21 09 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 413.47 |
GBP | ⚊ | 477.57 |
GEL | ⚊ | 144.57 |
RUB | ⚊ | 4 |
USD | ⚊ | 386.35 |
Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը իրավաչափ չէ։ Կալանավորումը խափանման միջոցներից ամենախիստն է և պետք է կիրառվի բացառիկ դեպքերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
«Այլընտրանքային խափանման միջոցներով հնարավոր է կիրառել գրավը, ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ վերջերս փոփոխված օրենսդրությունը հնարավորություն է տալիս կիրառելու նաև տնային կալանքը։
Ես կարծում եմ, այս դեպքում ստորագրությունը չհեռանալու մասին լիովին բավարար կլիներ գործի քննությունն անխոչըդոտ իրականացնելու համար, թեև դատարանը սկզբից կարծես թե որոշել է տնային կալանք կիրառել, հետո, չգիտես ինչու, փոշմանել է։
Ավելին, ես կարծում եմ, որ տիկին Գայանեն՝ հոգեհուզական վիճակով պայմանավորված, պետք է գտնվի հարազատների կողքին, ստանա աջակցություն և շրջապատված լինի հոգատարությամբ։ Նորից վերահաստատում եմ դիրքորոշումս, որը հնչեցրել եմ ի սկզբանե․ կալանավորումը կվատթարացնի զոհված զինծառայողի մոր հոգեվիճակը։
Ինչ վերաբերում է մեր դատական համակարգին, ապա կալանավորումը մնում է մեր երկրի ամենալուրջ խնդիրներից մեկը՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ, անօտարելի և բարձրագույն արժեքներ են: Ըստ հետազոտությունների, վարույթն իրականացնող մարմնի կողմից Հայաստանում դատարան ներկայացված կալանքի միջնորդությունների գրեթե 90 %-ը բավարարվում է։ Այս մասին իր դիրքորոշումն է հայտնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ընդգծելով, որ ՀՀ դատարանների կալանքին վերաբերող որոշումներն ունեն ստանդարտացված և կարծրատիպային բնույթ, և չեն ներկայացնում վերաբերելի և բավարար հիմնավորումներ։
Այս պարագայում մենք տեսնում ենք, որ դեռևս վնասակար ավանդույթները շարունակվում են, ու թեև օրենսդրական դաշտը համալրվում է նոր հնարավորություններով, սակայն իրավակիրառ պրակտիկայում մենք փոփոխություն չենք արձանագրում»,- գրել է նա։