կարևոր
700 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-12 19:20
Հասարակություն

Իրականացավ երազանքս՝ հայրենի հողիս վրա 8 տարվա քրտնաջան աշխատանքս ներկայացնելու․ Գէորգ Յակոբեան

Իրականացավ երազանքս՝ հայրենի հողիս վրա 8 տարվա քրտնաջան աշխատանքս ներկայացնելու․ Գէորգ Յակոբեան

Սեպտեմբերի 12-ին, ժամը 17։00-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում տեղի ունեցավ ամերիկաբնակ պոլսահայ մտավորական, մեծարժեք ուսումնասիրությունների հեղինակ Գէորգ Յակոբեանի «Հայոց կրթական հաստատութիւններու պատմութիւն՝ Օսմանեան գաւառներու մէջ» երկհատոր աշխատության շնորհանդեսը։

Այս արժեքավոր ուսումնասիրությունը նվիրված էր այժմյան Թուրքիայի պետական սահմաններն ընդգրկող տարածքում նախքան 1915 թ․ գործած հայկական վարժարանների պատմությանը։

Պոլսահայ գրող Մաքրուհի Յակոբեանը հատորներին նվիրված իր գրախոսության մեջ մասնավորապես նշել էր․ «Նկատի առնելով գործին ծաւալը, հեղինակը որոշած էր իր ուսումնասիրութիւնները ամփոփել չորս հատորներու մէջ։ Ներկայ Ա. եւ Բ. հատորներու մէջ տեղադրուած էին եօթը Կուսակալութիւն (Vilayet), մէկ Կառավարչութիւն (Mutasarrıflık), եւ երկու Գաւառապետութիւն (Sancak), որոնք էին՝ 1- Ադրիանապոլսոյ կամ Էտիրնէի Կուսակալութիւն, 2- Նիկոմիդիոյ կամ Իզմիթ գաւառի կառավարչութիւն, 3- Խիւտավէնտիկեար կամ Պուրսայի Կուսակալութիւն, 4- Գասթամոնուի կամ Գասթամպոլի Կուսակալութիւն, 5- Այտընի կամ Զմիւռնիոյ Կուսակալութիւն 6- Էնկիւրիի կամ Անգարայի Կուսակալութիւն իրեն ենթակայ՝ Եոզկատի Գաւառապետութիւն Կեսարիոյ Գաւառապետութիւն 7- Գոնիայի Կուսակալութիւն 8- Ատանայի Կուսակալութիւն։ Այս երկու հատորներու ընդգրկած աշխարհագրութեան մէջ, ըստ Օսմանեան եւ Հայոց Ազգային Պատրիարքարանի տուեալներու, 1915 թուականի դրութեամբ, 316 բնակավայրերու մէջ կ՝ապրէին 512 հազար հայեր։ Այս շրջաններուն մէջ կը գործէին 547 մանկապարտէզ, տարրական, միջնակարգ, բարձրագոյն, ցերեկեայ եւ գիշերօթիկ, անձնական, երկսեռ հայկական վարժարաններ։ Այս ուսումնական հաստատութիւններու մէջ կ՝ուսանէին 48.564 երկսեռ աշակերտներ, կը գործէին 1.237 ուսուցիչ կամ ուսուցչուհիներ։ Իր այս աշխատասիրութեան ընթացքին, հեղինակը օգտագործած էր մօտաւորապէս 600 հայերէն, թրքերէն եւ օտարալեզու գիրքեր, ամսագրեր, թերթեր, տարեգիրքեր, Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքարանի տպագիր տեղեկագիրները, Պատրիարքարանի կրօնական եւ քաղաքական ժողովի ատենագրութիւններու արձանագրութիւնները, Օսմանեան կրթութեան տարեգիրքերը (Salname), Օսմանեան բնակչութեան տուեալները։ Օգտագործած էր Թուրքիոյ Վարչապետարանի Օսմանեան արխիւային փաստաթուղթերը, ի յայտ բերելով բազմաթիւ տեղեկութիւններ, նաեւ արխիւային տուեալներ։ Այս բոլոր աղբիւրները նշուած էին զոյգ գիրքերուն մէջ, որպէս ծանօթագրութիւն։ Գիրքերէն Ա. հատորը բաղկացած էր 512, իսկ Բ. հատորը՝ 546 էջերէ»։

Հիշեցնենք, որ պոլսահայ մտավորականն առանձին հատորով հեղինակել էր նաև «Պատմութիւն Իսթանպուլահայ ուսումնական կեանքի եւ կրթական հաստատութիւններու» ստվարածավալ ուսումնասիրությունը։

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կայացած շնորհանդեսին հեղինակի աշխատությունը արժևորեցին թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վերա Սահակյանը։ Միջոցառմանը մասնակցեց նաև այդ օրերին Հայաստանում գտնվող գրքի հեղինակը՝ Գէորգ Յակոբեանը։