կարևոր
1324 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-24 10:31
Քաղաքական

Դարբինյանին հիշել են Սամվել Կարապետյանի ձերբակալության օրը. «Հրապարակ»

Դարբինյանին հիշել են Սամվել Կարապետյանի ձերբակալության օրը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ տեղեկացանք, որ ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Այս ձերբակալությունն աբսուրդ է ոչ միայն այն պատճառով, որ Դարբինյանը քաղաքապետի պաշտոնը թողել է գրեթե 10 տարի առաջ` 2016 թվականին, այլ նրանով, որ 8 տարի իշխանություն լինելուց հետո է Նիկոլ Փաշինյանը որոշել հիշել Դարբինյանին: Ոմանց կթվա, թե միակ պատճառը 2026-ի ընտրություններն են` չէ որ փիառ կամպանիան ամիսներ առաջ է մեկնարկել և նախկիններին պատժելու հողի վրա Փաշինյանը դեռ հույս ունի մի քիչ իր ռեյտինգը բարձրացնել: Բայց այստեղ պարզվում է` ավելի կարևոր պատճառ կա: Սամվել Դարբինյանը, որպես լոռեցի, բավականին մտերիմ է «Տաշիր ընկերության» սեփականատեր Կարապետյանների հետ և Սամվել Կարապետյանի ձերբակալության օրը շտապել է Երևան, ողջ օրը Կարապետյանների տանն է եղել, ապա կալանքի քննության ժամանակ` դատարանի մոտ: Եվ քանի որ Հայաստանում այլևս չեն գործում օրենքները, դրանց փոխարինում է Նիկոլ Փաշինյանի կամքը, ուստի բոլոր նրանք, ում մատնացույց անի նա, կարող են հայտնվել բանտում, ինչը և տեղի ունեցավ Դարբինյանի հետ: Մեր տեղեկություններով, նրա ձերբակալության հիմքում հնուց քննվող մի գործ է` կապված Վանաձորի մաքրման կայանի սեփականաշնորհման հետ, որտեղ նախկին քաղաքապետը ենթադրաբար չարաշահումներ է թույլ տվել, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել նախկին օրենսգրքի 179  և 190 հոդվածներով`փողերի լվացում, յուրացում: