կարևոր
814 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-27 11:28
Հասարակություն

Հանրային համերաշխության կերտման ճանապարհին ատելության խոսքը քաղցկեղի նման է. Տեր Արիստակես վարդապետ Այվազյանց

Հանրային համերաշխության կերտման ճանապարհին ատելության խոսքը քաղցկեղի նման է. Տեր Արիստակես վարդապետ Այվազյանց

Ցավալի իրողություն է, որ վերջին տարիներին մեր հասարակության մեջ, հատկապես սոցիալական ցանցերում, ատելության խոսքը՝ վիրավորանքը, զրպարտությունն ու հայհոյանքը դարձել են հանրային խոսույթի անբաժան մաս, այս մասին հայտարարել է Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը։

«Գուցե դա պայմանավորված է նրանով, որ ազատ խոսքի ընկալումն աղավաղվել է, կամ որ ինքներս պատասխանատվությամբ չենք վերաբերում մեր արտահայտած մտքերին։ Ատելության խոսքը երբեք չի կարող լինել կառուցողական. այն հաճախ ծառայում է պառակտելու, նվաստացնելու, հասարակական ներդաշնակությունն ու համերաշխությունը խաթարելու նպատակին։ Ցավոք, այդպիսի խոսք լսվում է ոչ միայն պարզ քաղաքացիների շրջանից, այլև բարձր հարթակներից, ինչն առավել ծանր հետևանքներ է թողնում հանրային մտածողության վրա։ Հանրային համերաշխության կերտման ճանապարհին ատելության խոսքը քաղցկեղի նման է, որի բուժումը որքան ուշացվի, այնքան ավելի խոր և անդառնալի հետևանքներ կունենա։

Պողոս առաքյալն ասում է․ «Ձեր խոսքը թող միշտ լի լինի Տիրոջ շնորհով, ասես աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպե՛ս պետք է պատասխանեք յուրաքանչյուրին» (Կողոսացիս 4․6)։

Իրապես, խոսքը, որ Աստծուց տրված է միայն մարդուն, զորություն ունի. այն կարող է կյանքը գեղեցկացնել, երիտասարդին քաջալերել, վշտացյալին մխիթարել, ազգը միավորել, բայց խոսքը կարող է նաև բարեկամությունը խաթարել, ընտանիքներ պառակտել, մարդկանց մոլորեցնել ու հավատքը խարխլել։ Քրիստոնյաներս կոչված ենք խաղաղարար լինելու, որ նշանակում է նաև զերծ մնալ ատելություն տարածող խոսքերից, հեռու մնալ մարդկանց դատելու և պիտակավորելու գայթակղությունից։ Քրիստոնյա հասարակության մեջ համերաշխությունը պիտի հաստատվի սիրով և հատկապես պատասխանատու անձանց բարի օրինակով, քանի որ հասարակության հայացքն ուղղված է նաև պատասխանատու խոսք ունեցող անձանց։

Հոգևոր մարդու խոսքն ու միտքը պետք է օծված լինեն Տիրոջ խոսքի քաղցրությամբ, քանզի «Բարի խոսքը մեղրի խորիսխ է, իսկ նրա քաղցրությունը՝ բժշկություն հոգու» (Առակներ 16․24)։ Երբ մեր խոսքը ատելությամբ է լցված, այն ոչ միայն ուրիշին է վիրավորում, այլ նախևառաջ վնասում է մեզ։ Ջանանք, որ Տիրոջ զորակցությամբ մեր խոսքն ամրացած լինի սիրո և ճշմարտության վրա, լինի մխիթարող, ամոքող ու համերաշխություն սերմանող, քանզի միայն այդպես կկարողանանք կերտել խաղաղ և հոգեպես առողջ հասարակություն»,- նշել է Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը։