կարևոր
1258 դիտում, 4 ժամ առաջ - 2025-11-04 19:33
Հասարակություն

Դժվարին իրավիճակներում Արգենտինան մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին․ Գարեգին Բ

Դժվարին իրավիճակներում Արգենտինան մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին․ Գարեգին Բ

Նոյեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Հանդիպմանը սենատոր Խուան Կառլոս Ռոմերոն Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ պատվիրակությունն այցելել է Հայաստան զորացնելու հայ-արգենտինական կապերը, ինչպես նաև ծանոթանալու հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը, Հայ Եկեղեցու պատմությանն ու գործունեությանը։

Նորին Սրբությունը, իր օրհնությունը բերելով ներկաներին, անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում կարևոր դերակատարությանը՝ հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման և ազգապահպան առաքելությանը։

Խոսելով երկու երկների սերտ հարաբերությունների մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծեց, որ դժվարին իրավիճակներում, հատկապես արցախյան պատերազմի ընթացքում Արգենտինան մշտապես զորակից է եղել հայ ժողովրդին։ Հայոց Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նաև հայ համայնքի նկատմամբ Արգենտինայի իշխանությունների հոգածու վերաբերմունքին, ինչպես և արգենտինահայերի կարևոր ներդրմանը երկրի զարգացման գործում:

Վերջում Նորին Սրբությունը բարի արդյունքներ մաղթեց պատվիրակության առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների բարօրության»,-ասված է հայտարարության մեջ։