կարևոր
634 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-15 22:00
Քաղաքական

Կրակի լափերը մոտեցել են մեր ողնահարին՝ արժեքներին, հավաքական հիշողությանը․․․ դեռ լռողներ կան. Լիլիթ Գալստյան

Կրակի լափերը մոտեցել են մեր ողնահարին՝ արժեքներին, հավաքական հիշողությանը․․․ դեռ լռողներ կան. Լիլիթ Գալստյան

Որպեսզի չայրվենք... Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Պատմականորեն հայտնի երևույթ է՝ դիկտատուրան պահելու գլխավոր գործիքներից մեկն էլ հատկապես՝ ուղեղների և արժեքների տոտալ վերահսկողությունն է, այլախոհության տոտալ մերժումը։ Վերահսկողության և հոգեբանական ճնշման այնպիսի մեթոդների որդեգրումը, երբ անգամ զոհն համոզում է ունենում, թե իր իղձն է այդպիսին։

1933-ին նացիստները Բեռլինի հրապարակում այրեցին հազարավոր գրքեր, որոնք համարվում էին «ոչ գերմանական», քանի որ չէին համապատասխանում ֆյուրերի կողմից «Մայն Կամպֆ»-ում ձևակերված իրական Գերմանիայի գաղափարախոսությանը։

Մ.թ.ա. 213 թ․ Ցին Շի Հուանդիի հրամանով այրվեցին հազարավոր գրքեր, իսկ կոնֆուցիականության հետևորդներին ողջ-ողջ թաղեցին։

1258 թ․ մոնղոլները հողին հավասարեցրին Բաղդադի Իմաստության տունը, 1430-ին կոնֆեսկադորներն այրեցին ացտեկների ձեռագրերը, 1981-ին Շրի Լանկայում հրկիզվեց հանրային գրադարանը։

Ըստ էության, գիրքը նաև արժեհամակարգ է, ինքնություն։ 18-րդ դարում ֆրանսիական արքունիքի հրամանով այրվեցին Վոլտերի նամակները՝ դրանք «պախարակում էին» Ֆրանսիան։

Երկրից և ժամանակից կախված «այրելը» տարբեր դրսևորումներ է ունենում։

Նաբոկովը, Բրոդսկին և ուրիշներ հեռացան՝ չայրվելու համար, Ցվետաևան վերադարձավ ու կախվեց։ Բոլոր ռեժիմների վարքն է այդպիցին՝ այրել, թաղել, արժեզրկել, ոչնչացնել/ նույնն են/ կամ կաղապարել, սարքել կացին, մանկուրտ, սեփական ագիտպրոպագանդայի մաս։

Իշխանություն պահելու գործիքները չեն փոխվել․ սա ռազմավարություն է առանց իզմերի՝ «կրթել սեփական ժողովրդին սեփական կարիքներին համապատասխան»։

Երեկ ՑԱՆԿԱՊԱՏԻՑ այս կողմ հերթական փորձն էր արվում այրել պայմանական մի գիրք, ուղերձ, համոզում, մտածում, կարծիք, տեսակ․․․

Վաղուց մեր ներսում ոչ թե ցանկապատ, այլ՝ ներքին պատեր են, բաժանարարներ, մեզ մեզանից հեռացնող պատեր, մեր ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ այլասերող պատեր։

Կրակի լափերը մոտեցել են մեր ողնահարին՝ արժեքներին, հավաքական հիշողությանը, սրբություններին․․․ Դեռ լռողներ կան․․․

Կայրվենք, թե՝ ոչ, մեր որոշումն է։ Նախ՝ գիտակցենք, որ մեզ այրում են նաև ներսից․․․

Հ․Գ․ Օրեր առաջ մի ողբերգական պատկերի ականատես եղա․ վերջին պատերազմում թշնամու արկից խեղված մի երիտասարդ՝ հրապարակայնորեն, անթաքույց մեծարանքով էր վերաբերվում մի պաշտոնյանի, որի քաղաքական ուժը պատերազմ բերեց՝ խեղելով իր ու իրեն տարեկից հազարների ճակագադիրը։

Չեմ հասկանում․․․»,- գրել է նա: