կարևոր
3844 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-06 20:55
Քաղաքական

Կալանքը որպես անհնազանդներին պատժելու տանջելու միջոց՝ 2018-ից դարձավ խաղի կանոն․ հաշվեհարդար լինելու միջոցները․ Էլինար Վարդանյան

Կալանքը որպես անհնազանդներին պատժելու տանջելու միջոց՝ 2018-ից դարձավ խաղի կանոն․ հաշվեհարդար լինելու միջոցները․ Էլինար Վարդանյան

Կալանքը որպես անհնազանդներին պատժելու եւ տանջելու միջոց՝ 2018-ից դարձավ խաղի կանոն։

Այս իշխանությունները որպես պատժիչ գործիք հմտորեն կիրառում են երկու մեխանիզմ՝ կալանքը եւ ՀՀ-ից բացակայելու արգելքը /ՍԷԿՏ-ը փակելը/ ։ Ընդ-որում ոչ մի հիմնավորում, ոչ մի տրամաբանություն սրա համար պետք չէ. միայն ցանկություն եւ իջեցված հրահանգ։

Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, հաշվեհարդար լինելու միջոց, այլեւ՝ ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքում էր, սպանության մեքենա։ Այս միջոցը Հայաստանում հասել է կատարելության։

Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի համար կարեւոր չէ, թե ինչ արարքի համար են կալանավորում, որոնք են անազատության մեջ պահելու հիմքերը։ Կարեւորը քաղաքական պատվեր կատարելն է։

Երեկ այդ մեխանիզմով դատարանը կրկին կալանավորեց զավակին 44-օրյա պատերազմում կորցրած Գայանե Հակոբյանին։ Դատավորը, ըստ էության, Աշոտ Փաշինյանի խոսքը` որ իր «մոտեցմամբ, տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ դեպքի համար», համարեց ուղիղ իրեն իջեցված հրահանգ եւ կալանքի որոշում կայացրեց:

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորումն էլ իր հերթին քաղաքական պատվերից զատ, նաեւ թշնամու ջրաղացին ջուր լցնել է հիշեցնում։ Խաչատուրովին պատժում են, եւ դրանով նաեւ իրենց հավատարմությունն են հաստատում թշնամի երկրին։

Քաղաքական պատվերի շրջանակներում ապօրինի կալանքների օրինակները կարելի է անվերջ շարունակել։ Շուրջ 5 տարի մեր աչքի առջեւ ընթացող պրոցեսներից կարելի է եզրահանգել, որ այս միջոցը կիրառվում է հատկապես այն գործերով, որոնք «ջուր» են եւ դատական քննության պրոցեսում քանդվելու են։ Այդ գործերով իրատեսական չէ ազատազրկումը։ Իսկ մինչ այդ մարդկանց պետք է պատժել։

Առանձին պատժի մեթոդ է՝ ՍԷԿՏ-ը փակելը։ Քաղաքական բազմաթիվ գործիչներ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորներ զրկված են միջազգային պատվիրակությունների կազմում Հայաստանից բացակայելու եւ ՀՀ շահերը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունից։ Իսկ առանձին դեպքերում բացակայելու թույլտվություն ստանալու համար հսկայական ջանքեր են պահանջվում։

Քաղաքական գործիչներից շատերն ունեն տարիներով ձեւավորված փորձ եւ կապեր միջազգային կառույցներում, խորհրդարաններում, քաղաքական խմբերում։ Բայց որպես պատիժ զրկված են երկրից բացակայելու հնարավորությունից։ Արմեն Աշոտյանի դեպքը դրա վառ օրինակն է։ Մարդուն ամիսներ շարունակ չեն թողնում անել իր աշխատանքը։ Բայց պատժելով ընդդիմախոսներին, ըստ էության, պատժում են նաեւ մեզ, մեր երկիրը. մենք զրկվում ենք կապերը, գիտելիքը, փորձը հօգուտ Հայաստանի օգտագործելու հնարավորությունից։

Ներքին պետական ինստիտուտները չեն կատարում իրենց՝ օրենքով սահմանված գործառույթները եւ ամբողջությամբ մտել են քաղաքական պատվերի տակ։ Այս պահին չկա նաեւ միջազգային պատշաճ արձագանք եւ ճնշում։

Այս պայմաններում շատ կարեւոր է պայքարը, չհանդուրժելը։ Բայց այստեղ նույնպես պարբերաբար անհասկանալի խոչընդոտներ են առաջանում։ Օրինակ. մեծ թափ էր ստանում Գ. Խաչատուրովի պաշտպանությունը։ Հնչեցին շատ հետաքրքիր գաղափարներ, որով կարելի էր լուրջ պրոցես սկսել։ Շարունակություն՝ չկա։ Նույնը Գայանե Հակոբյանի դեպքում. այս հարցը կոնսոլիդացրել էր բոլորին՝ անկախ քաղաքական եւ այլ տարբերություններից։ Ու պայքարը մարդկայնորեն միավորել էր շատերին. եւ ի՞նչ՝ դարձյալ անհասկանալի վիճակ։

Ինչո՞ւ եմ սա ասում. Դեռ մի որոշ ժամանակ միջազգային համակարգերը աչք են փակելու ամեն ինչի վրա, իշխանությունները դրական փոփոխություն սպասելը անիմաստ է։ Մնում է պայքարը, գրագետ ու ազնիվ պայքարը։

Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր,

 «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր