ ընտրողների մասսայական մասնակցությունը (Վրաստանում 2012թ․ մասնակցությունը 60․8% էր)։

Հաջորդ 5 տարիներին Հայաստանի ինքնիշխանությունը կախված է մեկ բանից՝ թե քանի մարդ հունիսի 7-ին կայցելի ընտրատեղամաս։

Հ․Գ․ Ապրիլին Թրամփը հրապարակայնորեն աջակցեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Հունգարական ընդդիմությունը հաղթեց 80% մասնակցության շնորհիվ։ Մայիսի 28-ին Թրամփը հրապարակայնորեն աջակցեց Փաշինյանին։ Հայաստանի ընտրողի առջև նույն մաթեմատիկական խնդիրն է՝ նույն լուծումով։

Լուսանկարում` Մ.Սաակաշվիլին և Բ.Իվանիշվիլին` իշխանության փոխանցման օրը:

Լևոն Զարգարյան